Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը 2013թ. մարտի 20-ին հրապարակել են «հարևանության ամենամյա փաթեթը», որը ներառում է համատեղ ուղերձ` «Գործընկերությունն ամրացնելու ուղղությամբ աշխատանքը»), Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրագործման 2012 թվականի առաջընթացի գնահատմամբ, «Գործընկերություն հանուն ժողովրդավարության և համատեղ բարգավաճման» զեկույցը հարավային միջերկրական երկրների հետ, Արևելյան գործընկերության 2012 թվականի զեկույցը, 12 երկների զեկույցները (2012 թվականի զարգացումներն ու առաջարկվող գործողությունները), ներառյալ Հայաստանի զեկույցը և վիճակագրական առդիր: Հայաստանի Հանրապետության կառավարության հետ քաղաքական երկխոսությունը 2012 թվականին խորացել է: ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի («ԱՀ»), ներառյալ` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու («ԽՀԱԱԳ») բանակցությունները լավ տեմպով առաջ ընթացան: Հայաստանը շարունակել է մակրոտնտեսական հիմնավոր քաղաքականություն և կառուցվածքային բարեփոխումներ իրագործել: Հայաստանը լրացուցիչ առաջընթաց է արձանագրել մակրոտնտեսական քաղաքականության, աղքատության կրճատման և սոցիալական համերաշխության ոլորտներում Գործողությունների ծրագրի նպատակներին հասնելու ուղղությամբ: Չնայած որ 2012թ. մայիսի խորհրդարանական և 2013թ. փետրվարի նախագահական ընտրությունները, ընդհանուր առմամբ թափանցիկ էին, Հայաստանը լուրջ ջանք գործադրեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրների լուծման ուղղությամբ. դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ աշխատանքներ, մասնավորապես՝ օրենսդրություն ընդունելու և ի կատար ածելու առումներով: Հայաստանն անդրադարձավ ԵՀՔ-ի առաջընթացի նախորդ տարվա զեկույցում տեղ գտած կարևորագույն առաջարկություններից մի քանիսին: Հայաստանը կազմեց ընտրական գործընթացի բարելավման «ճանապարհային քարտեզ», ընդունեց Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունը և որոշ միջոցառումներ ձեռնարկեց կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի և պետական կառավարման համակարգի բարեփոխման, ինչպես նաև՝ ոլորտային բարեփոխումների և ԵՄ-ի օրենսդրության նկատմամբ կարգավորող դաշտի մոտարկման ուղղություններով: Առաջընթաց է անհրաժեշտ նաև կարևոր այլ առաջարկությունների գծով: Այս տարվա զեկույցի հիման վրա, հաշվի առնելով նաև 2013թ. ընթացքում ԵՀՔ-ի գործողությունների ծրագրի իրագործումը շարունակելու անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետությանը կոչ է արվում. - Լրացուցիչ քայլեր ձեռնարկել 2012 թվականի մայիսի խորհրդարանական և 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մատնանշած թերությունների ուղղությամբ՝ ի կատար ածելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, այդ թվում՝ նախագահական ընտրությունից հետո օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունը:
- Լիովին հետաքննել 2008թ. մարտի նախագահական ընտրություններից հետո բախումների ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքները, ոստիկանությունում ազատազրկման ընթացքում դաժան վերաբերմունքի և արդար դատավարության խախտումների վերաբերյալ բողոքները:
- Նոր թափ հաղորդել Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ Ադրբեջանի հետ միասին գործադրվող ջանքերին՝ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստանձնած հանձնառություններին համահունչ:
- ԵՄ-ի ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջաններն անարգել այցելելու հնարավորություն ապահովել՝ հակամարտության վերափոխման աշխատանքներին սատարելու նպատակով, Մինսկի խմբի գործունեությունը լիովին փոխլրացնելու կարգով:
- Նպաստել հակամարտության կարգավորման առաջընթացի համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, խրախուսել և օժանդակել խաղաղության հաստատման հարակից աշխատանքների իրականացմանը:
- Ապահովել Մարդու իրավունքների ազգային ռազմավարության իրագործումը, ձևակերպել, ընդունել և ի կատար ածել հարակից Միջոցառումների ծրագիրը:
- Հեռարձակման մասին օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել՝ ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի առաջարկություններին համահունչ, և ապահովել բազմակարծությունը հեռարձակվող լրատվամիջոցներում:
- Վերջնական տեսքի բերել «Խղճի ազատության և կրոնի մասին» օրենքի նախագիծը՝ միջազգային չափանիշներին համահունչ, ինչպես նաև՝ այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությունը՝ Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի առաջարկություններին համահունչ:
- Խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն ընդունել, այդ թվում՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որոնց արդյունքում օրենսդրությունը կներդաշնակեցվի գենդերային հավասարության և խտրականության բացառման ոլորտներում ԵՄ-ի օրենսդրական կարգավորումներին:
- Խորացնել կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերը, այդ թվում՝ կյանքի կոչել 2012 թվականին ընդունված օրենքները և զարգացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի պետական հանձնաժողովի կարողությունները, անկախությունը և թափանցիկությունը:
- Խորացնել պետական կառավարման բարեփոխումների իրագործումը, այդ թվում՝ միջոցառումներ իրականացնել իրավապահ և դատական ոլորտների բարեփոխման ուղղությամբ (մասնավորապես՝ դատական համակարգի անկախությունը և դրա նկատմամբ հանրության վստահության մակարդակը բարձրացնելու, դատավորների վերապատրաստումը կատարելագործելու և քրեական դատավարության օրենսգիրքը վերանայելու ուղղություններով):
- Շարունակել պետական կառավարման բարեփոխումները, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության համակարգում կարիերայի և վարձատրության՝ արժանիքների հիման վրա առաջխաղացման համակարգի ամրապնդմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմամբ և հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումների շարունակմամբ:
- Շարունակել ոլորտային բարեփոխումների գործընթացը, առևտրի ոլորտում և առևտրին առնչվող ոլորտներում ԵՄ-ի օրենսդրական կարգավորումներին Հայաստանի իրավական դաշտը մոտարկելու գործընթացները՝ ԽՀԱԱԳ-ի ընթացող բարեփոխումներին զուգահեռ, մասնավորապես՝ սանիտարիայի և բուսասանիտարիայի միջոցառումների, առևտրի տեխնիկական խոչընդոտների, մտավոր սեփականության իրավունքների և մաքսային ոլորտներում:
- Խթանել մրցակցային տնտեսական միջավայր ապահովելու ջանքերը, այդ թվում՝ բարելավելով պայմանագրերի կիրարկումը, հեշտացնելով հարկերի վճարումը և անդրսահմանային առևտուրը:
- Աշխատել Մեծամորի ատոմակայանը հնարավորինս վաղ փակելու ուղղությամբ և ընդունել կայանի շահագործման դադարեցման մանրակրկիտ ծրագիր՝ հաշվի առնելով 2012 թվականի սթրես-տեստերի զեկույցի արդյունքները:
2012 թվականի ընթացքում ԵՄ-Հայաստան համագորակցության տարբեր ոլորտներում նախաձեռնված, հաջողությամբ իրականացված կամ հետաձգված բարեփոխումները ներառված են երկրի տարեկան զեկույցում: Որոշ հարցեր, սակայան, արժանի են հատուկ ուշադրության: Հայաստանյան իշխանությունները բավական թափանցիկ և մրցակցային խորհրդարանական ընտրություններ անցկացրեցին 2012 թվականի մայիսին և նախագահական ընտրություններ` 2013 թվականի փետրվարին: Ընդհանուր առմամբ հարգվել են արտահայտվելու ազատությունը և հավաքների ազատությունը, սակայն լրատվամիջոցների անկախության մակարդակը դեռևս բավարար չէ: Սահմանափակ քայլեր են իրագործվել բարձրաստիճան կոռուպցիայի դեմ պայքարում: Կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ներկայիս շրջանակն անբավարար է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների տեմպը դանդաղել է: Ավարտվել են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու («ԽՀԱԱԳ») բանակցությունների երեք փուլերը: Վիզաների դյուրացման համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերին: Հայաստանը հաստատել է որոշում, որով 2013 թվականի հունվարից վերացվել է մուտքի վիզայի պահանջը ԵՄ-ի քաղաքացիների համար: Ավելացել է ԵՄ-ն կրթական ծրագրերին մասնակցող հայ ուսանողների և հետազոտողների թիվը:
|