Կուսումնասիրվեն մինչեւ 600 մեգավատ հզորությամբ միջուկային էներգաբլոկ ունենալու հնարավորությունները
Էներգետիկ անվտանգությունը մնում է մեր պետության առաջնահերթություններից։ Այս ոլորտում աշխատանքներ են տարվում բազմաթիվ ուղղություններով՝ ավանդականից մինչեւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման նպատակով։ Այս գործընթացում առաջատարի դիրքերը դեռեւս պահպանում է միջուկային էներգետիկան։
Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014—2015 թվականներին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության եւ ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր։ Ներկայիս գործող ռազմավարությամբ նախատեսվում է ավարտել շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն ու ապագայում ունենալ նոր միջուկային էներգաբլոկ՝ մինչեւ 600 մեգավատ հզորությամբ, ինչի համար անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ։
Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին երեկ քննարկում են ծավալել ոլորտի մասնագետներն ու փորձագետները։ Պանելային քննարկումն անցկացվել է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում՝ «Ռոսատոմ Արեւելյան Եվրոպա» եւ «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ օժանդակությամբ։
Նշվել է, որ արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի եւ կոնստրուկցիաների շահագործման ժամկետները։ Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, տեղադրվել են ավելի քան 1000 տոննա սարքավորումներ։ 2019 թվականին նախատեսվում են երկրորդ տուրբոգեներատորի տեղադրման աշխատանքները։ Նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի հզոր ԱԷԿ։
Քննարկման մասնակիցները կարեւորել են ԱԷԿ—ին փոխարինող հզորությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա աշխատած միջուկային վառելիքի ծավալների նվազեցման հնարավորությունները, ատոմային էներգետիկայի գլխավոր մարտահրավերները։
|