Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սոցիալ—դեմոկրատական կուսակցության նախագահության անդամ, Բունդեսթագի բյուջետային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին, բարձր գնահատել նրա գործունեությունը հայ—գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում եւ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության ընդունման ու դատապարտման ուղղությամբ նրա հետեւողական ջանքերի համար։ «Հարգելի՛ պարոն Նիթան, Հայաստանում քաջածանոթ են Ձեր գործունեությանը, հատկապես, ինչ վերաբերում է պատմական արդարության վերականգնման եւ իրերն իրենց անունով կոչելու Ձեր ջանքերին։ Ձեր պարագայում դա առավել քան գնահատելի է, որովհետեւ Դուք, լինելով Գերմանիա—Թուրքիա հարաբերությունների զարգացման կողմնակից, այդուհանդերձ, շատ հստակորեն Ձեր ձայնը բարձրացրիք եւ պայքարեցիք, որպեսզի Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը՝ այդպիսով Ձեր ներդրումն ունենալով ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում»,–ասել է հանրապետության նախագահը։
Հանդիպման ժամանակ նախագահը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Դիթմար Նիթանին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով։
Դիթմար Նիթանը հանրապետության նախագահից շնորհակալությամբ ընդունելով բարձր պարգեւը՝ մեջբերել է հայտնի ցեղասպանագետ Էլի Վիզելի խոսքերը՝ «Ով մոռանում է զոհերին՝ սպանում է նրանց երկրորդ անգամ» եւ ընդգծել, որ, իր համոզմամբ, բոլորը պետք է ջանան ներդրում ունենալ աշխարհում խաղաղության, փոխըմբռնման, հաշտության հաստատման եւ արդարության վերականգնման գործում։ Նա վստահեցրել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի իր ջանքերը կես ճանապարհին չմնան, եւ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը երբեք չմոռացվի։
Հանրապետության նախագահը հաջողություն է մաղթել Դիթմար Նիթանին եւ հույս հայտնել, որ նա իր ակտիվ գործունեությամբ կշարունակի այսուհետ եւս ամրապնդել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները։
***
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Գերմանիայի խոշորագույն մշակութային հաստատության՝ Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս—Դիթեր Լեհմանին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ հույս հայտնել, որ պարոն Լեհմանի այցը Հայաստան նոր սկիզբ կդառնա հայ—գերմանական կրթամշակութային համագործակցության զարգացման եւ այդպիսով նաեւ երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման համար։ Նշելով, որ այս տարի Հայաստանը եւ Գերմանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անցած այդ տարիների ընթացքում հայ—գերմանական հարաբերությունները միայն վերընթաց զարգացում են ունեցել՝ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձեւավորվել են կայուն միջխորհրդարանական հարաբերություններ, հաջողությամբ զարգանում են առեւտրատնտեսական կապերը, համագործակցությունը կրթության, մշակույթի ոլորտներում եւ ապակենտրոնացված մակարդակում։ Այդ ամենը, հանրապետության նախագահի համոզմամբ, լավ հիմք է խթանելու Հայաստանում գերմաներենի առավել խորացված ուսուցումը, ինչն էլ իր հերթին կնպաստի փոխշահավետ բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանը։
Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են 2009 թվականից Հայաստանում գործող Գերմաներենի ուսուցման կենտրոնին զուգահեռ գերմաներենի տարածմանը նպաստող այլ հնարավորությունների, այդ թվում՝ Գյոթեի ինստիտուտի կենտրոնի հիմնման հարցը։ Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել նման լուծման հանգելու դեպքում պետության կողմից աջակցություն ցուցաբերելու այդ նախաձեռնության իրականացմանը։
Կլաուս—Դիթեր Լեհմանը վստահեցրել է, որ Գյոթեի ինստիտուտը լավագույն ջանքը կներդնի Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու համար։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|