Նախագահի նստավայրում տեղի ունեցավ կառավարության անդամների երդման արարողությունը.
Երեկ նախագահական նստավայրում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը։
Առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։
Այնուհետեւ հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները։
Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին եւ կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի եւ ժողովրդի։ Նշենք, որ կառավարության երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական եւ պետական կառավարման մշակույթում։
Արարողությունից հետո լրագրողների հարցերին պատասխանել է վարչապետը։
|