«Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» միջազգային երկօրյա գիտաժողովը Երեւանում Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100—ամյակի նախաշեմին» գիտաժողովին, որում ասված է. «Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հրատապ խնդիր է մեր հետագա անելիքներին, մասնավորապես՝ աշխարհի տարբեր անկյուններում անցկացվելիք միջոցառումների օրակարգի մշակմանը, նաեւ եղած բացթողումներին անդրադառնալը, որոնց վերացումը մեզ հնարավորություն կտա, առավել համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելով՝ հավուր պատշաճի կազմակերպել Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները եւ դրանց միջազգային հնչեղություն տալ։ Հաջորդ տարի համայն մարդկությունը ոգեկոչելու է Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակը եւ անդրադառնալու է մարդկությանը պատուհասած լայնամասշտաբ պատերազմի հետեւանքներին ու դասերին։ Ցավոք, այդ պատերազմի քողի տակ իրականացված զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունները, որպես այդպիսիք, մնացին անպատիժ, եւ հենց այստեղ պետք է փնտրենք նոր ու ծավալներով առավել ահարկու Երկրորդ աշխարհամարտի եւ Հոլոքոստի սարսափների ակունքներն ու ծագումնաբանությունը։ Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը, ի հեճուկս աշխարհի երեսից իրեն ջնջել ցանկացող ոճրագործների ու նրանց գործը շարունակողների, կարողացավ ոտքի կանգնել, կերտել իր պետականությունը, ստեղծել ամուր ու հուսալի ազգային կառույցներ սփյուռքում։ Մեծ եղեռնի հարյուրամյակը սոսկ տարելից չէ. միջոցառումների ու ոգեկոչման արարողությունների անցկացումը մեզ հնարավորություն կտա ամբողջ աշխարհին ի ցույց դնել մեր միասնականությունն ու հաստատակամությունը՝ ցեղասպանության հետեւանքների վերացման հարցում ոչ միայն չընկրկելու, այլեւ հաջորդ սերունդներին պայքարի ու մաքառման նոր եղանակներ փոխանցելու առումներով։ Հարգելի՛ բարեկամներ, Հայոց ցեղասպանության պատմությունը եւ դրա դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդի պատմությանն ու հիշողությանը։ Այն հավասարապես վերաբերում է նաեւ թուրքական պետության եւ թուրք ժողովրդի պատմությանն ու հիշողությանը, եւ այս տեսանկյունից մեզ համար ոգեւորիչ է, որ տասնամյակներ շարունակ անփոփոխ մնացած լռությունն ու ժխտողական կեցվածքն այլեւս տեղի են տալիս, եւ թուրք հասարակության առավել գիտակից հատվածն իր մեջ ուժ է գտել վերանայելու անցյալում տեղի ունեցած ողբերգության հանդեպ պարտադրված մոտեցումներն ու կեցվածքը, ավելին՝ նույնիսկ քննադատաբար մոտենալու պաշտոնական դիրքորոշմանը եւ ըմբոստանալու ժխտողականության նոր երեւույթների դեմ։ Մենք համոզված ենք, որ հայերի եւ թուրքերի ապագա սերունդներն անպայման գտնելու են համակեցության նոր բանաձեւը, եւ դրան հասնելու համար, անշուշտ, օգտակար է լինելու անցյալում գործած ոճրագործությունների հետեւանքների վերացման հարցում փոխգործակցությունը՝ որպես արդարության վերականգնման կարեւոր երաշխիք։ Այս գիտաժողովի արդյունքում ի մի բերված առաջարկություններն ու նկատառումներն անպայմանորեն հաշվի են առնվելու Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքների ընթացքում, ուստի մեր հորդորն է՝ հնարավորինս բաց եւ անկաշկանդ քննարկումներ իրականացնել հետագա անելիքների ճշգրտման ու ռազմավարության որդեգրման առումներով։ Գիտաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»։ Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը պայքարի ավարտը չէ. ամեն ինչ սկսվելու է հենց այդտեղից։ Նման հայտարարություն արեց Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, ով, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ այս գիտաժողովի շնորհիվ մեկ հստակ խնդիր պետք է լուծվի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել՝ միջազգային հանրությանը հայ ժողովրդի պայքարի ոգին ցույց տալու համար։ «Ամբողջ աշխարհը այդ միջոցառումների շնորհիվ պետք է հասկանա, որ հարյուրամյակը պայքարի ավարտը չէ։ Թող ոչ ոք հույս չունենա, որ 2015թ. հայ ժողովրդի պայքարը կավարտվի։ Հարյուրամյակին նվիրված միջոցառումներով մենք պետք է ցույց տանք, որ պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ ես վստահ եմ, որ մենք կանենք դա»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Դեմոյանը։ Գիտաժողովը կարեւոր հանգրվան կհանդիսանա Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ շահեկան գիտական քննարկումների ու անհրաժեշտ հետեւությունների համար։ Կձեւակերպվեն հստակ եզրակացություններ ու առաջարկներ Հայոց ցեղասպանության տակավին չուսումնասիրված կամ նվազ ուսումնասիրված ոլորտների ուղղությամբ գիտական աշխատանքների իրականացման ու դրանց աջակցություն ցուցաբերելու համար։ Դեմոյանի խոսքով՝ այս գիտաժողովը հնարավորություն կընձեռնի նաեւ հանգամանալի քննարկել թուրքական ժխտողականության դեմ առավել արդյունավետ հակազդեցության մեխանիզմների ու եղանակների մշակումը։ «Վերջապես, այս գիտաժողովը կոչված է մասնագիտական հեղինակավոր կարծիքների հիման վրա մշակել ու ծրագրել հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում եւ արտասահմանում անցկացվելիք տարաբնույթ միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը»,– ասաց նա։ Գիտաժողովի առաջին օրը զեկույցներ ընթերցվեցին «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության արդի վիճակն ու հեռանկարները», «Հայոց ցեղասպանության աղբյուրագիտությունը եւ ցեղասպանության հանրահռչակումը» միջազգային լսարանում թեմաներով։ Զեկույցներից հետո թեմաների շուրջ տեղի ունեցան հարց ու պատասխան եւ քննարկումներ։ Հայաստանը պետք է հնարավորինս լավ պատրաստվի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, քանի որ Թուրքիայի կառավարությունն այս պահին ակտիվորեն պատրաստվում է հայկական գործունեությանը հակազդելու համար, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) հայագիտության ամբիոնի ղեկավար Ռիչարդ Հովհաննիսյանը։ «Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին պատրաստվելու համար պետական հանձնաժողով է ստեղծվել, որը աշխատանքներ է տանում հայկական քարոզչությանը հակազդելու համար, ինչը նշանակում է, որ մենք պետք է ամեն ինչ շատ արագ եւ լավ կազմակերպենք, մշակութային բազմազան միջոցառումների շնորհիվ միջազգային հանրությանը լսելի դարձնենք մեր ձայնը»,–ասաց նա։ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ տեսանկյունից շատ կարեւոր է նման գիտաժողովների կազմակերպումը, որոնք քայլերը համակարգելու եւ հստակեցնելու հնարավորություն կտան։ Ռիչարդ Հովհաննիսյանը մատնանշեց այն, որ Թուրքիայում շատ գիտնականներ չեն ընդունում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված իրենց կառավարության դիրքորոշումը եւ անընդհատ ուսումնասիրություններ են կատարում ցեղասպանության հետ կապված նոր մանրամասներ բացահայտելու ուղղությամբ։ Թուրքիայի կառավարությունը հայկական կողմին հակազդելու հետ մեկտեղ երբեմն հայերին սիրաշահելու փորձեր է անում՝ հանդես գալով անցյալը մոռանալու եւ համերաշխության կոչերով։ «Ոչ մի հայ երբեք չպետք է տուրք տա այդպիսի կոչերին եւ սիրաշահումներին»,–ասաց նա՝ շեշտելով, որ քանի դեռ Թուրքիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Հայաստանը պետք է սառը պահի հարաբերություններն այդ երկրի հետ։ Ամերիկյան համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավարի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար շատ կարեւոր է հարցի շուրջ աշխարհասփյուռ հայության միասնական դիրքորոշումը։ «Այս հարցում մենք պետք է միասնական լինենք, պետք է հստակ սահմանենք մեր դիրքորոշումներն ու գերակա խնդիրները, մոտակա եւ հեռակա նպատակները»,–ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առաջին հերթին հայկական կողմը պետք է հասնի նրան, որպեսզի Թուրքիան այլեւս չխեղաթյուրի ցեղասպանության փաստերը եւ ընդունի իր պատմությունը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը կարող է լուծվել նաեւ միջազգային դատական ատյաններում։ Նման համոզմունք հայտնեց գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը։ «Թեեւ ցեղասպանության իսկական իրականացնողները կենսաբանորեն արդեն չկան, բայց այդ հարցը վերաբերվում է նրանց իրավահաջորդներին եւ թուրքական պետությանը, եւ միջազգային դատական ատյաններ դիմելու դեպքում հնարավոր է, որ ընդունվի փաստացի հետադարձ ուժ ունեցող վճիռ»,–ասաց Հոֆմանը։ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախված է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ՝ դատական գործընթացների հետ։ Գերմանացի ցեղասպանագետի դիտարկմամբ՝ կարեւոր է նաեւ, թե որքանով է Թուրքիան իրեն համարում Օսմանյան կայսրության իրավահաջորդը։ «Երբ արծածվում է ցեղասպանության հարցը, թուրքական իշխանությունները շեշտում են, թե Թուրքիայի Հանրապետությունը որեւէ կապ չունի Օսմանյան կայսրության հետ, սակայն իր քաղաքականությամբ, մանավանդ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ Էրդողանի կառավարությունը վարում են բացահայտ նեոօսմանական քաղաքականություն եւ փաստացի համարում են իրենց այդ կայսրության իրավահաջորդներ»,–ասաց Թեսա Հոֆմանը։ Առաջին օրվա ընթացքում հրավիրված փորձագետները քննարկել են ցեղասպանության ճանաչման առումով առկա դժվարությունները, թերությունները եւ խնդիրները, ինչպես նաեւ անդրադաձել են հետագա անելիքներին, ասաց Հայկ Դեմոյանը՝ ամփոփելով գիտաժողովի առաջին օրը։ «Դրական է այն հանգամանքը, որ գիտաժողովն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում։ Հրավիրված փորձագետները, բացի ցեղասպանության մասին գիտական զեկուցումներից, անդրադարձան նաեւ ճանաչման ուղղությամբ իրականացվող քայլերում առկա թերություններին եւ հետագա անելիքներին, ինչի համար էլ մենք նրանց հրավիրել էինք»,– ասաց նա՝ տեղեկացնելով, որ քննարկման արդյունքները կամփոփվեն եւ կներկայացվեն Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ մայիսի 30—ին կայանալիք երրորդ նիստի քննարկմանը։ Այսօր՝ գիտաժողովի երկրորդ օրը, զեկույցներ կընթերցվեն «Հայոց ցեղասպանություն. Հիշողության պահպանման հրամայականը», «Ցեղասպանության հետեւանքների վերացման իրավական եւ քաղաքական ասպեկտները» եւ «Ցեղասպանության ընթացիկ գիտական հետազոտությունները» թեմաներով։ hhpress.am
|