Հայաստանցիներն ավելի բարյացակամ են օտարերկրացիների հանդեպ, քան իրանցիները, ավելի անբարյացակամ, քան թուրքերը, վրացիներն ու ադրբեջանցիները: Այս մասին են վկայում «Համաշխարհային տնտեսական ֆորում» միջազգային կազամակերպության (կենտրոնակայանը՝ Ժնև, Շվեյցարիա) անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից, հանրային կարծիքի ուսումնասիրություններն անցկացվել են 2011թ-ի վերջից 2012թ-ի վերջն ընկած ժամանակահատվածում՝ 140 երկրի բնակիչների շրջանում:
Հարցվածներին ուղղվել է ընդամենը մեկ հարց՝ «Ձեր երկրում որքա՞ն բարյացակամ են վերաբերվում օտարերկրացիներին»:
Հարցման մասնակիցներն իրենց համաքաղաքացիների բարյացակամության աստիճանը գնահատել են 1-7 միավորանոց սանդղակով, որում 1-ը նշանակել է՝ «շատ անբարյացակամ», 7-ը՝ « շատ բարյացակամ»:
Ամենահյուրընկալ երկրների եռյակը բացում է «սառցե երկիր» Իսլանդիան (6,8 միավոր), որին հաջորդում է Նոր Զելանդիան (6,8): Լավագույն եռյակը եզրափակում է Մարոկկոն (6,7):
Հայաստանը ցանկում 95-րդ հորիզոնականն է զբաղեցնում (6.0 միավոր), հարևան երկրներից Վրաստանը՝ 33-րդում է (6.5), Թուրքիան՝ 53-րդում (6.5), Ադրբեջանը՝ 82-րդում (6.2), Իրանը՝ 135-րդում (5.2):
Ամենաանբարյացակամ երկրների եռյակը բացում է Ռուսաստանը (138 հորիզոնական, 5.0 միավոր), որին հաջորդում է Վենեսուելան (139-րդ հորիզոնական, 4.5 միավոր), իսկ օտարերկրացիների համար ամենաանբարյացակամ երկիր է ճանաչվել Բոլիվիան (4.1 միավոր, 140-րդ հորիզոնական): ԱՄՆ-ը ցանկում 102-րդն է, Ուկրաինան՝ 127-ը:
Հավելենք, որ «Համաշխարհային տնտեսական ֆորումն» այս սոցհարցումներն անցկացրել է «Զբոսաշրջության մրցունակություն 2013» զեկույցը պատրաստելու համար. մոտ երկու շաբաթ առաջ հրապարակված այդ զեկույցում Հայաստանը 79-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Զեկույցի մանրամասներին ծանոթացեք այստեղ: