Հայաստանում մարտի 11—15—ը կանցկացվի ՆԱՏՕ—ի հերթական շաբաթը։
«Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Հայաստանում ՆԱՏՕ—ի տեղեկատվական կենտրոնում ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիսիի համատեղ մամուլի ասուլիսով։
Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը նշեց, որ ՆԱՏՕ—ի շաբաթվա իրականացման ժամկետները փոխվել են, սակայն դրանից երկկողմ համագործակցությունը չի տուժել։
«ՆԱՏՕ—ի հերթական շաբաթը նախատեսվում էր իրականացնել 2018 թ. դեկտեմբերին, բայց, հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները, որոշեցինք այն իրականացնել ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտից հետո հնարավորինս մոտ ժամանակահատվածում։ Մեր համագործակցությունը շարունակում է զարգանալ գոյություն ունեցող երկու գլխավոր ձեւաչափերով՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Հայաստան—ՆԱՏՕ պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակներում»,–ասաց Եդիգարյանը։
Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն իր հստակ հաստատակամությունն է ցույց տալիս, որն ուղղված է ՆԱՏՕ—ի հետ գործընկերությանը։
«Հիշատակվեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ քաղաքական երկխոսության ընթացքի ու զարգացման մասին, եւ ես հատուկ իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել այն կապակցությամբ, որ այս երկու ուղղություններն էլ բացահայտորեն նշված են կառավարության գործողությունների ծրագրում։ Սա հստակ ցույց է տալիս Հայաստանի հաստատակամությունը՝ ուղղված ՆԱՏՕ—ի հետ գործընկերությանը»,— նշեց Մաթիաս Քիսլերը։
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է ՆԱՏՕ—ի հետ համագործակցությունը նաեւ պաշտպանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ։
«Ռազմաքաղաքական ոլորտում մենք շարունակում ենք ակտիվ երկխոսությունը ՆԱՏՕ—ի շրջանակում։ Պաշտպանության նախարարը եւ ԶՈՒ ԳՇ պետը շարունակում են մասնակցել այդ ձեւաչափի նիստերին, քննարկել զանազան հարցեր։ ՆԱՏՕ—ի հետ մենք շարունակում ենք համագործակցությունը նաեւ պաշտպանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ։ Ունենք մի քանի տասնյակ ուղղություններ, նպատակներ, որտեղ ՆԱՏՕ—ն մեզ տրամադրում է խորհրդատվական, փորձագիտական օժանդակություն ու օգնում է մեզ պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններում բարեփոխումներ իրականացնել»,–ասաց Այվազյանը։
Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիսին նշեց, որ այս միջոցառումները հատկապես կարեւոր են հանրությանը ՆԱՏՕ—ի մասին առավել խոր տեղեկություններ փոխանցելու տեսանկյունից։
«ՆԱՏՕ—ի շաբաթը դարձել է ավանդական։ Մենք այն կոչում ենք հանրային դիվանագիտության միջոցառում։ Դրա միջոցով մենք ուզում ենք ընդհանուր հասարակությանը տեղեկացնել ՆԱՏՕ—ի ու Հայաստանի միջեւ հարուստ գործընկերային հարաբերությունների մասին։ Անցյալ տարվա թավշյա հեղափոխությունը շատ հզոր ազդակ էր, որ Հայաստանի ժողովուրդը մտադիր է ինքը ստանձնել երկրում տեղի ունեցող զարգացումների պատասխանատվությունը։ Պատասխանատվությունը պետք է խարսխվի տեղեկատվության վրա։ Ահա թե ինչու ենք մենք ուզում, որ դուք ամբողջությամբ տեղեկացված լինեք, թե ինչ է կատարվում ՆԱՏՕ—ի շրջանակում»,–ասաց Պուլյիսին։
Հայաստանում ՆԱՏՕ—ի նախորդ շաբաթը տեղի է ունեցել 2017 թ. դեկտեմբերին։
|