ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 01:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Մարտ » 12 » Ի՞նչ էր թաքցնում խորհրդային վարագույրը /Պատմության բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ ներկայացված են անաչառ ձեւով/
12:23
Ի՞նչ էր թաքցնում խորհրդային վարագույրը /Պատմության բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ ներկայացված են անաչառ ձեւով/

«Հայոց պատմություն» ակադեմիական նոր 8—հատորյակի հրատարակությունը, որին «ՀՀ»—ն արդեն անդրադարձել է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ընթացիկ աշխատանքների մեջ լավագույն հիմնարար գործն է համարվում։ Հինգ հատոր արդեն տպագրվել է, վեցերորդը տպարանում է։ Ի տարբերություն խորհրդային տարիներին լույս տեսած հայ ժողովրդի պատմության մասին նախկին հատորյակների՝ այս բազմահատորյակում պատմության անցքերում մնացած բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ ներկայացված են անաչառ ձեւով։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ կան ոլորտներ, որոնք լուսաբանված չեն եղել նախորդ հատորներում, օրինակ՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու տեղն ու դերը հայ ազգային ազատագրական շարժման մեջ՝ պետության եւ մշակույթի բեռը իր վրա վերցնելու տեսանկյունից։ Հաջորդը հայ ազգային կուսակցությունների պատմությունն է, որը ժամանակին մատուցվել է աղավաղված ձեւով։ Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանի առաջին հանրապետության պատմությանը, որը ներկայացված է եղել որպես բուրժուական Հայաստանի պատմություն. «Անգամ մենք էինք ուսանողական տարիներին կարծում, թե մեր հանրապետությունը պաշտոնապես կոչվել է բուրժուական»։ Նորովի է ներկայացված նաեւ Հայոց ցեղասպանության խնդիրը։ «Այն մենք ոչ միայն դիտարկում ենք ցեղասպանություն, այլ նաեւ որպես հայրենազրկում, որը համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Հարցն ամփոփել ենք նաեւ պահանջատիրության տեսանկյունից, որովհետեւ թուրքական կողմից ներողամտություն հայցելու պարագայում այս խնդիրը չի փակվում, ընդհակառակը՝ նոր է բացվում։ Հրեական հոլոքոստի պարագան մեզ հուշում է, որ հատուցում դրա դիմաց պետք է ստանալ, ինչու չէ նաեւ տարածքային հատուցում, որովհետեւ զրկվել ենք նաեւ հայրենիքի մեծագույն մասից՝ Արեւմտյան Հայաստանից, որի տերն այսօր աշխարհով մեկ սփռված սփյուռքահայությունն է»,—ասաց պատմաբանը։
Հատորների վրա աշխատում են ոչ միայն պատմության ինստիտուտի աշխատակիցները, այլեւ տարբեր գիտահետազոտական կենտրոնների եւ համալսարանների մասնագետներ։ Ընդհանուր առմամբ լույս կտեսնի 4 հատոր, հատորներից յուրաքանչյուրը երկուական գրքով՝ ըստ դարաշրջանային բաժանման։ Առաջին հատորը՝ երկու գրքով՝ հին դարեր, երկրորդը՝ միջին դարեր, երրորդը՝ նոր դարաշրջան եւ չորրորդը՝ նորագույն շրջան։ Զուգահեռ նաեւ ռուսերենով պատրաստվում է հայոց պատմության հին եւ վաղ միջնադարյան ժամանակաշրջանի վերաբերյալ մեկ հատորյակ, որն ընդգրկում է հնագույն ժամանակաշրջանից մինչեւ Կիլիկյան թագավորության պատմությունը։ 
Մելքոնյանն ասաց, որ այն չեն տպագրի այնքան ժամանակ, մինչեւ մասնագետների եւ փորձագետների հետ չգան ընդհանուր հայտարարի՝ հայեցակարգային մոտեցումների առումով. «Հնագույն ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման մասով դեռ խնդրահարույց հարցեր կան, մոտեցումների տարբերություններ։ Մասնագետների հետ պետք է գանք ընդհանուր հայտարարի, որպեսզի հայեցակարգային տարբերություններ չլինեն, եւ հանրության հակազդեցությանը չարժանանանք, ամեն ինչ արվի անաչառ, գիտական մակարդակով»։
Վերադառնալով հատորյակներին՝ նա նաեւ հավելեց, որ քանի որ վաղնջական ժամանակաշրջանի հնագիտական հատվածը մասնագիտական առումով հնագետների հետազոտության ոլորտն է, համատեղ են աշխատում։ Այժմ սպասում են գիտահետազոտական նյութի ներկայացմանը՝ մոտավորապես 400 էջ։ Այն ընդգրկում է մարդագոյացման ժամանակահատվածից մինչեւ հայկական լեռնաշխարհում պետական առաջին կազմավորումների ձեւավորումը։ Մելքոնյանը լիահույս է՝ եթե ոչ այս տարվա, ապա 2020թ. ամբողջությամբ կավարտեն հայոց ակադեմիական պատմության շարադրանքը, որը, իր խորին համոզմամբ, ոչ միայն պատմագիտական, այլ նաեւ հայագիտական առումով կհամարվի հետխորհրդային ժամանակաշրջանի խոշորագույն ձեռքբերումներից մեկը։ 
«Մի նորություն եւս. հայոց պատմությունը նախկինում չի ներկայացվել որպես պատմական ժողովրդագրության պահանջներին համապատասխան շարադրանք։ Քանի որ մենք հայրենազրկված ժողովուրդ ենք, մեզ համար կարեւոր է ցույց տալ մեր բնիկ ներկայությունը՝ ի սկզբանե մինչեւ մեր օրերը։ Ցույց տալ նաեւ, թե ինչպես ժամանակի ընթացքում հայկական լեռնաշխարհը, որը մոնոլիտ, էթնիկ կազմ ուներ, օտարների հարձակումների, թուրքական, քրդական ցեղերի ներխուժման արդյունքում աստիճանաբար դիմախեղվեց, էթնիկ խճանկար ստեղծվեց, որն էլ պայմանավորեց հայ ազգային ազատագրական շարժումների անհաջող ուղղությունները, պետականության վերականգնման համար պայքարի խոչընդոտները եւ դյուրացրեց 1915—ի Հայոց մեծ եղեռնի իրողությունը»,—մանրամասնեց պատմաբանը՝ հավելելով, որ շատերն այսօր զարմացած հարցնում են, թե ինչպե՞ս մենք հազարամյակների ժողովուրդ լինելով՝ այդքան հեշտությամբ կոտորվեցինք այդ ընթացքում։ Ասում է՝ խնդիրն այն է, որ ժողովրդագրական առումով արդեն Հայաստանը ցեղասպանության ենթարկված էր, քանի որ խայտաբղետ, էթնիկ պատկեր ուներ, ամեն տեղ շերտընդմեջ հայերի կողքին ապրում էին թուրքեր ու քրդեր, եւ այս պայմաններում համաժողովրդական ապստամբությունից հաղթանակ ակընկալել բնականաբար հնարավոր չէր. «Քանի որ ազգի ոգին հոգեբանական առումով կոտրված էր, տեղի ունեցավ 1915թ. ողբերգությունը։ Դրա համար մենք խնդիրը ներկայացրել են նաեւ ժողովրդագրության առումով։ Հատորներից մեկում անդրադարձ կա ցեղասպանությունից հետո Արեւմտյան Հայաստանի պատմության, ժողովրդագրության խնդիրներին։ Մենք համոզված ենք, որ եղեռնից հետո հայություն այնտեղ շարունակել է ապրել։ Մի զգալի մասը ստիպված իսլամ է ընդունել, այսօր էլ հարյուրհազարավոր մեր հայրենակիցներ ապրում են ծպտյալ վիճակում։ Նրանց մասին չգրել հնարավոր չէր»։
Հարցին՝ կարո՞ղ ենք համարել, որ հայոց պատմության էջերն այսօր ամբողջությամբ ուսումնասիրված եւ անաչառ ներկայացված են, Մելքոնյանն ասաց՝ այո, բայց կան դրվագներ, որոնց անդրադարձ դեռեւս չի եղել։ «Նեղ մասնագիտական խնդիրներ կան, որոնց ուսումնասիրությունները ենթադրում են նյութական համապատասխան միջոցներ։ Օրինակ՝ որպեսզի ուսումնասիրվի հայ—լատինական հարաբերությունները վաղագույն շրջանում, պետք է գնալ Հռոմ, նրանց արխիվներն ուսումնասիրել, դասական լատիներեն իմանալ, դասական հունարեն ուսումնասիրել։ Մենք հնարավորություն չունենք երիտասարդներին մասնագիտացնել հին լեզուների բնագավառում։ Քիչ թոշակով գիտաշխատողները հնարավորություն չունեն նույնիսկ Հայաստանի արխիվներից օգտվել, ուր մնաց մեկնեն արտասահման։ Այսպես գիտություն զարգացնել հնարավոր չէ։ Պահելը նույնպես առաքելություն է, որովհետեւ եթե այդ անընդհատականության շղթան մի տեղ կտրվեց, հետո մենք ամբողջ դպրոց կկորցնենք»,—նկատեց պատմության ինստիտուտի տնօրենը։ Մելքոնյանի տեղեկացմամբ՝ ինստիտուտն ունի ութ բաժին, եւ վերջին տասը տարիների ընթացքում սեփական տպարան ունենալու հանգամանքը հնարավորություն է տալիս բաժինների կատարած գիտական արդյունքը տպագրված տեսքով ներկայացնելու նաեւ հանրությանը։ Ասում է, եթե մոտավորապես 700—ի չափ աշխատություն է հրատարակվում հումանիտար հայագիտության բաժանմունքի ինստիտուտների կողմից, դրա մի զգալի մասը պատմության ինստիտուտինն է՝ ամբողջ տարվա ընթացքում մոտավորապես 40 մենագրություն, 200 հոդված։ «Մեզ մոտ աշխատում է մոտ 90 գիտաշխատող։ Տպագրում ենք ինստիտուտի միջոցներով՝ խնայողությունների հաշվին։ Գումարային վիճակը միշտ ծանր է եղել, բավական է նշել, որ 2018 թվականի հունվարի 1—ից մեր ֆինանսական միջոցները կրճատվեցին 7 տոկոսով։ Որպեսզի մարդկանց աշխատավարձերը չիջեցնեինք, ստիպված եղանք այլ ծախսերի գումարից փոխանցում կատարել աշխատավարձերի ֆոնդին»,—նշեց Մելքոնյանը։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 453 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024