Հանրապետության հիվանդանոցներից երեկ սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 208 քաղաքացի։ Նրանցից 162—ը մինչեւ 18 տարեկան են, 85—ի մոտ, որից 35—ը՝ երեխաներ, ախտորոշված է եղել թոքաբորբ։
Վերակենդանացման բաժանմունքներում բուժվող բազմաթիվ հիվանդներ առողջացման դրական տեղաշարժով տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանց թվում են նախկինում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառական սարքին միացված այն երկու հիվանդը, որոնց մասնագետները կարողացել էին դուրս բերել այդ վիճակից։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ իրավիճակն ակնհայտորեն կայունանում է։ Արձանագրվում է դիմելիության նվազում, այդ թվում՝ հղիների շրջանում։ Հարկ է նշել, որ ծանր վիճակում գտնվող հղի չկա։
Հունվարի 17—ին Երեւանի շտապօգնության ծառայության 1041 կանչից միայն 98—ն է առնչվել գրիպին եւ սուր շնչառական վարակներին։
Վերջին մի քանի օրվա ընթացքում հայկական հիվանդանոցներից դուրս է գրվել 600 երեխա, որոնք հիվանդացել էին գրիպով եւ ՍՇՎ—ով, նրանց մեկ քառորդի մոտ բարդացումներ կային թոքաբորբի տեսքով։ Այժմ նրանք ապաքինվել են եւ տուն են վերադարձել։
|