Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի եւ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ–ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումը եւ բանագնացների խնդրանքով անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին, տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին եւ ծրագրերին։ Կարեն Կարապետյանն ընդգծել է բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը եւ նշել, որ դատաիրավական, հարկային, մաքսային եւ այլ ոլորտների բարեփոխումների իրականացումը լինելու է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Այդ առումով, վարչապետը կարեւորել է փորձի փոխանակումը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան–ԵՄ փոխգործակցությանը, Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությանը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։
|