ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 24 » Լսվել են տարեկան հաղորդումներ /Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը/
09:16
Լսվել են տարեկան հաղորդումներ /Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը/

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով հատուկ կարգով քննարկելու վերաբերյալ ՀՀ ԱԺ որոշումը, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը։
Նա տվյալներ է ներկայացրել հաշվետու տարում արձանագրված բազմաբնույթ հանցագործությունների, դրանց դեմ իրականացված պայքարի եւ միջոցառումների վերաբերյալ, անդրադարձել դատախազության իրականացրած աշխատանքներին, առաջնահերթություններին ու հիմնական ուղղություններին։
Նշվել է, որ 2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20 հազար 285 հանցագործության դեպք՝ 2016թ. 18 հազար 764 դեպքի դիմաց, աճը կազմել է 8,1 տոկոս։
Ըստ Արթուր Դավթյանի՝ թեեւ ընդհանուր հանցագործությունների թիվն ավելացել է, սակայն նվազել են սպանության, սպանության փորձի, ավազակության, բնակարանային գողության, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը։ Առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 16,7 տոկոսով, իսկ ծանր հանցագործությունները՝ 11,4 տոկոսով։
Մեր երկրում նախորդ տարի 100 հազար բնակչին բաժին է ընկել հանցագործության 681 դեպք։ Արթուր Դավթյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում վիճակն այս մասով դրական է, քան Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Մոլդովայում։
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արձանագրվել է 163 դեպք, դատի են տրվել 43 անձինք, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 65 տոկոսով։
Հաշվետու տարում կարգապահական տույժի է ենթարկվել 13 դատախազ։ Ուսումնասիրվել է 14 հազար 350 հետախուզական գործ, կազմվել են եզրակացություններ, ըստ անհրաժեշտության ուսումնասիրվել նաեւ քրեական գործեր։ Քրեական գործեր են հարուցվել ապօրինի ծառահատումների գործերով։
ՀՀ գլխավոր դատախազին ուղղվել են հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են կոռուպցիայի դեմ պայքարին, պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերի ուսումնասիրությանը, ՊՊԾ գնդի գրավման գործի քննությանը, «քաղբանտարկյալ» եզրույթին, մոտ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին ձերբակալելու իրավաչափությանը, ծանր հանցագործությունների նվազման նախադրյալներին, ոլորտի գերակայություններին եւ այլն։
Գեւորգ Պետրոսյանն անթույլատրելի է համարել իրենց իրավունքների համար արդար պայքար մղող քաղաքացիների նկատմամբ բռնությունները՝ կոչ անելով գլխավոր դատախազին հետեւողական լինել վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերի բացահայտման ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
Էդմոն Մարուքյանն անդրադարձել է որոշ դատավարական գործերի քննության ընթացակարգերին, նախաքննության մարմնի գործունեությանը եւ կարծիք հայտնել, որ արդարադատությունն ընտրողաբար է գործել։ Պատգամավորը հետաքրքրվել է զանգվածային անկարգություններով գործերի կարճման հնարավորությամբ։
Լենա Նազարյանը խոսել է մարտիմեկյան դեպքերի բացահայտման մասին, անդրադարձել որոշ մանրամասների։ Նա կարեւորել է աղմկահարույց որոշ հանցագործությունների բացահայտումը, առանց որի, ըստ պատգամավորի, Հայաստանի՝ որպես իրավական պետության զարգացումը հապաղում է։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն առավելապես կարեւորել է համակարգային խնդիրներին ու հանցագործություններին առնչվող հիմնահարցերի բարձրաձայնումը՝ հասկանալու համար, թե ինչի հետեւանք են դրանք։ ԱԺ փոխնախագահը խոսել է մասնավորապես տնտեսության ոլորտի զարգացմանը խոչընդոտող քայլերի մասին։
Հայկ Կոնջորյանը կարծիք է հայտնել, որ անջրպետ է առաջացել իրականության եւ գլխավոր դատախազի գործունեության միջեւ, մինչդեռ պետական ինստիտուտների գործունեության արդյունքը պիտի լինի այն, որ հանրություն—պետություն հարաբերություններում հակադրություն չառաջանա։
Եզրափակիչ ելույթում Արթուր Դավթյանը մանրամասն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին ու հարցադրումներին՝ համագործակցության պատրաստակամություն հայտնելով։
Նշենք, որ հաղորդման քննարկումն ավարտվում է առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու։
ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (գնաճի հաղորդում) քննարկման է ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նա նշել է, որ հաղորդումը ներառում է երկու փաստաթուղթ՝ 2018 թվականի առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը եւ 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման վերաբերյալ հաղորդումը։ Ելնելով 2017 թվականի չորրորդ եռամսյակում շարունակվող բարձր տնտեսական ակտիվությունից՝ ԿԲ—ն գնահատել է նախկին կանխատեսումների համեմատ 2017 թ. տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշ։ 2017թ. ընթացքում գնաճային միջավայրն աստիճանաբար ընդլայնվել է՝ պայմանավորված ԿԲ դրամավարկային խթանող քաղաքականությամբ։
Նշվել է, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը կգտնվի 4.4—6 տոկոսի միջակայքում։ ԿԲ—ն գնահատել է նաեւ կարճաժամկետ հատվածում գնաճի եւ տնտեսական աճի կանխատեսումներից շեղման ռիսկերը, որոնք հիմնականում երկկողմանի են՝ պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի հնարավոր զարգացումներով։
Խոսելով ընթացիկ զարգացումների մասին՝ Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ 2018թ. առաջին եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն. եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 9.6 տոկոս։
Պատգամավորների հարցերն առնչվել են վարկերի տոկոսադրույքների իջեցմանը, սպառողական, գյուղատնտեսական, արդյունաբերական վարկերի կառուցվածքին, սոցիալական կարեւորության ապրանքների գնաճին, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարում իրականացված քայլերին եւ այլն։
Գնահատելով Կենտրոնական բանկի հաղորդումը, համակողմանի քննարկումները, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ընդգծել է, որ հարյուր հազարավոր քաղաքացիների մտահոգում է վարկերի տոկոսադրույքների հետ կապված հարցը։ Նա նշել է, որ մեկ ու կես միլիոն վարկառու լուրջ պաշտպանության եւ աջակցության խնդիր ունի։ Բանախոսը կարեւորել է նաեւ Կենտրոնական բանկի անկախ գործունեության հարցը։
Սերգեյ Բագրատյանը բանկային բոլոր հարաբերությունների մեջ ընդգծել է տնտեսության փոխկապակցվածությունը բանկային համակարգի հետ։ Ըստ բանախոսի՝ դրամավարկային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ տնտեսության զարգացմանը նպաստող բոլոր հնարավոր պայմանները գրեթե բացառված են։ Նշելով, որ համակարգային ճգնաժամի պատճառներն է անհրաժեշտ հայտնաբերել՝պատգամավորը բարձրացրել է բանկային համակարգի բարեփոխումների հարցը։
Եզրափակիչ խոսքում Արթուր Ջավադյանը, անդրադառնալով ելույթներին, համապարփակ ներկայացրել է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ եւս մեկ անգամ նշելով, որ վերջին 4 տարվա ընթացքում վարկային տոկոսադրույքները նվազել են գրեթե 4 տոկոսով։
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։ Հիմնական զեկուցողը նշել է, որ ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում փաթեթը մանրամասն քննարկվել է, եւ կոչ արել կողմ քվեարկել։
Էդմոն Մարուքյանը նշել է, որ ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջին ընթերցման ժամանակ դեմ է քվեարկել, քանի որ կային մտահոգություններ, սակայն հանձնաժողովում քննարկման ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ուստի ապագայում աշխատելու համար կողմ են քվեարկելու նախագծին։
76 կողմ ձայներով նախագիծն ընդունվել է միաձայն։
Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024