Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը երեկ՝ ԵԽԽՎ նստաշրջանի բացմանը, ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։
Վեհաժողովում քննարկվել է ԵԽԽՎ «Առաջընթացի զեկույցը», որը ներկայացրել է հոլանդացի պատգամավոր Թինի Կոքսը։ Զեկույցում ընդգրկված առաջնային հարցերից են ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիոն պնդումներն ուսումնասիրելու համար արտաքին հետաքննության մարմնի հաստատման ու ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի հարցերը։
Արփինե Հովհաննիսյանը կոչ է արել հավաքական պատասխանատվություն ստանձնել կառույցի նկատմամբ եւ քայլեր ձեռնարկել կաշառակերության գործով ծագած սկանդալի բացահայտման համար։
Նա մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ օրակարգում ներառված «Առաջընթացի զեկույցում» ընդգրկված են ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի նկատմամբ անվստահության հարցը, կոռուպցիոն սկանդալն ու այդ գործով սկսված հետաքննությունը։
«Այժմ մենք առերեսվել ենք մի իրականության, որտեղ բոլորը կարող են խոսել մի մարդու մասին, ով այս վեհաժողովում ունի զրոյական վստահություն։ Բոլորը կարող են փաստել, որ նա չունի արժանահավատություն, բոլորը կարող են պնդել, որ նա կաշառակեր է եւ ներգրավված է մի շարք գործողություններում, որոնք հակասում են ԵԽԽՎ արժեքներին»,– ասել է ԵԽԽՎ—ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ ԵԽԽՎ նախագահի կասկածելի գործողությունների հետեւանքով կառույցում վստահության ճգնաժամ է սկսվել։ Հովհաննիսյանն այս իրադրությունն անընդունելի եւ անհանդուրժելի է անվանել՝ կոչ անելով ոչ միայն խոսել դրա մասին, այլեւ գործի անցնել։
ԵԽԽՎ—ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան» դաշինք) իր ելույթում կոչ է արել անհապաղ սկսել Ագրամունտի անվստահության իրավական գործընթացը, եւ հայտարարել է, թե իր համար սպասելի էր, որ Ագրամունտն իրեն չի պահելու ո՛չ որպես տղամարդ եւ ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ։ Նաիրա Զոհրաբյանը նաեւ կոչ է արել սկսել հետաքննություն՝ ուսումնասիրելու Միլիսա Մարկովիչի եւ Ռոբերտ Վոլթերի զեկույցների հետ կապված մութ պատմությունները։
ԵԽԽՎ պատգամավոր Ֆրենկ Շվաբեն իր ելույթում ասել է, որ ԵԽ նախարարների կոմիտեն եւս անդրադաձել է ԵԽԽՎ—ում կոռուպցիայի հետաքննության մարմին ստեղծելու խնդրին ու ընդունվել է որոշում։
Այս որոշմանը, ինչպես ասաց Շվաբեն, դեմ են արտահայտվել ԵԽ անդամ երկրներից միայն 3—ը՝ Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը։
|