Օրերս արձակագիր, բանաստեղծ Ռաֆայել Սահակյանին շնորհվեց Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակ։ Այդ մրցանակը 2008թ. շնորհվում է հայ գրողներին։ Այս տարի Ռ. Սահակյանի «Խնկաբույր աղոթքներ» (2014) բանաստեղծությունների ժողովածուն մրցութային հանձնախմբի կողմից ճանաչվեց լավագույնը։
Կարոտի եւ վրեժի գրականության ժամանակն իրեն չի սպառել, եւ նոր ժամանակների մեջ վերամարմնավորվում է թե՛ գեղագիտական, թե՛ գաղափարական պահանջներին համապատասխան։ Սակայն քանի տրոփում է հայի արյան հիշողությունը, քանի ժառանգվում են ցավի զգացողությունը, կորստի հետ անհաշտությունը, հետ վերադարձի հավատը եւ պահանջատեր լինելու անկասելի վճիռը, կստեղծվեն կարոտի կանչի արձագանքով թաթախված երկեր եւ բանաստեղծական տողեր։ Այդպիսի տողերը գերակշում են նաեւ արձակագիր եւ բանաստեղծ Ռաֆայել Սահակյանի ստեղծագործություններում, մասնավորապես՝ «Խնկաբույր աղոթքներ» բանաստեղծությունների գրքում։
Մրցանակը բանաստեղծին հանձնվեց Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանում հանձնաժողովի նախագահ Վահագն Սարգսյանի ձեռամբ։ Նա գիրքը գնահատեց «խաչմերուկային» հրատարակություն, որում խաչաձեւվում են գրողի թեմատիկ բոլոր «երակները»։ Թեման պապերի Էրգրի կորուստն է, բայց իր ոգեղեն պաթոսով՝ ոչ երբեք կորուսյալը։
Ասմունքով հանդես եկավ Գարեգին Էվոյանը։
ՌաՖայել Սահակյանը բարձր գնահատելով իրեն շնորհված պարգեւը՝ հատկապես կարեւորեց Մկրտիչ Սարգսյանի գրական ժառանգության մշտակա ներկայությունը, նրա հետ իր առնչակցությունն ու մտերմությունը։ hhpress.am
Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ
|