ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 23 » Նոր բարենպաստ հնարավորություններ /Հօգուտ հայկական մսամթերքի արտադրության եւ արտահանման ծավալների ընդլայնման/
10:03
Նոր բարենպաստ հնարավորություններ /Հօգուտ հայկական մսամթերքի արտադրության եւ արտահանման ծավալների ընդլայնման/

Հայաստանում մսամթերքի արտադրությունը լավ ու բարի ավանդույթներ ունի։ Ի դեպ, Խորհրդային Միությունում մեր հանրապետությունն արտադրվող երշիկեղենի որակով, Ռուսաստանից եւ Բելառուսիայից հետո, երրորդ տեղն էր զբաղեցնում։ 
Այսօր էլ հայ մասնագետ երշիկագործները շարունակում են պահպանել մասնագիտական բարձր որակավորումը եւ իրենց վարպետությամբ չեն զիջում լավագույններին։ Այդուհանդերձ, ոլորտի ձեռնարկություններին, արտադրողներին համախմբող ու միավորող կառույցը, հասարակական կազմակերպությունն ընդամենը մեկ տարվա պատմություն ունի։

Ջանքերի համատեղումն  անհրաժեշտություն է

Հայաստանի մսամթերք արտադրողների միության կարեւորագույն առաքելությունը ոլորտի ձեռնարկություններին արտաքին շուկաներում կայուն դիրքեր գրավելու նպատակով աջակցելն է, մասնավորապես՝ հայաստանցի մսամթերք արտադրողների մուտքը ՌԴ շուկա առավել համակարգված կազմակերպելու եւ նրանց շահերը համատեղ ներկայացնելու գործում։ Սա, առաջին հերթին, ենթադրում է մարքեթինգային ներուժի խմբավորում,  շուկայի համատեղ ուժերով ուսումնասիրություն, մսամթերքի վաճառքի մանրածախ մարմինների հետ բանակցում, ապրանքի տեղափոխման անհրաժեշտ պայմանների ստեղծում եւ այլն։
«Մեր կազմակերպությունը,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց միության նախագահ Արամայիս Բիլյանը,–միավորում է մսամթերքի արտադրությամբ զբաղվող 16 ձեռնարկություն։ Մենք, ճիշտ է, մինչ այդ էլ ինչ—որ չափով գիտեինք միմյանց, բայց դեպքից դեպք էինք շփվում եւ, կարելի է ասել, իրարից անտեղյակ էինք։ Այդ կերպ, այսինքն՝ միության շնորհիվ, հնարավորություն ստեղծվեց մտերմանալու, ընկերանալու եւ համատեղելու ընդհանուրիս ջանքերն ու հնարավորությունները։ Վստահ ենք, որ միասնական ուժերով կարող ենք լուծել այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են արտադրողներիս արդյունավետ գործունեության ծավալմանը։ Ընդ որում, մտադիր ենք ինքներս կազմակերպել հումքի ներմուծումը։ Տարիներ, տասնամյակներ շարունակ աշխատելով այս ոլորտում, արտադրողներս քաջ գիտենք որակյալ հումք արտադրող արտասահմանյան ընկերություններին։ Մեծածախ գներով խոշոր խմբաքանակներ գնելու դեպքում ի վիճակի կլինենք նվազեցնելու արտադրանքի ինքնարժեքը եւ, հետեւաբար, նաեւ պատրաստի մսամթերքի վերջնական գինը։ Մի խոսքով, մեր գլխավոր նպատակը մնում է այն, որ, միավորելով ջանքերը, հայկական ապրանքանիշը լավագույնս ներկայացնենք արտաքին շուկայում։ Միայն այդ կերպ կկարողանանք հաջողության հասնել»։
Անդրադառնալով մսամթերքի արտադրության մեջ օգտագործվող հիմնական հումքին՝ մսին, միության ղեկավարը նշեց, որ բոլոր ձեռնարկությունները գործնականում աշխատում են ներկրված հումքով։ Խոսքը հիմնականում Հնդկաստանից տավարի, իսկ Բրազիլիայից եւ Կանադայից խոզի ներմուծվող մսի մասին է։ Բացի այդ, դեռեւս խորհրդային ժամանակներից երշիկի արտադրությունում օգտագործվում է գոմեշի միս։ Շատերը, պարոն Բիլյանի խոսքերով, կանխակալ վերաբերմունք ունեն այս մսի հանդեպ։ Մինչդեռ այն իր սննդարար հատկանիշներով չի զիջում, իսկ մի քանի ցուցանիշներով անգամ գերազանցում է տավարի մսին։ Բանն այն է, որ գոմեշներն ուտում են բնության մեջ հանդիպող բոլոր բուսատեսակները, իսկ կովերը՝ միայն որոշակի տեսակներ։ Ինչ վերաբերում է կենգուրուի մսին, ապա այն երբեւէ մեզանում չի օգտագործվել։ Տեղական միսն էլ, բնականաբար, իր տեղն ունի, չի անտեսվում, չնայած այն ներմուծածի համեմատ բարձր գին ունի եւ հիմնականում օգտագործվում է թանկարժեք երշիկների պատրաստման մեջ։ Հարկ է նշել, որ Հայաստանը երբեւէ չի կարողացել բավարարել մսի իր պահանջարկը, ուստի եւ այն լրացվել է ներկրածի հաշվին։

Ավելի մրցունակ ու  պահանջված

Մսամթերքի արտադրությամբ զբաղվող հայաստանյան ընկերությունները, տարեցտարի ընդլայնելով արտադրական հզորությունները եւ այսօր արդեն հագեցած լինելով ժամանակակից նորագույն սարքավորումներով, կարող են էապես ավելացնել ինչպես թողարկվող արտադրանքի, այնպես էլ արտահանման ծավալները։ Մասնավորապես, Հայաստանի՝ ԵՏՄ—ին անդամակցությունը հայկական արտադրության մսամթերքը կդարձնի ավելի մրցունակ շուկայում։ Մասնագետների կարծիքով, հայաստանյան արտահանողներն ունեն մի շարք մրցակցային առավելություններ ռուսաստանյան շուկան գրավելու համար։ Բացի այն, որ ԵՏՄ անդամակցությունը ՀՀ մսամթերք արտադրողներին ազատում է մաքսատուրք վճարելուց, այն սահմանում է նաեւ նոր մաքսատուրքեր ոչ ԵՏՄ անդամ երկրներից այլ ապրանքներ ներմուծելու դեպքում։
Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի արտադրողներն իրենց արտադրություններում օգտագործում են ներմուծված հումք՝ միս։ Համաձայն ԵՏՄ սակագների, ՌԴ—ն միս է ներմուծելու 15 տոկոս, իսկ ՀՀ—ն, մինչեւ 2017 թվականը, 10 տոկոս մաքսատուրքով։ Այսինքն, մեր արտադրողներն ավելի ցածր ինքնարժեք կարող են ապահովել եւ, հետեւաբար, ավելի ցածր գին առաջարկել ռուսաստանյան շուկայում, քան տեղական արտադրողները։ Ինչ վերաբերում է տրանսպորտային ծախսերին, որոնք եւս ինքնարժեքի մի մասն են կազմում, ապա, հաշվի առնելով ՌԴ տարածքի մեծությունը, տեղի արտադրողների համար այդ ծախսերը կլինեն մոտավորապես միեւնույն մակարդակի վրա, ինչպես եւ հայ արտադրողներինը։
Այդուհանդերձ, ռուսաստանյան շուկա հայ արտադրողների մուտքն իր հերթին որոշակի դժվարություններ ու ռիսկեր է պարունակում այսօր՝ կապված թե՛ մեր կարողությունների, թե՛ այնտեղ հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկի առումով։ Բացի այդ, եթե հաշվի առնենք ներկայիս բարդ աշխարհաքաղաքական եւ տնտեսական զարգացումները, երբ ռուսական ռուբլին արժեզրկում է ապրում եւ այլն, ապա անհարկի խոչընդոտներն ու ապագայի նկատմամբ անորոշությունն անխուսափելի են դառնում։

Հայկական բրենդը՝  ԵՏՄ շուկայում

Ի վերջո, այսօր ՌԴ եւ ԵՏՄ այլ անդամ երկրներ կարող են միս, մսամթերք արտահանել 11 ձեռնարկություն՝ «Արաքսը», «Նատֆուդը», «Նատալի ֆարմը», «Ռազմիկ—92»—ը, «Մուշը», «Բեկոնը», «Մարիլան», «Աթենքը», «Արարատը», «Համլետ Հովսեփյանը» եւ «Բարի սամարացին»։ Ի դեպ, այս ցանկը ժամանակի ընթացքում կարող է ընդլայնվել։ 
Ընդ որում, խոսքը վերաբերում է ինչպես եփած, կիսապխտած, այնպես էլ հում ապխտած երշիկեղենին, ավանդական սուջուխին ու բաստուրմային։ 
Այսպես, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության միջեւ ընթացած բանակցությունների արդյունքում ԵԱՏՄ ռեեստրում գրանցված մսամթերքի արտադրությամբ կամ վերամշակմամբ զբաղվող հայկական ընկերությունները կարող են զբաղվել 72 աստիճան C եւ ավելի բարձր ջերմաստիճանի ներքո մշակված մսամթերքի արտահանմամբ։ ՀՀ կառավարությունն իր հերթին բարենպաստ պայմաններ է ստեղծում հայկական արտադրանքի արտահանման համար՝ փոփոխություններ կատարելով ոլորտի կանոնակարգմանն ուղղված որոշումների մեջ։
Մասնավորապես, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ—ն, ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությամբ, մշակել եւ նախապատրաստել է ԻՍՕ 10304—1։2007 միջազգային ստանդարտին ներդաշնակ «Ջրի որակ. բրոմիդների, քլորիդների, նիտրատների, ֆոսֆատների հետազոտությունը հեղուկային իոնափոխանակման քրոմատոգրաֆիկ մեթոդով» ստանդարտը։ Կառավարությունն էլ 2015թ. նոյեմբերի 26—ի նիստում հաստատել է ոլորտի տնտեսավարողների կողմից ԵԱՏՄ TP TC 034/2013 «Մսի եւ մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման անհրաժեշտությունը։ Ըստ համապատասխան հիմնավորման, ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրում բաստուրմայի եւ սուջուխի ազգային ստանդարտի մշակում է ապահովվելու։
Այս քայլն, անշուշտ, մեր երկրի տնտեսության համար շատ դրական ու ողջունելի է։ Նախ, տվյալ ոլորտի շահագրգիռ կողմերն արտահանման հնարավորությունից օգտվելու համար պետք է գրանցվեն ԵԱՏՄ ռեգիստրում, եւ ապա՝ Հայաստանը կարող է այդ շուկայում հանդես գալ սեփական բրենդով։ Ցանկալի է, որ գործընթացը լինի շարունակական եւ ընդգրկի նաեւ այլ ոլորտներ, այնպիսի, որոնցով կարելի է եվրասիական միասնական շուկայում հանդես գալ հայկական՝ ազգային դեմքով։ Այդ ոլորտների շարքում կարող են լինել, օրինակ, չրարտադրությունը, գորգագործությունը, տրիկոտաժի, կոշիկի արտադրությունը եւ այլն։
Հասկանալի է, որ նշված ապրանքատեսակների արտահանումը, արտադրական ծավալների աճին զուգահեռ, նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռի՝ ապահովելով բնակչության զբաղվածությունը եւ նվազագույնի հասցնելով կուտակված սոցիալական խնդիրները։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ հայրենական արտադրողները լրացուցիչ կապիտալ ներդրումների կարիք ունեն ՌԴ շուկայում լավագույնս ներկայացված լինելու համար։ Չնայած այն բանին, որ կան չօգտագործված արտադրական հզորություններ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է նոր կապիտալ ներդրումներ կատարել թողարկվող արտադրանքի որակը բարելավելու նպատակով։ 
Բացի այդ, անհրաժեշտ է ընդլայնել առաջարկվող տեսականին, ուժեղացնել նաեւ մարքեթինգային ներուժը։

Սպանդանոցների  գործարկումն օրախնդիր է

«Այն, որ կառավարությունը,–ասաց մսամթերք արտադրողների միության ղեկավարը,–ամեն կերպ աջակցում է արտադրողներիս, մտահոգ է առկա խնդիրներով եւ ջանում է օր առաջ տալ լուծումները, դրանում որեւէ կասկած լինել չի կարող։ Արտադրողներս էլ, բնականաբար, առավել քան շահագրգիռ ենք մեր հնարավորությունները լավագույնս օգտագործելու հարցում։ Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում մեզանից այսօր, թերեւս, պահանջվում է առավելագույնը։ 
Կառավարությունն իր չափով եւ մենք էլ մեր հերթին պետք է անենք հնարավորը, որպեսզի հիասթափություն չառաջանա, իսկ զարգացումն ու առաջընթացն, իրոք, տեսանելի, ակնհայտ դառնան։ Նոր բարենպաստ հնարավորություններ են ստեղծված, սակայն դրանք առայժմ մեր կողմից լիարժեք չեն օգտագործվում, կամ, միգուցե, մենք առայժմ ի վիճակի չենք օգտվելու պատեհ առիթից։ Այն դեպքում, երբ մասնագիտական լավ ներուժ ունենք եւ որակյալ արտադրանք ենք թողարկում։ Ունենալով մեր հասարակական կազմակերպությունը, հուսով ենք, որ նաեւ նրա օգնությամբ կկարողանանք առաջ մղել մսամթերքի արտադրությամբ զբաղվողներիս արտադրատնտեսական, գործարար հետաքրքրությունները՝ ի շահ ոլորտի զարգացման»։
Ոլորտի խթանման անհրաժեշտությունից ելնելով, պարոն Բիլյանն առանձնապես կարեւորեց մեր երկրում սպանդանոցների գործարկման խնդիրը։ Ճիշտ է, դրանք կան, բայց առայժմ չեն գործում կամ գործում են խիստ մասնակի։ Այսինքն՝ անասունների մորթը շարունակում է պատկան մարմինների ուշադրությունից, օրենքի շրջանակներից դուրս մնալ։ Մինչդեռ դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի վտանգներով է հղի անասունների անկազմակերպ, տարերային, շատ հաճախ՝ հակասանիտարական պայմաններում իրականացվող մորթը։ 
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատասխանատուները քանիցս հայտարարել են, որ իրացվող միսը պարտադիր պետք է մորթվի սպանդանոցում։ Միության նախագահը հույս հայտնեց, որ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, որպեսզի ժամանակակից պայմաններ ու գերազանց հնարավորություններ ունեցող, հանրապետության տարբեր մարզերում ժամանակին շահագործման հանձնված սպանդանոցները լավագույնս եւ լիարժեք ծառայեն իրենց նպատակին։ 
Ամփոփելով մեր խոսքը, համոզված նշենք, որ մսամթերքի արտադրությամբ զբաղվող հայաստանցի արդյունաբերողները, իրենց ձեռնարկությունները համալրելով ժամանակակից տեխնիկական հնարավորություններով եւ տիրապետելով ոլորտի մասնագիտական ու արդի տեխնոլոգիական նրբություններին, շատ մոտ ապագայում առավել բարձր ցուցանիշներ կարձանագրեն թե՛ արտադրության ու արտահանման ծավալների ընդլայնման, թե՛ ներքին ու արտաքին շուկաներում արժանի ճանաչումն ու համբավն ամրապնդելու գործում։  hhpress.am
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 561 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024