«System of a Down» խմբի մեներգիչ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը երեկոյան ժամանել է Երեւան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Թանկյանին դիմավորել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, բազմաթիվ երկրպագուներ։
«Նիկոլ Փաշինյանը հուսադրող թեկնածու է։ Ամբողջ ժողովրդով հույս ունենք, սակայն բոլորս էլ պետք է մեր աչքը նրա վրա պահենք։ Ես ոգեւորված եմ եւ ուրախ, որ այստեղ եմ»,–լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Սերժ Թանկյանը։
Փաշինյանն էլ նշել է, որ սա իր եւ Թանկյանի առաջին հանդիպումն է. դրանից առաջ շփվել են միայն հեռախոսով։ «Մեր առաջին շփումից սակայն կարծես մենք արդեն հին բարեկամներ լինեինք»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Նրանք օդանավակայանից ուղղություն են վերցրել դեպի Հանրապետության հրապարակ, սակայն հազարավոր քաղաքացիների ներկայությունը հարգելով՝ սկսել են առաջ շարժվել քայլելով։ Բավականին ժամանակ անց արդեն ավտոերթով ուղեւորվել են մայրաքաղաք։
Հանրապետության հրապարակում նրանց դիմավորել են ջերմ ու բարձր տրամադրությամբ։
Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Թանկյանը ելույթ են ունեցել հավաքվածների առջեւ։
«Շատ հուզված եմ ձեր ընդունելությունից։ Դուք ստեղծում եք հայ ազգի պարծանքին արժանի հայրենիք։ Ողջ աշխարհը մեզ է նայում որպես դրական օրինակ»,–շեշտել է Թանկյանը։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հայ ժողովրդին ճանաչում էին ցեղասպանությամբ ու երկրաշարժով, իսկ այս շարժումով հայ ժողովրդի վարկանիշը բարձրանում է։
Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ մեծ է երկրորդ փուլով վարչապետ ընտրվելու հավանականությունը։ «Հայաստանի ժողովրդին ուրախությունը, երջանկությունն ու հզորությունը այլեւս երբեք չպետք է պակասեն»,–ասել է նա։
|