Հայերի վերադարձի եւ վերաինտեգրման ուղղությամբ նոր քայլ է արվում։ Երեկ մեկնարկեց «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» նոր ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության 8 անդամ պետությունների կոնսորցիումի կողմից (Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Լեհաստան եւ Ռումինիա)՝ Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության գլխավորությամբ։ Այն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։ Ընդհանուր բյուջեն կազմում է 3 մլն եվրո։ «Միգրացիայի ոլորտում Հայաստան—Եվրամիություն համագործակցության լայն օրակարգ է ձեւավորվել, որը ամենատարբեր միջոցառումների իրականացում է նախատեսում՝ բազմակողմ ու երկկողմ հարթակներում։ Ներկայումս ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում է 7 ծրագիր՝ 9 մլն եվրո ընդհանուր գումարային տիրույթում։ Այս ծրագիրը գալիս է լրացնելու այդ ոլորտում իրականացվող մյուս միջոցառումները»,—երեկ ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Ծրագրի տնօրեն Վերժինի Արտոնն էլ վստահեցրեց, որ աշխատելու են իրավասու մարմինների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ հզորացնելու նրանց կարողությունները հայերի՝ հայրենիք արժանապատիվ ու կայուն վերադարձին եւ վերաինտեգրմանն ակտիվ աջակցելու համար։ «Նաեւ կհասցեագրենք անկանոն միգրացիայի մարտահրավերները՝ խրախուսելով ապահով եւ օրինական միգրացիա։ Կամրապնդվի միգրացիայի դրական ազդեցությունը Հայաստանի սոցիալական զարգացման վրա»,—նշեց նա։ Նախաձեռնության իրականացման ժամկետը 3 տարի է։ Թիրախային խմբերն են Հայաստանի կենտրոնական եւ տեղական իշխանությունները, սփյուռքը, տեղական եւ միջազգային կազմակերպությունները, Հայաստանի միգրանտները, մեր հանրապետության ընդհանուր բնակչությունը։ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ընդհանուր նպատակն է հզորացնել կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունները՝ կիզակետում պահելով վերաինտեգրմանն ուղղված գործողությունները։ Գ. Եգանյանը տեղեկացրեց, որ ծրագիրն ունի 4 բաղադրիչ։ Դրանիցից յուրաքանչյուրն էլ նա կարեւորում է, որովհետեւ օգնելու են կառավարական օղակներին՝ փաստարկված մշակումներ ունենալու, նաեւ ուղղված են վերադարձողին տարբեր տեսակի աջակցություններ ցուցաբերելուն, որպեսզի մարդիկ համապատասխան պայմաններ ունենան ու գալուց հետո հետ չդառնան։ «Հակառակ պարագայում վերադարձից հետո շատերը կարող են մտածել հետ վերադառնալու մասին»,—կարծում է միգրացիոն պետական ծառայության պետը։ «750 մարդ ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի օգնությամբ արդեն վերադարձել է Հայաստան։ Այս ծրագրի հաջողության հարցում ես վստահ եմ»,—ընդգծեց ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։ Դրան հավատում է նաեւ ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի գործադիր տնօրեն Յաննիկ Իմբերտը։ Նրա վստահության հիմքում այստեղի ջերմ մթնոլորտն է. «Ինձ հաճելի է առաջին անգամ Հայաստանում գտնվելը։ Հուսով եմ՝ վերջինը չի լինի»։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան էլ արդեն մեկնարկած ծրագրի առանձնահատկություններից առաջ է քաշում ԵՄ անդամ պետությունների սերտ համագործակցությունը։ Նա կոչ է անում, որ պետությունները ակնկալիքների բարձր մակարդակ ապահովեն։ Ըստ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի, միգրանտների ինտեգրման խնդիրը հաջողությամբ կարող է լուծվել նաեւ հասարակական աջակցության շնորհիվ։ «Այս ծրագրերը Հայաստանի համար կարեւոր են, քանզի հայերի 2/3—ը ապրում է արտերկրում եւ միգրացիոն տեղաշարժերը ակտիվ բնույթ են կրում։ Սփյուռքի նախարությունը մշակել է հայրենադարձության մասին օրենքի նախագիծ, որը արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։ Այս տարի այն քննարկման կդրվի ԱԺ—ում։ Դրանով առաջարկվում են հստակ լուծումներ հայրենադարձների կրթական, սոցիալ—տնտեսական, իրավական խնդիրների համար»,—տեղեկացրեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
|