ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 22:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 28 » Ուժեղ եւ համախմբված լինելու հրամայականը / Մայիսյան հաղթանակների պատմական անհրաժեշտությունն ու խորհուրդը/
11:41
Ուժեղ եւ համախմբված լինելու հրամայականը / Մայիսյան հաղթանակների պատմական անհրաժեշտությունն ու խորհուրդը/

Սարդարապատի, Բաշ—Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից են, որոնց շնորհիվ հայությունը վերստին համախմբվեց, հավատաց իր ուժերին՝ փրկվելով կործանումից։
Իսկ իրադրությունն իսկապես օրհասական էր։ 1918թ. ապրիլի 15—ին թուրքերը գրավեցին Բաթումը, իսկ ապրիլի 26—ին առանց կռվի գրավեցին Կարսը։ Այնուհետեւ զինադադար կնքվեց, եւ Տրապիզոնում ընդհատված թուրք—անդրկովկասյան բանակցությունները վերսկսվեցին Բաթումում, 1918թ. մայիսի 11—ին։ Թուրքերի այս հաղթանակներից հետո հայերից դատարկվեցին Վան—Խնուս—Ալաշկերտ—Կարս տարածքները։ Այս վայրերի 70.000—անոց բնակչությունը, հիմնականում տարոնահայությունը, Կարո Սասունու, Սասունցի Մուշեղի, Մանուկի եւ այլոց գլխավորությամբ, ովքեր հիմնականում ղեկավարում էին սասունցիների գունդը, միացան Անդրանիկի՝ դեպի Ալեքսանդրապոլ նահանջող ջոկատին։
Կարսի գրավումից հետո ստեղծվել էր թուրքական «Կարս» բանակային խմբավորումը՝ Յաղուբ Շեւքի փաշայի գլխավորությամբ, որի նպատակն էր գրավել ամբողջ Արեւելյան Հայաստանը, Թիֆլիսը, Բաքուն, ապա Հյուսիսային Պարսկաստանը, այլ կերպ ասած՝ իրականացնել պանթուրքիստական իրենց ծրագիրը։
Մայիսի 15—ին, վաղ առավոտյան թուրքական զորքերը հանկարծակի հարձակվեցին Ալեքսանդրապոլի վրա։ Քաղաքում գտնվող բոլոր զորամասերը մտան կռվի մեջ։ Մի քանի ժամ անց թուրքական զորքերը գրավեցին քաղաքը՝ թալան ու սպանություններ կազմակերպելով բնակչության շրջանում։ Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական զորքերի հրամանատարությունը կատարեց զորքերի վերադասավորում՝ ստեղծելով չորս զորախումբ։ Առաջին զորախումբը շարժվեց Վորոնցովկայի ուղղությամբ՝ ձգտելով դուրս գալ Բոլնիս—Խաչեն—Թիֆլիս գծով։ Երկրորդ զորախումբը գործում էր Համամլու—Ղարաքիլիսա—Դիլիջան—Ելիզավետոպոլ ուղղությամբ, ապա գրավելու Բաքուն։ Հաջորդ երկու խմբավորումների առջեւ խնդիր էր դրված կարճ ժամանակում գրավել Երեւանը, ամբողջ Արարատյան դաշտը, առաջ շարժվելով գրավել Նախիջեւանը, Զանգեզուրը եւ դարձյալ գնալ Բաքու։ Նույն ժամանակ հայոց զորքը ստիպված հետ քաշվեց նաեւ Սուրմալուից, այնուհետեւ թուրքական բանակը մտավ Արարատյան դաշտ եւ մայիսի 21—ին զավթեց Սարդարապատ գյուղը եւ երկաթուղային կայարանը։ Սարդարապատում գտնվող թուրքական զորախմբի դեմ կանգնած էր հայկական կորպուսի Ալագյազի խմբավորումը, որի կազմում էին երկու հետեւակային բրիգադ՝ Երզնկայի, Էրզրումի, Խնուսի եւ Ղարաքիլիսայի գնդերով, մեկ հեծյալ գունդ։ Թուրքական առաջխաղացումը կասեցնելու նպատակով կատարվեց հայկական զորամասերի վերախմբավորում։ Ստեղծվեց երեւանյան զորախումբը՝ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։
Բաշ—Ապարանի մատույցներում տեղակայված Դրաստամատ Կանայանի (Դրո) զորախմբի խնդիրը թշնամու՝ Սպիտակի կողմից դեպի Երեւան հնարավոր հարձակման խանգարումն էր։ Պաշտպանական միջոցներ ձեռնարկվեցին նաեւ Կողբի եւ Իգդիրի ուղղությամբ։ Այս ուղղությամբ դեպի Երեւան շարժվող թուրքական 5—րդ եւ 12—րդ դիվիզիաների առաջխաղացումը կանգնեցնելու համար Մ. Սիլիկյանի կարգադրությամբ պայթեցվեցին Ղարաղալայի եւ Մարգարայի կամուրջները, Արաքսի ձախ ափին խրամատներ կառուցվեցին եւ թույլ չտրվեց թշնամուն անցնել գետը։ Գնդապետ Բաղդասարյանի գլխավորած ուժերը պաշտպանական դիրքեր գրավեցին Նախիջեւան—Շարուր ուղղությամբ։
Այստեղ էր, որ երեւաց հայ ժողովրդի համախմբման ներուժը։ Մարգարա—Սարդարապատ գծի վրա հավաքվեց Երեւանի եւ նրա մոտակա շրջանների հայ բնակչությունը։ Բոլորը՝ զինվորականությունը, գյուղացիությունը, բանվորներն ու արհեստավորները, հոգեւորականությունն ու մտավորականությունը, հասկանում էին, որ հայրենական պատերազմի են ելել։
1918թ. մայիսի 22—ին գնդապետ Դանիել—Բեկ Փիրումյանի հրամանատարությամբ գործող Սարդարապատի զորամասը թիկունքից երկու ուղղություններով հարձակման անցավ Քյորփալուի (Արշալույս եւ Ղուրդուղուլի Արմավիր) գյուղերի բնագծերից՝ եռանդուն գրոհով ջախջախելով թուրքերին Ղամըշլու (Եղեգնուտ) գյուղի շրջանում եւ նույն օրը հետ գրավեց նախորդ օրը թշնամու վերցրած Սարդարապատ գյուղը։ Թուրքերը խուճապահար եւ մեծ կորուստներով նահանջելով 15—20 կմ, պաշտպանության անցան «Արաքս» կայարանի շրջանում։ Թուրքական հրամանատարությունը որոշեց ուժեղացնել Սարդարապատի մոտ գտնվող խմբավորումը, ուստի օգնության ուղարկեց 5—րդ դիվիզիայի զորամասերին, սակայն հայերին հաջողվեց դրանց հետ շպրտել։ Մայիսի 22–26—ը Սարդարապատի մոտ թուրքերը կորցրին 3500 մարդ։ Այդ հաջողությունը բարձրացրեց հայոց զորքի եւ ժողովրդի բարոյական ոգին։
Արագած լեռան փեշերի եւ Բաշ—Ապարանի պաշտպանությունը հանձնարարվեց Դրոյի հրամանատարության տակ դրված զորախմբերին։ Էսադ փաշայի գլխավորած թուրքական 9—րդ դիվիզիայի մի մասը մայիսի 20—ին արդեն գրավել էր Համամլուն (Սպիտակ), իսկ մայիսի 22—ին՝ Բաշ—Ապարանը եւ շարժվել դեպի Երեւան՝ միանալու Սարդարապատի ուղղությամբ գործող թուրքական 36—րդ հետեւակային դիվիզիային։ Դրոյի ջոկատը հարձակման անցավ՝ մայիսի 24—ին մտնելով Ալի—Քուչակ, ապա շարժվեց դեպի Բաշ—Ապարան, որտեղ էլ մայիսի 29—ին ջախջախեց թշնամու երկու գունդն ու ծանր հրետանին։ Թուրքերը տվեցին ավելի քան 200 զոհ՝ մարտադաշտում թողնելով մեծաքանակ ռազմավար։ Մայիսի 29—ին ջախջախված թուրքերը փախան նաեւ Համամլուից, որով եւ վերջնականապես վերացավ 9—րդ դիվիզիայի կողմից Երեւանն աքցանի մեջ առնելու վտանգը։ Սակայն ճակատամարտի ավարտից հետո թուրքերը սպիտակ դրոշով բանագնաց ուղարկեցին եւ բանակցությունների մեջ մտան Դրոյի հետ։ Նրան հայտնեցին, որ Բաթումում ստորագրվել է զինադադար (սակայն իրականում այդպես չէր), որի համաձայն, պետք է դադարեցվեին ռազմական գործողությունները։ Դրոն, փոխանակ շարունակելու մարտերը եւ ազատագրելու Ալեքսանդրապոլն ու Կարսը, հավատաց դրան եւ դադարեցրեց մարտերը, որն էլ առաջ բերեց հաղթանակած հայոց զորքի հիասթափությունը։
Մայիսի 24—28—ը կատաղի մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայում (Վանաձոր), որոնց մասնակցեցին հայկական 4 գունդ, հավաքական հեծյալ ջոկատը եւ աշխարհազորայինները, ընդհանուր թվով՝ 7000 զինվոր։ Թուրքերն ունեին 10.000 զինվոր, որոնց օգնում էին նաեւ տեղական մահմեդականները։ Հայկական ուժերը համառ դիմադրություն ցույց տվեցին թուրքերին։ Աչքի ընկան գնդապետներ Բեյ—Մամիկոնյանի եւ Նիկոլայ Ղորղանյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը։
Ղարաքիլիսայի մոտ 4 օր (մայիսի 24—28—ը) շարունակվող ճակատամարտում հայերը կասեցրին թուրքերի առաջխաղացումը Դիլիջան ու Թիֆլիս։
Մայիսյան հերոսամարտերը դարձան նախադրյալները հայկական պետականության վերականգնման, Հայաստանի Հանրապետության ստեղծման համար։ Անկախ հայկական պետությունը հռչակվեց Անդրկովկասի Դաշնակցային Հանրապետության փլուզումից հետո՝ 1918թ. մայիսի 28—ին։


Մայիսյան հերոսամարտերի դասերը
 

Մայիսյան հերոսամարտերից 98 տարի է անցել, բայց հայության համար մարտահրավերները չեն փոխվել։ 
Եթե 1918թ. Ադրբեջանը տարածքային հավակնություններ ուներ Արցախի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի նկատմամբ, ապա այսօր ունի նաեւ մեր մայրաքաղաքի նկատմամբ, ինչն Ադրբեջանի նախագահի մակարդակով հայտարարվում է։ 
1918թ. Սարդարապատում եւ Բաշ—Ապարանում հայկական բանակը տարավ փայլուն հաղթանակներ, բայց երկու տարի անց հրաժարվեց կռվել Կարսում եւ Կարսը հանձնեց գրեթե առանց կրակոցի։ Սա դաս էր մեզ համար, որ ռազմական հաղթանակներից զատ, շատ կարեւոր է երկրի ներսում ստեղծված մթնոլորտը, որը հետագայում կարող է մեծապես ազդել պետության հզորացման կամ թուլացման հարցում։
Ցեղասպանություն ենթարկված ժողովուրդը 1918թ. արագ մոբիլիզացվեց, եւ եթե համեմատելու լինենք 2016թ. ապրիլյան դեպքերի հետ, դարձյալ պետք է փաստենք, որ մեր ժողովուրդը, չնայած առկա բոլոր խնդիրներին, կարողացավ արագ մոբիլիզացվել։ Ցավոք, մեզ չհաջողվեց մայիսյան հաղթանակներն ամրագրել դիվանագիտական ասպարեզներում, եւ հիմա հրամայական է ավելի ամուր դիրքեր գրավել դիվանագիտական ճակատում, մանավանդ որ 1992—1994թթ. արցախյան պատերազմի հաղթանակներից հետո կնքված հրադադարը կայուն խաղաղության ու զարգացման հիմք չդարձավ։
Վերջում կցանկանայի ուշադրություն հրավիրել մի կարեւոր հանգամանքի վրա։ Երկու տարի անց լրանում է մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման հարյուրամյակը, եւ քանի որ մենք տարածաշրջանի հնագույն պետականություն ունեցող ժողովուրդներից ենք, մեզ պատիվ չի բերում, որ չունենք Հայաստանի առաջին Հանրապետության թանգարան։ Նման թանգարաններ գոյություն ունեն աշխարհի շատ պետություններում։ hhpress.am
Գեւորգ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Արեւելք» հետազոտական եւ 
վերլուծական կենտրոնի տնօրեն, ԵՊՀ դասախոս
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 359 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024