Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Արցախում էր ՀՀ պաշտպնության նախարար Սեյրան Օհանյանը։
Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն արցախցի իր պաշտոնակից գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանի եւ ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ուղեկցությամբ տեղերում ծանոթացել է ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության շփման գծում (սահմանային գոտում) տիրող իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին առավել նպատակային եւ արդյունավետ հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել եւ հրամանատարների հետ քննարկել առաջիկա անելիքները, զրուցել դիրքերում մարտական հերթապահությունն իրականացնող զինծառայողների հետ։
Նախարարը գոհունակություն է հայտնել դիրքապահների անձնվեր ծառայության ու պարտականությունների անթերի կատարման կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ նրանք կշարունակեն այսուհետեւ եւս աչալուրջ լինել սահմաններում եւ արժանի հակահարված հասցնել հակառակորդի դիվերսիոն ստորաբաժանումների սադրիչ գործողություններին, որոնք ամեն կերպ փորձում են սրել իրավիճակը եւ շփման գծում լարվածություն պահպանել՝ մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը։
Լրագրողների հետ կիսելով շրջագայությունից ստացած իր տպավորությունները, Ս. Օհանյանը, մասնավորապես, նշել է. «Այցելությունների, սպայակազմի եւ զինվորների հետ ունեցած հանդիպումների, դիրքերում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ հակառակորդը շարունակում է իր որդեգրած վտանգավոր, ռազմատենչ քաղաքականությունը եւ դրա շուրջ մարտավարությունը՝ ձգտելով հատկապես քաղաքական գործընթացների ժամանակ սահմաններում ավելի լարել իրադրությունը։ Պատահական չէ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ առավել սանձարձակ էր նրա պահվածքը եւ փորձում էր ուժի դիրքից խոսել մեզ հետ՝ չհասկանալով, որ հայ զինվորը երբեք սադրանքի չի ենթարկվի եւ միշտ պատրաստ է համարժեք գործողությունների դիմել ու իր կամքը թերադրել»։
Նախարարը համոզմունք է հայտնել, որ հրամանատարության հմուտ ղեկավարության, զորամասերի առաջին գծի ստորաբաժանումների հրամանատարների, նրանց ենթակա զինվորների մարտավարության նոր ձեւերի ու նաեւ՝ տղաների քաջարի ռազմագործողությունների շնորհիվ պաշտպանության բանակի հրամանատարությունը շարունակելու է պատվով իրականացնել իր առջեւ դրված խնդիրները։ «Մենք այստեղ ենք գտնվում մեր համագործակցության շրջանակներում եւ պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել, ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,–ընդգծել է պարոն Օհանյանը։ Նա վստահեցրել է, թե պաշտպանության բանակը ի զորու է զսպել հակառակորդի նախահարձակ, սադրիչ քայլերը եւ համարժեք գործողություններ իրականացնել՝ ստիպել նրան հրաժարվել արկածխնդիր մտադրություններից։ «Ավելին, մենք բազմիցս հայտարարել ենք, որ նման «գործելաոճին» հոգեհարազատ մնալու դեպքում ՊԲ կողմից պատժիչ գործողություններն ավելի նպատակային ու խիստ են լինելու»,–իր խոսքն այսպես է եզրափակել ՀՀ պաշտպանության նախարարը։
Այցի շրջանակներում Սեյրան Օհանյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|