ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 11:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 13 » Քաղաքական եւ տնտեսական հագեցած օրակարգ /Երկօրյա պետական այցով Հայաստանում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը/
17:15
Քաղաքական եւ տնտեսական հագեցած օրակարգ /Երկօրյա պետական այցով Հայաստանում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը/

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով երեկ Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Այնուհետեւ նախագահները մեկնել են Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ մասնակցել են հայ—ֆրանսիական տնտեսական համաժողովին։ Այն կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ։ Համաժողովին նախագահները հանդես են եկել ելույթով, պատասխանել են նաեւ համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Համաժողովից հետո Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախագահները ներկա են գտնվել աշխարհահռչակ երգահան—շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին։
Օրվա ավարտին, ի պատիվ Ֆրանսիայի նախագահի, ՀՀ նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք։ 



Հայաստանը հարմար է լավ բիզնեսի համար
 

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը երեկ Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցին հայ—ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը, հանդես եկան ելույթով։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց.  «Մեծարգո՛ պարոն նախագահ,
Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ուրախ եմ, որ նախագահ Օլանդի պետական այցը Հայաստան նշանավորվում է հայ—ֆրանսիական գործարար համաժողովի անցկացմամբ։ Պատահական չէ, որ հենց այս միջոցառումով է տրվում նախագահ Օլանդի պետական այցի մեկնարկը։ Թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի համար առանձնակի կարեւոր նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, ուստի մենք վճռական ենք այս ոլորտը համապատասխանեցնելու մեր քաղաքական երկխոսության մակարդակին։
Ուրախ եմ, որ այստեղ ներկա են ամենատարբեր բնագավառներ ներկայացնող գործարարներ։ Այսօրինակ հանդիպումները ոչ միայն առեւտրատնտեսական հարաբերությունները խթանելու միջոց են, այլեւ կարեւոր հարթակ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով։
Համոզված եմ, որ հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու եւ երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարեւոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը։ Այդ առումով հայ եւ ֆրանսիացի ժողովուրդները երկար ճանապարհ են անցել՝ միմյանց ճանաչելու եւ սերտորեն համագործակցելու առիթ ունենալով դեռ վաղ միջնադարից։ Դեռեւս Կիլիկյան Թագավորության օրոք՝ 11—14—րդ դարերում, հայոց արքաները առեւտրային լայն արտոնություններ են շնորհել ֆրանսիացի վաճառականներին, իսկ 17—րդ դարում կարդինալ Ռիշելյեն հատուկ լիազորություն է ընձեռել հայ վաճառականներին։ Հայերն իրենց ներդրումն են ունեցել Մարսելում, ապա Փարիզում քաղաքային առաջին սրճարանների ստեղծման գործում։ Անցյալի այս դրական փորձն այն կարեւոր հիմքն է, որի վրա պետք է ընդլայնենք եւ ամրապնդենք մեր տնտեսական կապերը։
Հարգելի՛ գործարարներ,
Հայաստանում վստահ ենք, որ գլոբալ մարտահրավերների եւ ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պարագայում կայուն եւ կենսունակ տնտեսության զարգացումը հնարավոր չէ առանց լավ կառավարման, օրենքի գերակայության, արդյունավետ հանրային ծառայությունների եւ, իհարկե, թափանցիկ ու ազատ գործարար միջավայրի։ Գործարար միջավայրի շարունակական բարելավումը մեր տնտեսական զարգացման գլխավոր հենասյուներից է։ Այդ նպատակով նախաձեռնել ենք լայնածավալ տնտեսական բարեփոխումներ՝ հարկային դաշտի բարելավման, ձեռնարկությունների հիմնադրման եւ գրանցման, ներդրողների պաշտպանության եւ մի շարք այլ ոլորտներում։
Այս ամենին զուգահեռ, Հայաստանի՝ Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու որոշումը բնավ չի նշանակում, որ որեւէ կերպ Հայաստանի համար նվազելու է Եվրոպական միության՝ որպես կարեւորագույն տնտեսական տարածաշրջանի դերակատարումը։ Վստահ եմ, որ եվրոպական երկրների կողմից արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին էլ ավելի գրավիչ է դարձնում եվրոպական շուկաները մեր արտահանողների համար՝ խթանելով հայկական ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա։ Միաժամանակ Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաեւ եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության եւ շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է Եվրոպականին։ Դա են վկայում վերջին ժամանակաշրջանում միջազգային կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ ինդեքսները։ Հայաստանի տնտեսությունն այսօր ավելի ազատական եւ գայթակղիչ է օտարերկրյա կապիտալի համար։ Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41—րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես—2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37—րդ տեղում է՝ այդ ցանկում տեղ գրավելով Ֆրանսիայի հարեւանությամբ։
Հարգելի՛ ներկաներ,
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին 22 տարիներին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համակողմանի փոխշահավետ համագործակցություն է զարգացել, որի արդյունքում ունենք դինամիկ օրակարգ եւ առանձնաշնորհյալ հարաբերություններ։
Մեզ ուրախացնում է Հայաստանում հաստատված շուրջ 180 ընկերություն ներկայացնող ֆրանսիական գործարար համայնքը, որտեղ առկա են ավելի քան քսան խոշոր ձեռնարկություններ՝ այդ թվում «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» եւ ուրիշներ։ Սա, անշուշտ, ենթադրում է կարեւոր ներդրումներ, որոնք վերջին վեց տարիներին հատում են 1 մլրդ դոլարի շեմը՝ մոտ տասն անգամ գերազանցելով նախորդ ժամանակահատվածի ցուցանիշները։
Մեզ համար պատիվ է, որ Հայաստանում ֆրանսիական խոշոր ընկերությունների թվին շուտով կավելանա եւս մեկը՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը։ Այս փաստն ինքնին վկայում է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ապահովված օտարերկրյա ներդրումների համար։
Հայաստանը ներդրումային հետաքրքրություն կարող է ներկայացնել միջուկային էներգետիկայի, ինչպես նաեւ վերականգնվող, հատկապես երկրաջերմային էներգետիկայի բնագավառներում։ Նախագահ Օլանդի եւ ինձ համար շատ կարեւոր է, որ մեր երկրների գործարար շրջանակները փոխշահավետ համագործակցություն ծավալեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր բնագավառներում՝ մասնավորապես դեղագործության, գյուղատնտեսության, գինեգործության, ոսկերչության, տեքստիլ, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ ճարտարագիտության, զբոսաշրջության ոլորտներում։ Մեզ համար դա կարեւոր է, քանի որ ընդլայնում է մեր քաղաքական երկխոսության ներուժն ու ընդգրկումը։
Երեւանի եւ Փարիզի միջեւ «Ֆրանսիական ավիաուղիների» կողմից կանոնավոր իրականացվող ուղիղ չվերթը, 2013թ. հունվարի 1—ից Եվրամիության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը եւ ս. թ. հունվարի 1–ից Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզաների տրամադրման դյուրացումը լրացուցիչ պայմաններ են ստեղծում գործարար շփումների ակտիվացման եւ զբոսաշրջության զարգացման համար։
Համագործակցության խթանման գործում առավել ակտիվ դերակատարություն պետք է ստանձնեն Մարսելում, Նիցցայում, Փարիզում գործող հայ—ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատները՝ սերտորեն համագործակցելով Զարգացման հայկական գործակալության եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի հետ։
Մենք գիտակցում ենք, որ զարգացող տնտեսություններում երկարաժամկետ հաջողությունը կախված է նաեւ գործարարությունը խթանելու հանգամանքներից։ Ուստի, պատրաստ ենք ըստ ամենայնի խրախուսել ֆրանսիական ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա, ուր ստեղծվում են նաեւ ազատ տնտեսական գոտիներ, որոնցից առաջինն արդեն բացվել է եւ նախատեսվում է Հայաստանում մեծ թափով զարգացող նորարարական տեխնոլոգիաների արտադրության համար։ Ի դեպ, այս ոլորտում ներդրումներ են կատարել համաշխարհային համբավ վայելող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Սինոփսիսը», «Մայքրոսոֆթը», «Սիմենսը»։ Վստահ եմ, որ այս հնարավորությունները կհետաքրքրեն նաեւ ձեզ։
Հարգարժա՛ն գործարարներ,
Լիահույս եմ, որ դուք լավագույնս կօգտվեք համաժողովի ընձեռած հնարավորություններից՝ նոր գործընկերային կապեր հաստատելու համար։ Այդ ակնկալիքով համաժողովը հայտարարում եմ բացված՝ մաղթելով ձեզ հաջողություններ։ Հաճույքով խոսքը փոխանցում եմ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Ֆրանսուա Օլանդին»։
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթում նշեց. «Մեծարգո՛ պարոն նախագահ,
Հարգարժա՛ն տիկնայք եւ պարոնայք նախարարներ, խորհրդարանականներ,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք Հայաստանի եւ Ֆրանսիայի ձեռնարկությունների ղեկավարներ,
Առաջին անգամ է, որ այսօրինակ միջոցառում է կազմակերպվում Ֆրանսիայի նախագահի մակարդակով Հայաստան կատարվող այցի շրջանակում։
Մեր երկրների միջեւ պարբերական հաճախականությամբ բարձրաստիճան քաղաքական հանդիպումներ տեղի են ունենում տարիներ ի վեր։
Սակայն մինչ օրս հնարավորություն չենք ունեցել մեր քաղաքական կամքը դրսեւորել՝ ի շահ գործարար նոր կապերի, գործընկերությունների ձեւավորման։ Այդպիսի առիթ ունենք այսօր՝ Հայաստան իրականացվող իմ պետական այցի շրջանակում։
Ինչպես նշեց մեծարգո պարոն նախագահ Սերժ Սարգսյանը, ինքս էլ ցանկանում եմ վերստին ընդգծել, որ Հայաստանում տարիներ ի վեր հաստատված են ֆրանսիական բազմաթիվ ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարել եւ հաջող գործունեություն են ծավալում ձեր երկրում։ Խոսքս ֆրանսիական այնպիսի ընկերությունների մասին է, ինչպիսիք են՝ «Պեռնո Ռիկարը», «Կրեդի Ագրիկոլը», «Կարֆուրը», «Օրանժը», «Ֆրանսիական ավիաուղիները», «Վերիտաս» ընկերության հայաստանյան գրասենյակը եւ շատ այլ ընկերություններ, որոնց մասին հիշատակեց նախագահ Սերժ Սարգսյանը։
2013թ. հոկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերեցինք այսօրվա տնտեսական համաժողովի կազմակերպման մասին, եւ Հայաստան կատարվող իմ այցը, որպես կարեւոր ազդակ, ի սպաս դնել հայ—ֆրանսիական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Հայ—ֆրանսիական տնտեսական ցուցանիշները բարելավելու անհրաժեշտություն է նկատվում, անգամ եթե Ֆրանսիան Հայաստանում կատարած ներդրումների ծավալով եվրոպական երկրների թվում առաջին տեղն է զբաղեցնում։
2007—ից ի վեր ֆրանսիական ներդրումները Հայաստանում կազմում եմ ԵՄ երկրների կողմից կատարված ներդրումների կեսից ավելին։ Սակայն համաձայն վիճակագրության՝ դրանք շատ համեստ են՝ տարեկան 120 մլն եվրո։
Անշուշտ ֆրանսիական ընկերությունները, հանձինս վերը թվարկված ձեռնարկությունների, Հայաստանում գործունեություն են ծավալում գյուղմթերքի արտադրության, բանկային ոլորտի, հեռահաղորդակցության տրանսպորտի եւ մթերային/կենցաղային արտադրանքի վաճառքի ոլորտներում։ Այդուհանդերձ մեր առեւտաշրջանառությունը տարեկան կազմում է ընդամենը 50 մլն եվրո։ Ֆրանսիան Հայաստանի 10—րդ ներմուծողն է, ինչն, իր հերթին, տեղական շուկայի 2%—ից քիչ ցուցանիշ է կազմում։
Մի կողմից, հաշվի առնելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամությունը, ինչպես նաեւ Հայաստանում եւ Ֆրանսիայում մի շարք միջոցառումներին մեր մասնակցությունը, որոնք վկայում են այդ բարեկամության մասին, Ֆրանսիայում բնակվող շուրջ 500.000 հայկական համայնքը, իսկ մյուս կողմից տնտեսական դաշտում արձանագրելով այսպիսի արդյունքներ՝ հասկանում ենք, որ տնտեսական համագործակցության առումով երկար ճանապարհ ունենք անցնելու։
Այսօրվա միջոցառումը հենց այն ճանապարհն է, որ որոշել ենք անցնել միասին։ Ուրախ եմ, որ ինձ ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված են ֆրանսիացի պատգամավորներ, որոնք միաժամանակ նաեւ տեղական իշխանությունների ղեկավարներ են։ Գովելի է, որ նրանք նույնպես հանձնառու են վերոնշյալ նպատակների իրագործմանը։
Ինչ պետք է անենք։ Նախ եւ առաջ՝ պետք է առավել լավ ճանաչելի դարձնել հայաստանյան շուկան եւ այստեղ առկա հնարավորությունները։ Հայաստանում նաեւ Ֆրանսիայի տնտեսական դիվանագիտությունն իրականացնելու հարցում դերակատարություն ունի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։ Այս առումով պետք է ակտիվ լինի նաեւ ֆրանսիական «Ubifrance» գործակալությունը, որն իրավասու է ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային զարգացմամբ։
Պետք է համապարփակ տեղեկատվություն հաղորդենք Հայաստանում ֆրանսիական ընկերությունների հաստատման գործընթացները պարզեցնելու համար։ Պետք է այնպես անել, որ մեր երկու երկրների համար վերոնշյալ քայլերը հնարավորինս պարզ ու թափանցիկ լինեն, որպեսզի ոչ մի առեւտրային ծրագիր չխոչընդոտվի, որպեսզի տեղեկատվական ոչ մի պակաս չլինի։ Չլինի ժամանակի կորուստ տնտեսական որոշման եւ դրա կենսագործման ճանապարհին։
Հայաստանում գործում է նաեւ հայ—ֆրանսիական գործարար ակումբ, որը նույնպես մասնակցություն է ունեցել այս ֆորումի կազմակերպմանը։ Այն պետք է կարճ ժամկետներում ամրապնդի իր դիրքերը։
Միաժամանակ դիմել եմ նաեւ այս այցի ընթացքում ինձ ուղեկցող Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի ֆրանսահայերը նույնպես ներգրավվեն մեր կողմից նախանշված աշխատանքներում։
Կարծում եմ, որ բազմաթիվ ֆրանսահայ ձեռնարկատերեր նույնպես պետք է իրենց փորձն ու հմտությունները բերեն Հայաստան եւ դա անեն իրենց հայրենիքի հանդեպ հանձնառության կանչով։
Հայաստանը դինամիկ, տպավորիչ զարգացում է ապրում, մենք այդ մասին խոսել ենք նախագահ Սարգսյանի հետ։ Այդուհանդերձ արձանագրված աճը սահմանափակ է։
Ըստ այդմ, հարկավոր է Հայաստանի տնտեսություն բերել որոշակի ծավալի արտադրանք, տեխնոլոգիաներ, մեր հմտությունները, եւ դա պետք է անենք հայաստանյան եւ ֆրանսիական ձեռնարկությունների միջեւ գործարար կապերի ձեւավորման միջոցով։
Ես հանձնարարել եմ Զարգացման ֆրանսիական գործակալությանը՝ մի շարք ծրագրեր ֆինանսավորել Հայաստանում՝ բնակարանային, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության զարգացման, եւ, մասնավորապես, ոռոգման ոլորտներում։ Համագործակցության այս ոլորտներում որոշակի համաձայնագրեր ստորագրվել են եւ ստորագրվելու են։
Միաժամանակ ցանկանում եմ, որպեսզի ջանքեր գործադրենք բարելավելու համար Հայաստանի տնտեսական գրավչությունը։ Գիտեմ, պարոն նախագահ, որ այդ նպատակին նույնպես նպաստում եք՝ Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների միջոցով։
Տնտեսական բարեփոխումները պետք է իրականացնել թե Ֆրանսիայում՝ մեր ռիթմով (եւ մենք դա անում ենք), թե Հայաստանում։
Հաճախ բարեփոխումները կապակցվում են Եվրոպայի հետ։ Պետք է բարեփոխումներ անել՝ անկախ եվրոպական հեռանկարից։ Բարեփոխումներ պետք է իրականացնել, քանի որ դրանք նպաստում են երկրի մրցունակությանն ու գրավչությանը։ Բարեփոխումներ պետք է անել տնտեսելու եւ ավելի մեծ ներդրումներ կատարելու համար հեռանկարային բնագավառներում։
Հարկավ Հայաստանը նույնպես եվրոպական հեռանկար ունի, որի մասին, պարոն նախագահ, վերահաստատել եք 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Ես ուշադիր եմ, որպեսզի Հայաստանին երկու ընտրության առջեւ չկանգնեցնենք, որն ի վերջո հակասություն կստեղծի՝ ի դեմս ձեր երկրի շահերի։
Մենք Հայաստանի Հանրապետության նախագահի հետ այդ մասին նույնպես խոսել ենք 2013թ. հոկտեմբերին՝ Ֆրանսիա կատարած նրա վերջին այցի ընթացքում եւ այստեղ ժամանման ճանապարհին։
Մենք պետք է ստեղծենք Եվրոպա—Հայաստան համագործակցության ասոցիացիա, բայց այնպես, որպեսզի այն չհակասի Մաքսային միության շրջանակում Ռուսաստանի հետ Հայաստանի հեռանկարներին։
Կարծում եմ՝ կարող ենք գտնել ողջամիտ, եզակի, բացառիկ մոդել՝ ընդունելով Հայաստանին որպես մի երկրի, որը միաժամանակ կապված է իր աշխարհաքաղաքական միջավայրին, տարածաշրջանին եւ որը ցանկանում է Եվրոպայի հետ մասնակցել ընդհանուր ծրագրի, մասնավորապես մարդու իրավունքների, քաղաքական երկխոսության եւ ժողովրդավարական գործընթացների շուրջ համագործակցության դաշտում։
Եվրոպայի հետ համագործակցությունը պետք է նաեւ ներդրումներ ներգրավելու խթան հանդիսանա Հայաստանի համար։ Ֆրանսիան այդ հարցում կարող է առաջամարտիկ լինել, քանի որ Ֆրանսիան այդպիսին լինելու հանձնառություն ունի եւ առաջամարտիկ է։
Ֆրանսիան առաջամարտիկ է նաեւ Հայաստանի հետ բազմաթիվ հարցերում, այդպիսին պետք է լինի նաեւ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում։ Դրա ցայտուն օրինակին մենք ականատես կլինենք վաղը, երբ տեղի կունենա ֆրանսիական խոշոր ընկերության՝ «Կարֆուրի» հիմնարկեքը։
«Կարֆուրն» ապրուստի հնարավորություն կտա տեղական արտադրողին եւ լիարժեք կինտեգրվի հայաստանյան մթերային, կենցաղային արտադրանք վաճառող տեղական խանութների ցանցում։ Սա մեծապես խրախուսող քայլ է, եւ մենք Հայաստանի Հանրապետության նախագահի հետ միասին կայցելենք «Կարֆուր», կտեսնենք այնտեղ առաջարկվող ֆրանսիական եւ հայկական արտադրանքը։
Ցանկանում եմ նաեւ, որ «Կարֆուրի» հաստատումը Հայաստանում խրախուսի ֆրանսիական մյուս ընկերություններին ձեր երկրում ներդրումներ կատարելու եւ ոչ միայն մթերային վաճառքի ոլորտում։
Սա Հայաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավման գրավականն է, որին պետք է նպաստենք։
Հայաստանին անհրաժեշտ են նաեւ համապատասխան կադրեր, տեխնիկական մասնագետներ, որոնք կաջակցեն ձեր երկրի զարգացմանը։ Սա կարեւոր է Հայաստանի եւ Ֆրանսիայի համար։
Հաճախ մտածում են, որ բավական է ընկերություն հիմնել տվյալ երկրում՝ մեր առեւտրաշրջանառությունն ու ներդրումները խթանելու համար։ Ոչ։ Պետք է ակնկալվող արդյունքների համար նախադրյալներ ստեղծել, որոնցից լավագույնը կադրերի, տեխնիկական մասնագետների, համապատասխան աշխատուժի պատրաստումն է։
Դրա համար այս այցի ընթացքում ցանկանում եմ, որպեսզի ամրապնդենք ֆրանսիական ներկայությունը՝ կադրերի պատրաստման առումով՝ հիմնվելով արդեն իսկ գոյություն ունեցող մեխանիզմների վրա, ես նկատի ունեմ, իհարկե, Հայաստանում ֆրանսիական համալսարանը։
Ցանկանում եմ, որ ֆրանսիական ընկերությունների օգնությամբ մասնագիտական պատրաստման կենտրոններ ստեղծվեն Հայաստանում։
Ահավասիկ, տիկնայք եւ պարոնայք, իմ այցի իմաստը, որը քաղաքական բովանդակալից հարաբերությունների, բարեկամության նշանավորման լույսի ներքո է ընթանում, ցանկանում եմ, որ այն նաեւ տնտեսական բովանդակություն ունենա։
Մենք կարծում ենք, որ Հայաստանը ընտրությունների առջեւ է կանգնած, որոնք նրան պետք է ուղղորդեն դեպի արագացված զարգացում։ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական ոչ դյուրին վիճակում։ Կյանքում ինքդ քեզ հետ լեզու գտնելն արդեն դժվար է, իսկ ապրել հարեւանների հետ՝ ավելի քան դժվար։
Ուրեմն պետք է «բացել» Հայաստանը, սա է նաեւ այս այցի նպատակը՝ քաղաքական հարցերի քննարկումը։ Բաց Հայաստանի դեպքում կխթանվի երկրի տնտեսական զարգացումը։ Պետք է այս երկու լուծումները նույն ուղղությամբ ընթանան։ Չտարանջատենք, սա է Հայաստանին օգուտ բերելու պատգամը։
Հաշվի առնելով, որ այս այցն, առաջին հերթին, բարեկամական այց է եւ դրա նպատակներից մեկն էլ Հայաստանում ֆրանսիական ընկերությունների հաստատման խթանումն է։ Ես բարձր եմ գնահատում նաեւ ֆրանսիական այն ընկերությունների գործունեությունը, որոնք ներկա են Հայաստանում եւ գործում են այստեղ։
Եզրափակելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ Ֆրանսիան ցանկանում է օգտակար լինել Հայաստանին»։


Գործարար միջավայրն անընդհատ բարելավվում է
 

Նախագահների ելույթներից հետո հայ—ֆրանսիական գործարար համաժողովի մասնակիցները հարցեր են ուղղել նրանց։
Ֆիլիպ Գոթիե, Գործատուների ֆրանսիական միության գլխավոր տնօրեն.
–Ինչպես արդեն հայտնի է, մոտ ապագայում Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, որը հնարավորություն կընձեռի հայկական ընկերություններին ավելի դյուրացված կարգով մուտք գործել 200 միլիոն սպառող ունեցող Մաքսային միության շուկա։ Ինչպիսի՞ առավելություններ կունենան ֆրանսիական ընկերությունները Հայաստանի միջոցով այս շուկայի հետ համագործակցելիս, եւ այս առումով ի՞նչ է անելու Հայաստանը՝ ֆրանսիական ընկերություններին գրավելու ուղղությամբ։
Նախագահ Սերժ Սարգսյան.
–Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնենք։ Մաքսային միության հնարավոր անդամակցությունը, կարծում եմ, Հայաստանի տնտեսությունը եւ Հայաստանը՝ որպես ներդրումային միջավայր, ավելի գրավիչ է դարձնում։ Փաստորեն, Դուք արդեն նշեցիք 200 միլիոնանոց շուկայի մասին, ես ուզում եմ նաեւ նշել, որ այսօր Հայաստանը օգտվում է նաեւ արտոնությունների ընդհանուր համակարգից, այդպես է, չէ՞, GSP+—ը, եւ ստացվում է, որ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանում գործող ձեռնարկությանն օգտվելու 700 միլիոնանոց շուկայից, իսկ սա, կարծում եմ, կարեւոր հանգամանք է։ Բացի դրանից, Մաքսային միությանն անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է տալիս մրցունակ գներով էներգակիրներ ներմուծելու հանրապետություն, ինչը բավականաչափ մեծ խթան է։ Փաստորեն, Մաքսային միության անդամներին այդ կազմակերպությունը 30 տոկոսանոց զեղչ է կատարում վառելիքի, գազի, բենզինի եւ այլնի վրա։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի գրավչությունը կարող է բարձրանալ, եթե մենք կարողանանք շուկայի սահմանափակումները վերացնել ու նաեւ մեծ շուկաներից կտրվածության վերջը տալ։ Մաքսային միությանն անդամակցությունը հենց այսպիսի խնդիրներ է լուծում։ Ուզում եմ այստեղ բոլորի ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա, որ որոշ մարդիկ, տեղյակ չլինելով կառավարության քաղաքականությանը, տեղյակ չլինելով այն մանրամասներին, որոնցով զբաղվում է կառավարությունը, փորձում են լուրեր տարածել, որ Մաքսային միությանն անդամակցումը կարող է խոչընդոտել ներդրումային գործընթացին, որովհետեւ որոշակի ապրանքատեսակների, այդ թվում նաեւ հումքերի վրա պետք է կիրառվի լրացուցիչ մաքսային տուրք։ Ուզում եմ ասել, որ նախ՝ հիմնական հումքերի եւ ապրանքատեսակների մասով մենք արդեն բանակցային գործընթացում ունենք պայմանավորվածություններ. սա՝ մեկ, եւ երկրորդը՝ Հայաստանի կառավարությունը ունի գործիքներ, որոնցով կխրախուսի տվյալ ներդրողին, եթե որոշակի փոփոխություններ ժամանակի ընթացքում լինեն՝ կապված հումքի ներմուծման հետ։ Ուզում եմ ասել, որ այստեղ էլ շատ հանգիստ կարելի է լինել։ Հայաստանն առաջարկում է օտարերկրյա եւ առաջին հերթին՝ ֆրանսիացի գործարարներին 30 րոպեի ընթացքում գրանցել ձեռնարկություն, արագ գտնել մի քանի լեզուների տիրապետող երիտասարդ մասնագետների եւ եթե հաշվի առնենք, որ Հայաստանում աշխատավարձը բարձր չէ՝ միջին աշխատավարձը կազմում է 300 եվրո, ապա կարծում եմ, որ Հայաստանում, իրոք, կարելի է լավ բիզնես անել։ Ընդ որում, մենք ծրագրեր ունենք ինչպես խոշորածավալ, օրինակ, Հայաստանում սկսելու պղնձաձուլարանի կառուցումը, ինչը շատ խոշոր ծրագիր է նույնիսկ մեծ ընկերությունների համար, որովհետեւ, սկսած այս տարվա սեպտեմբերից, Հայաստանը արտադրելու է 80—100 հազ. տոննա պղինձ՝ խտանյութում։ Սա արդեն այն քանակն է, որը վերամշակման մեծ կարիք ունի, վերջացրած փոքր ծրագրերից, օրինակ, ջերմոցաշինության եւ գյուղատնտեսական մթերքների արտադրության փորձը։ Իսկ ֆրանսիացի գործարարների համար մենք պատրաստակամ ենք մեր ուշադրությունը հավելյալ ավելացնել։
Ֆրանսիս Ժելիբտեր, «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն.
–Պարո՛ն նախագահ, Հայաստանում գործող ընկերությունները գնահատում են Ձեր եւ Հայաստանի կառավարության հետաքրքրվածությունը երկրում նորարարությունների եւ տեխնոլոգիաների զարգացմամբ։ Կարո՞ղ եք ներկայացնել այն տարբեր միջոցառումները, որոնք մտադիր են իրականացնել հայկական իշխանությունները՝ թափ հաղորդելու բարձր տեխնոլոգիաների արտադրության եւ այդ ոլորտում ծառայությունների զարգացումը Հայաստանում։ Համացանցի զարգացման հետ կապված՝ արդյո՞ք դուք խրախուսելու եք կառավարության կենտրոնական, տարածքային եւ մեծ քաղաքների մակարդակներում էլեկտրոնային կառավարման հետագա ներդրմանը։ Եթե այո, արդյո՞ք կարծում եք, որ ֆրանսիական կապիտալով ընկերությունները, ինչպիսին «Օրանժն» է, կկարողանան մասնակցել էլեկտրոնային կառավարման միջոցների ներդրմանը։
Սերժ Սարգսյան.
–Միանգամից պետք է ասեմ, որ մենք ուրախ ենք, որ «Օրանժը» Հայաստանում է, ուրախ ենք, որ «Օրանժը» տարեցտարի ընդլայնում է իր ծառայությունները՝ մի կողմից, իհարկե, մատուցելով որակյալ ծառայություններ մեր բնակչությանը, մյուս կողմից՝ կամաց—կամաց արդեն մտնելով զուտ բիզնես դաշտ, որպեսզի կարողանա վերադարձնել իր ներդրումները։ Ակնհայտ է, որ առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, անհնար է ունենալ արդյունավետ կառավարում եւ ժամանակակից կենցաղ։ Հենց այդ պատճառով Հայաստանի կառավարությունը որդեգրել է, այսպես ասած, էլեկտրոնային կառավարության մոդելը, եւ տարեցտարի տեխնոլոգիաները օգտագործվում են տարբեր ոլորտներում ու շատ արդյունավետ։ Ես կարող եմ օրինակ բերել հարկային հաշվետվողականությունը, այսինքն՝ հարկերի էլեկտրոնային վճարումը, կարող եմ օրինակ բերել մեր կադաստրը, կարող եմ օրինակ բերել մեր մի քանի ոլորտներ, այնպիսիք, ինչպիսիք են՝ գնումների ոլորտը, ձեռնարկությունների գրանցման եւ այլն, բազմաթիվ են դրանք։ Արդյունքում, իհարկե, մենք ունենալու ենք էլեկտրոնային կառավարությունը, եւ այդ ոլորտներին անցումները մենք կատարում ենք հրապարակային մրցույթների միջոցով, եւ շատ ուրախ կլինենք, եթե «Օրանժը» մասնակցի այդ մրցույթներին, շահի եւ, իհարկե, ինքը մասնակցի էլեկտրոնային կառավարության ստեղծմանը։ Մենք համարում ենք, որ, իրոք, որոշակի հաջողություններ այս բնագավառում ունենք, բայց մյուս կողմից էլ խորապես համոզված ենք, որ կիլոմետրերով ետ ենք մնում զարգացած երկրներից։ Ահա այս տարբերությունը մենք պետք է կրճատենք, եւ մենք վճռական ենք դա անելու։ Մենք, անշուշտ, մեկ անգամ եւս ասեմ, այո՜, պատրաստ ենք նաեւ անհատական գործիքներ առաջարկելու մեր ներդրողներին։ Գոնե «Օրանժն» այդ մասին գիտի։ Հայաստանն այնքան փոքրիկ երկիր է եւ այնքան փոքրիկ տնտեսություն ունի, որ Հայաստանի եւ Նախագահը, եւ վարչապետը, առավել եւս՝ կառավարության անդամները մշտապես ժամանակ կգտնեն նույնիսկ միջին ներդրողի համար, որպեսզի ծանոթանան նրա խնդիրներին եւ փորձեն օժանդակել՝ մինչեւ պետական համակարգն ամբողջովին կաշխատի։
Հովիկ Մուսայելյան, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն.
–«Սինոփսիսն» ամերիկյան ընկերություն է համաշխարհային առաջատար միկրոսխեմաների նախագծման ասպարեզում եւ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում ներդրել է մի քանի հարյուր միլիոն դոլարի նորագույն տեխնոլոգիաներ, եւ այժմ մենք մեր հազար հոգանոց թիմով Հայաստանի ամենամեծ գործատուն ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Եվ ասեմ, որ մեր գործատուն առավել քան գոհունակ է իր բիզնես գործառույթներից Հայաստանում, քանի որ ցածր ինքնարժեքով կարողանում է ստեղծել բարձրորակ ինտելեկտուալ արտադրանք։ Իմ հարցը ես ուզում եմ հղել երկու նախագահներին։ Մեծարգո պարոն նախագահներ, հայտնի է, որ Հայաստանը աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով իր հիմնական շեշտադրումներն անում է բարձրարժեք արտադրություններում, մասնավորապես՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաներում, ռոբոտաշինության եւ դեղագործության եւ նմանատիպ այլ ոլորտներում։ Ֆրանսիան աշխարհի այն առաջատար երկրներից է, որը պարբերաբար օգտագործում է ինովացիաները եւ նորարարական տեխնոլոգիաները։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն երկու երկրների կառավարությունները, որպեսզի կարողանան նոր զարգացման փուլի հասցնեն այս ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաեւ նպաստեն ինչու չէ երկու երկրների համատեղ ձեռնարկությունների կայացմանը եւ ստեղծմանը Հայաստանում։
Սերժ Սարգսյան.
–Կարճ պատասխանը հետեւյալն է, պարո՛ն Մուսայելյան՝ մենք անընդհատ պետք է կատարելագործենք գործարար միջավայրը, սա է այն ճանապարհը, որով մենք կարող ենք ինչպես գրավիչ դարձնել ներդրումային պայմանները, այնպես էլ խթանել տնտեսական աճը Հայաստանում։ Ինչ վերաբերում է ինովացիաներին, Դուք շատ հստակ գիտեք, որովհետեւ ես հայտարարել եմ, հիմա էլ բոլորի ներկայությամբ հայտարարում եմ՝ այն ընկերությունները, որոնք Հայաստանում կարտադրեն նորարարական հիմքերի վրա արտադրանք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է լրացուցիչ արտոնություններ տրամադրել, օրինակ՝ տեւական ժամանակով ազատել շահութահարկից։ Մենք կարող ենք նաեւ այլ առաջարկություններ անել, կարեւորն այն է, որ գտնենք այդպիսի ընկերություն, մեր ունեցած ծրագրերով մարդկանց ոգեւորենք, վստահություն ներշնչենք, որպեսզի նրանք գան եւ Հայաստանում ստեղծեն նոր արտադրանք։ Սա պետք է լինի մեր հիմնական խնդիրը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 395 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024