Տնտեսական քաղաքականության համադրումը՝ ազգային նպատակներին
Այս հարցերի շուրջ ներկայացված լուրջ աշխատություն կա, «Չինաստան—Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանի հրապարակած «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Հայաստանը» աշխատությունը, որն իր տեսակի մեջ առաջինն է եւ միակը հայկական իրականությունում։ Արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը բարձր գնահատելով այս գիրքը, նշել է. «Ցավալի է այն փաստը, որ Հայաստանը վատ գիտե Չինաստանը, եւ ավելի վատ է, որ հետ է մնում այդ կարեւորագույն երկրի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունից։ Մինչդեռ Հայաստանում հետաքրքրությունը «չնաշխարհիկ» երկրի նկատմամբ հետզհետե աճում է։ Առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ասել, որ գիրքը ճանապարհային քարտեզ է դեպի Չինաստան Հայաստանի առաջանալու համար»։
Աշխատության ամենամեծ արժեքն այն է, որ հեղինակը հայ ընթերցողին առաջին անգամ հանգամանորեն ներկայացնում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», իմա՝ «Մետաքսի ճանապարհ» համաշխարհային մասշտաբի նախաձեռնությունը։ Լավ հնարավորություն է ընձեռված բազմակողմանիորեն ծանոթանալ «Մետաքսի ճանապարհի» ներչինական նշանակությանը, այն հեռանկարներին, որոնք բացվում են տարածաշրջանային երկրների եւ տարբեր մայրցամաքների համար այդ համապարփակ նախաձեռնության շնորհիվ։
Կարեւոր է նաեւ, որ երկար տարիներ ապրելով, սովորելով ու աշխատելով Չինաստանում՝ Մհեր Սահակյանն ակտիվ դեր է խաղացել հայկական համայնքի կազմավորման եւ գոյացման գործընթացում եւ նա ցույց է տալիս այն հնարավորությունները, որոնց տիրապետում է տեղի հայությունը հայ—չինական հարաբերությունների զարգացման գործում։ Այդ հնարավորությունը չի կարելի հաշվի չառնել, որը թույլ կտա նորովի կարեւորել հայկական գործոնը ոչ միայն մեր տարածաշրջանում։ Սա կարեւոր է նաեւ սփյուռքյան համապատկերում։ Այստեղ է, որ պետք է օգտագործել ե՛ւ նախկին իշխանությունների, ե՛ւ Հայաստանի ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարած՝ «հայերս համաշխարհային ազգ ենք» գաղափարաբանությունը, որն իրողություն է հայերիս սփռված լինելու եւ ազգային նպատակների շուրջ մեկտեղվելու առումով։ Միջազգային բարձր ամբիոններում քանիցս ասվել է այս մասին, իսկ վերջերս մեր երկրի նախագահը այս գործոնի դերն արժեւորեց նաեւ Գերմանիայում կայացած իր միջազգային հանդիպումներում։
Մեզանում մշտապես հարց է առաջանում, երբ քննարկվում է Հայաստանի՝ տարածաշրջանային (էլ չասենք՝ համաշխարհային) նշանակության տնտեսական ծրագրերը, այն է՝ թե մենք տարածքային խնդիրներ ունենք, ինչը աննպաստ է դարձնում մեր նաեւ տնտեսական ծրագրերի միջազգայնացումը։ Իհարկե, այստեղ կա ճշմարտության հատիկ։ Բայց վերոնշյալ երեւանյան գիտաժողովում հետաքրքիր ելույթ է ունեցել Նանծինի համալսարանից Տայ Յուլոնը, որը խոսել է Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում Չինաստանի տարածքային խնդիրների մասին։
Նա եւս նշել է, որ այդ ծովերում Չինաստանի տարածքային խնդիրների պատճառով հարցեր են առաջանում, բայց, փաստորեն, Չինաստանը կարողանում է առաջ տանել իր ծրագրերը։ Նա ներկայացրել է նաեւ այդ խնդիրների պատմական ու իրավաբանական հիմնավորումները, ինչը պետք է անենք նաեւ մենք՝ մեր ազգային խնդիրները միջազգայնացնելով եւ դրանք միջազգային օրակարգում հաստատելով։
Արդեն նշել ենք, որ Արցախի հարցի խաղաղ կարգավորման հարցում մեծ նշանակություն կունենա նաեւ հայ—չինական հարաբերությունների ծավալումը մեր տարածաշրջանում։ Չինաստանի հետ կարելի է համագործակցել նաեւ ռազմա—տեխնիկական ոլորտում։
Ակնհայտ է, որ ներկայիս թե՛ համաշխարհային քաղաքականության, թե՛ տնտեսության մեջ մեծանում է Չինաստանի դերակատարումը, որպես մի հզոր ու որոշիչ կարողություններով ուժի, որը ապագային միտված գերտերություն է։ Այս համապատկերում կարեւոր է, որ Հայաստանը շարունակի իր փոխլրացնող արտաքին քաղաքականությունը եւ համաշխարհային նշանակության բոլոր ուղղությունների հետ հաստատի տնտեսական կայուն կապեր, քանզի միայն այդպես է հնարավոր ամրապնդել նաեւ քաղաքական կապերը եւ փոխշահավետ համագործակցությունը։
Հատկապես «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու» ազդեցությունը կարող է մեծապես նպաստել տարածաշրջանում իրավիճակի կտրուկ փոփոխությանը՝ ի նպաստ Հայաստանի ու հայկական շահերի։ Նաեւ Մերձավոր Արեւելքում, որտեղ, ըստ Շանհայի համալսարանի գլոբալ կառավարման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կեսկինի՝ անչափ կարեւորվում է Չինաստանի վարած արտաքին քաղաքականությունը, ինչը եւս կարեւոր կարող է լինել Հայաստանի մերձավորարեւելյան քաղաքականության համապատկերում։
Այստեղ եւս հնարավոր է հայկական գործոնի դերը մեծացնել, քանի որ Մերձավոր Արեւելքում հայերը ունեն ավանդական կապեր ու նպատակներ։ Հեռավոր Արեւելքում եւս հայերի աշխուժացման փորձեր են արվել։ Հեռավոր Արեւելքի հայերը երբեմն հավաքույթներ են անցկացնում, ինչին կարելի է պարբերական բնույթ տալ։ Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 10—ին Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում Հեռավոր Արեւելքի հայկական համայնքները միասին տոնել են Սուրբ Ծնունդը։ Թայլանդի թագավորությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտո Արթինյանը նշել էր, որ Հեռավոր Արեւելքում հայկական համայնքները մեծանում են, ու շատ կարեւոր է հայրենիքից հեռու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու ավանդույթները։ Այդ հավաքույթին մասնակցեցին Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր։
Այս եւ այլ հարցերի մասին խոսվել է նաեւ նախորդ տարեվերջին «Չինաստան—Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական խորհուրդ» հիմնադրամի հատուկ հրավերով Երեւան ժամանած Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի առաջատար գիտնականների հետ հանդիպմանը։ Այցի շրջանակներում տեղի է ունեցել «Չինաստան, Եվրասիա եւ Հայաստան. հայացք Երեւանից ու Պեկինից» գիտական սեմինարը։ Նշվել է, որ Հայաստանում չինական ներդրումները դեռեւս շատ քիչ են, եթե համեմատենք նույնիսկ Հարավային Կովկասի մյուս երկրների հետ։ Ահա այս բացը պետք է լրացնել, եւ չինական կողմը պատրաստակամություն է հայտնել։
Պայմանավորվածություն կա սերտացնել երկկողմ համագործակցությունը, քննարկել ամենատարբեր առաջարկություններ, որոնք կօգնեն զարգացնել հայ—չինական հարաբերությունները։
Իզուր չէ, որ Չինաստանը Կովկաս—Մերձավոր Արեւելք տարածաշրջանների ամենամեծ դեսպանատունը Երեւանում է կառուցում։
Հայ—չինական կապերի համապատկերում կարեւոր են նաեւ հայ—իրանական եւ հայ—վրացական հարաբերությունների համաչափ զարգացումները։ Այս համապատկերում շատ արդյունավետ էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան այցը։
Ընդհանրապես մենք պետք է այնպիսի քաղաքականությամբ առաջնորդվենք, որ Հայաստանի հետ կապված մեծածավալ ծրագրերը, մանավանդ եթե մեծածավալ էլ վարկեր ենք ներգրավում, չդիտարկենք ու չմատուցենք բացառապես Հայաստանի տեսանկյունից։ Դրա համար էլ մենք Հյուսիս—հարավը հայ—չինական, հայ—իրանական եւ հայ—վրացական հարաբերություններում դիտարկում ենք մեկ հարթակում։ Այո, չենք ժխտում, արտաքին քաղաքական գործոնները մեծապես ազդում են այն որոշումների վրա, որոնք Հայաստանին դուրս են թողնում տարածաշրջանային ծրագրերից։ Բայց կան հարթակներ, որոնց մասին եւ խոսեցինք, որտեղ կարող է ճիշտ հակառակը լինել, եւ Հայաստանի տնտեսական դերի արժեւորմամբ կարող են փոխվել նաեւ քաղաքական որոշումները։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
|