
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18—րդ տարեկան համաժողովի աշխատանքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է։ «Կա մի կարեւոր նրբություն, թե ինչու ենք կարեւորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաեւ՝ գաղափարական։ Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի եւ ավելի նեղացնում անհնարինի սահմանը։ Կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարեւոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, եւ հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում, եւ սա վերաբերում է բոլոր ոլորտներին»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա ընթացիկ շրջանի ամենակարեւոր գաղափարական խնդիրն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը եւ ժողովուրդը երկար տարիներ արգելակվել է «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ։ «Այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են, եւ դրանց իրագործումը մեր գործնական խնդիրն է՝ անկախ նրանից, թե մյուսները որքանով են դա հնարավոր համարում։ ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը, եւ դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը։ Մենք սկսել ենք հնարավորինի սահմանների ընդլայնման գործընթացը, պետք է շարունակենք այն եւ այդ հարցում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները եւ հայ ժողովուրդը պետք է ունենան առաջամարտիկի դերակատարում։ Այո՛, այսօր աշխարհը մեզ նայում է որպես առաջամարտիկի, եւ մենք նորանոր նվաճումներով պետք է հաճելի անակնկալներ մատուցենք աշխարհին, մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ այս գործում Հայաստանին, հայ ժողովրդին աջակցելու ձեր պատրաստակամության եւ վճռականության համար»,–դիմելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ նշել է վարչապետ Փաշինյանը։
|