ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Մարտ » 18 » Վավերականության հարցը քննարկելու ժամանակն է
12:23
Վավերականության հարցը քննարկելու ժամանակն է

Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի միջազգային-իրավական գնահատման որոշ հարցեր

Անկախությունից սկսած Հայաստանը փորձել է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն ապարդյուն։ Թուրքիան մեր այն հարեւանն է, որի հետ Հայաստանն ունի քաղաքական, տարածքային, տնտեսական եւ այլ ոլորտներ ընդգրկող բազմաթիվ չլուծված հարցեր։
2009 թվականի հոկտեմբերի 10—ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը 2018 թվականի մարտի 1—ին Հայաստանի կողմից դադարեցվեց։
Թուրքիան իր ոչ կառուցողական դիրքորոշմամբ մեկ անգամ եւս ապացուցեց, որ պատրաստ չէ փոխզիջումների։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անհամաձայնության հարցերից մեկն էլ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվավերության հարցն է։ Կարծում եմ՝ հասունացել է պահը այդ պայմանագրերի վավերականության հարցը Հաագայի միջազգային դատարանում քննարկելու համար։ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը քննարկելիս ամենահիմնական հարցը՝ դա նրանց վավերականության հարցն է, քանի որ միայն վավերական միջազգային պայմանագրերը կարող են առաջացնել պայմանավորվող կողմերի համար իրավաչափ հետեւանքներ, եւ միայն այդպիսի պայմանագրերի ուժով կողմերը կարող են ձեռք բերել օրինական, այլ ոչ թե կարծեցյալ իրավունքներ եւ պարտականություններ։ Նման ըմբռնմամբ վավերականությունը հարկավոր է տարբերել միջազգային պայմանագրի գործողությունից։ Պայմանագրի գործողությունը կախված է նրա ուժի մեջ մտնելուց, դադարման ժամկետից եւ այլ պայմաններից, որոնք որոշվում են տվյալ պայմանագրի մասնակից պետությունների համաձայնությամբ։ Միջազգային այն պայմանագրի վավերականության մասին խոսելը, որը ուժի մեջ չի մտել եւ դեռեւս չի գործում՝ առարկայազուրկ է, քանի որ այդպիսի միջազգային պայմանագիրը պետության համար պարտադիր չէ։
Մյուս կողմից՝ պայմանագիրը կարող է ուժի մեջ մտնել եւ, այնուամենայնիվ, վավերական չլինել, եթե այն կնքված է միջազգային իրավունքի խախտումով։ Պայմանագիրը վավերական չի դառնում միայն այն պատճառով, որ մասնակիցները այն ուժի մեջ են մտցրել, իրենց համար պարտադիր համարել եւ գործել նրա պայմաններին համապատասխան։ Տվյալ դեպքում այն կգործի նրա մասնակիցների հարաբերություններում, սակայն վավերական չի լինի, քանի որ հակասում է միջազգային իրավունքին։ Նրա առաջացրած իրավունքներն ու պարտականությունները կլինեն կարծեցյալ, անօրինական։
1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը, որը երրորդ պետության տարածքները հռչակում է այլոց շահերի ոլորտ, քանի որ այն կնքվել էր դրանց չմասնակցող (իսկ Կարսի պայմանագրի դեպքում հարկադրանքով Թուրքիայի հետ պայմանագիրը ստորագրած) ինքնիշխան Հայաստանի Հանրապետության կամքին եւ համաձայնությանը հակառակ՝ խախտում էր արդեն այն ժամանակ գործող միջազգային իրավունքի հանրածանոթ սկզբունքը, այն է՝ պայմանագիրը չի ստեղծում իրավունքներ եւ պարտականություններ երրորդ պետությունների համար առանց նրանց համաձայնության։ Սա որոշեց 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի իրավաբանական անվավերությունը XX դարի սկզբին գործող միջազգային իրավունքի տեսանկյունից՝ ներառյալ Ազգերի լիգայի ստատուսը։
Միջազգային դատական—արբիտրաժային ինստիտուտները եւս հաստատեցին այս կանոնը, որի համաձայն պայմանագիրը չի ստեղծում պարտականություններ եւ իրավունքներ երրորդ կողմի համար առանց նրա համաձայնության։ Այդպիսի որոշումներ է կայացրել Միջազգային արդարադատության մշտական պալատը, որոնցից կարելի է նշել 1932 թվականի հուլիսի 7—ի որոշումը՝ Վերին Սավոյայի ազատ գոտիների եւ Հեքսի երկրի գործով եւ 1929 թվականի դեկտեմբերի 10—ի որոշումը՝ Օդերի վերաբերյալ, միջազգային հանձնաժողովի մասին գործով։ Դատարանի տրամաբանությունը պարզ է. Պայմանագրի ստեղծման համաձայնեցման բնույթը սկզբունքորեն անթույլատրելի է դարձնում պայմանագրի կիրառման հնարավորությունը երրորդ պետությունների առնչությամբ։
Սակայն Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի դերի եւ նշանակության գնահատման ժամանակ պետք չէ հարցը պարզունակացնել, թե քանի որ պայմանագրերը իրավաբանորեն անվավեր էին, ուրեմն նշանակում է նրանք չէին գործում եւ ոչ մի հետեւանք չէին առաջացնում, այլ դատարկ թղթի կտոր էին։ Անվավեր պայմանագրերը, դրանք ոչ միայն միջազգային իրավախախտումներ են, այլեւ կարող են օժտված լինել միջազգային պայմանագրի որոշ ձեւական հատկանիշներով (մասնակից պետությունները, նրա համաձայնեցված կամարտահայտությունը, որոշակի նպատակը եւ օբյեկտը), որի արդյունքում նրանք առաջացնում են որոշակի միջազգային իրավական հարաբերություններ, սակայն այդ հարաբերությունները հիմնված չեն միջազգային իրավունքի վրա եւ չունեն գոյության իրավունք։ Նրանց առաջացրած իրավունքները եւ պարտականությունները կարծեցյալ են եւ ենթակա փոփոխման։
Միջազգային պայմանագրերի անվավերության հետեւանքները կախված են այն հիմքերից, որոնք որոշում են անվավերության ձեւը։ Տարբերում են միջազգային պայմանագրի անվավերության երկու ձեւ՝ բացարձակ (առոչինչ) եւ հարաբերական (վիճարկելի)։ Բացարձակ անվավերությունը կրում է օբյեկտիվ բնույթ, այն կախված չէ պայմանագրի մասնակիցների ցանկություններից եւ որոշվում է միջազգային իրավունքի նորմերով։ Այն միշտ ունի հետադարձ ուժ, այսինքն՝ ծագում է միջազգային պայմանագիրը կնքելու հենց սկզբից։ Ինչպես մասնակիցները, այնպես էլ երրորդ պետությունները կարող են քննել այդպիսի պայմանագրերը որպես ընդհանրապես չգործող, այսինքն՝ ոչ մի իրավական հետեւանք չառաջացրած։ Այդ իմաստով նրանք իրավաբանորեն առոչինչ են։ Հարաբերական անվավերությունը կախված է նրա մասնակիցներից մեկի կողմից պայմանագիրը վիճարկելուց։ Այս իմաստով պայմանագիրը իրավաբանորեն վիճարկելի է, վիճարկման հետադարձ ուժը կախված է պայմանագրի մասնակիցներից։ Նրանք կարող են այդպիսի պայմանագիրը անվավեր համարել ոչ միայն ստորագրելու պահից, այլեւ այն անվավեր ճանաչելու պահից կամ էլ վիճարկման պահից։ Բացարձակ անվավեր պայմանագրերին են վերաբերում միջազգային իրավունքի տեսանկյունից առավել հակաիրավական պայմանագրերը, օրինակ՝ ագրեսիվ, գաղութային, ուժով պարտադրված, տարածքային գրավումները ամրագրող եւ այլ համանման պայմանագրերը, որոնք խախտում են միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերը։ Հարաբերական անվավեր են այն պայմանագրերը, որոնք կնքվել են սխալի, պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների լիազորությունների խախտմամբ, ներպետական իրավունքի նորմերի խախտմամբ եւ այլն։
Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը բացարձակ անվավեր պայմանագրեր են, եւ դրանց նկատմամբ հարկավոր է կիրառել միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի կոնվենցիայի 71—րդ հոդվածը, որը նախատեսում է, որ եթե 53—րդ հոդվածի համաձայն պայմանագիրը համարվում է անվավեր, մասնակիցները.
ա. որքանով որ հնարավոր է, վերացնում են ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին հակասող որեւէ դրույթի հիման վրա կատարված ցանկացած գործողության հետեւանքները եւ
բ. իրենց փոխհարաբերությունները համապատասխանեցնում են ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին։
Իսկ նույն կոնվենցիայի 69—րդ հոդվածը մատնանշում է, որ անվավեր ճանաչված պայմանագիրը համարվում է առոչինչ։ Առոչինչ պայմանագրի դրույթներն իրավական ուժ չունեն։ Եթե, այնուամենայնիվ, գործողություններ են կատարվել, «յուրաքանչյուր մասնակից ցանկացած այլ մասնակցից կարող է պահանջել, որքան հնարավոր է, իրենց փոխհարաբերություններում ստեղծել այնպիսի վիճակ, որը գոյություն կունենար, եթե տեղի չունենային նման գործողություններ», այսինքն՝ պահանջել իրագործել ռեստիտուցիա, վերականգնել այն դրությունը, որը գոյություն է ունեցել նախկինում։
Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի առոչինչության հետեւանքների գնահատումը կարող է իրականացվել միջազգային պայմանագրերի իրավունքի նորմերով, չնայած այն հանգամանքին, որ Վիեննայի կոնվենցիան չունի հետադարձ ուժ եւ չի տարածվում հեռավոր անցյալի դեպքերի նկատմամբ։ Սակայն կոնվենցիայի այդ նորմերը ամրագրում են միջազգային իրավական սովորույթները, որոնք գոյություն են ունեցել մինչեւ Վիեննայի կոնվենցիան։
Մյուս հարցը, որին ես կանրադառնամ՝ էստոպելի հիմնահարցն է։ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 45—րդ հոդվածի համաձայն՝ պետությունը այլեւս իրավունք չունի վկայակոչելու պայմանագրի անվավերության կամ ընդհատման, դրանից դուրս գալու կամ դրա գործողությունը դադարեցնելու հիմքը այն բանից հետո, երբ նրան հայտնի են դարձել հետեւյալ փաստերը.
1. նա որոշակիորեն համաձայնել է, որ պայմանագիրը, նայած դեպքին, վավերական է, պահպանում է ուժը կամ մնում է գործողության մեջ, կամ
2. նա պետք է իր վարքագծի բերումով համարվի լռելյայն համաձայնող այն բանին, որ պայմանագիրը, նայած դեպքին, վավերական է, պահպանում է ուժը կամ մնում է գործողության մեջ։
Էստոպելի ինստիտուտը մեծ վտանգ է ներկայացնում թույլ եւ զարգացող պետությունների համար, քանի որ այդ պետությունները իմպերիալիստական խոշոր պետություններից կախված լինելու հետեւանքով հնարավորություն չեն ունեցել եւ հիմա էլ չունեն պայմանագրերի վավերականության վիճարկման գործում։ Այս դեպքում մեծ սխալ կլիներ լռությունը դիտել որպես պետության կողմից պայմանագրի վիճարկումից կամ դադարեցումից հրաժարվելու նշան։
Էստոպելի սկզբունքի ամենապարզ բացատրությունն այն է, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պետության հետեւողականությունն ապահովելու պահանջ։ Էստոպելի սկզբունքը կիրառելի է միջազգային իրավունքի բոլոր ոլորտներում։ Այս դեպքում այն հանդես է գալիս ոչ միայն որպես դատական—արբիտրաժային վարույթի դատավարական կանոն, այլեւ որպես իրավունքի նյութական սկզբունք։ Միաժամանակ հարկավոր է նշել, որ իրավունքի ընդհանուր սկզբունքից, ինչպիսին էստոպելը համարվում էր միջազգայնագետ—իրավաբանների կողմից, այն դատական արբիտրաժային պրակտիկայի միջոցով ձեւավորվել է որպես սովորութային նախադեպային իրավունք։
Չի կարելի իրավաբանական հետեւանքների իմաստով նույնացնել լռելյայն համաձայնությունը եւ էստոպելը։ Լռելյայն համաձայնությունը, որպես պետության իրավաբանորեն նշանակալի իրավաչափ վարքագիծ՝ բնութագրում է իրեն, որպես պետության կամարտահայտության մտադրության պասիվ արտահայտություն։ Որպես կանոն, դա արտահայտվում է պետության շարունակվող պասիվ վարքագծով, որը որպես պատասխան այլ պետության ակտիվ վարքագծի՝ հանդես չի գալիս դիվանագիտական բողոքով։ Լռելյայն համաձայնությունը, որպես պետության ձգվող, իրավաբանորեն նշանակալի իրավաչափ վարքագիծ, երկարատեւ ժամանակահատվածում պահպանում է անորոշություն եւ նույնիսկ երկիմաստության տարրեր։ Սրան հակառակ՝ էստոպելի սկզբունքը պետության իրավաբանորեն նշանակալի վարքագծում պահանջում է հստակություն եւ որոշակիություն։
Դեռեւս 1921 թվականին Հայաստանի կառավարությունը բողոք ներկայացրեց Ռուսաստանի կառավարությանը, որ առանց իր մասնակցության լուծվել էր Խորհրդային Հայաստանի տարածքների հարցը, որը ծանրակշիռ եւ լուրջ փաստ է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի առնչությամբ էստոպելի ինստիտուտը չկիրառելու համար։
Այնուհետեւ, 1989 թվականին ՀԽՍՀ ԳԱԱ պրեզիդենտ Վ. Համբարձումյանը ելույթ ունենալով ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների առաջին համագումարում՝ նշեց, որ հայ ժողովուրդը հույս ունի, որ Կարսի մարզը եւ այն տարածքները, որտեղ տեղի է ունեցել հայ ժողովրդի ցեղասպանությունը, կվերադարձվի Հայաստանին։
Ինչպես արդեն նշվեց, միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին հակասելը առաջ է բերում Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվավերությունը հենց սկզբից։ Իսկ քանի որ դա այդպես է, ապա տրամաբանորեն պետք է վերականգնվի այն դրությունը, որ գոյություն է ունեցել մինչեւ պայմանագրերի կնքումը։ Իսկ դա արդյո՞ք նշանակում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետք է գործի Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Ըստ իս՝ միանշանակ՝ ոչ։ Դա հնարավոր չէ հետեւյալ պատճառներով.
1. Ալեքսանդրապոլի պայմանագիրը վավերացված չէ ո՛չ Թուրքիայի եւ ո՛չ էլ Հայաստանի կողմից։
2. Ալեքսանդրապոլի պայմանագիրը կնքված է ուժ կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով։
3. Միանշանակ է, որ հայկական հարցը կարող է լուծվել միայն Թուրքիայի կողմից որոշակի տարածքներ Հայաստանի Հանրապետությանը հանձնելու միջոցով։ Ալեքսանդրապոլի պայմանագրի համաձայն՝ Հայաստանին ոչ թե տարածքներ էին տրվում, այլ Արեւելյան Հայաստանի տարածքից նույնիսկ վերցվում էին։ Հայաստանի Հանրապետությունն, իհարկե, չի կարող ակնկալել Սեւրի պայմանագրով նախատեսված տարածքը, քանի որ այն ավելի փոքր տարածք կընդգրկի, սակայն պարտադիր է դեպի ծով ելքի ապահովումը։
4. Ալեքսանդրապոլի պայմանագիրը զավթողական, անիրավահավասար, գաղութային պայմանագիր էր, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին, եւ չէր կարգավորում Թուրքիայի կողմից հայ ժողովրդին պատճառած՝ տարածքային, նյութական, բարոյական վնասները փոխհատուցելը։
Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը պետք է չեղյալ հայտարարվեն, քանի որ դրանցում խախտվել եւ հաշվի չեն առնվել միջազգային իրավունքի հիմնարար նորմերը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի բարի կամ չար նպատակներ էին հետապնդում պայմանագրերը ստորագրած պետությունները։

Սահակ ԱՍԼԱՆՅԱՆ
Իրավաբան-միջազգայնագետ

Դիտումներ: 497 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024