Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ապրիլի 8–ին քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների եւ միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է 2017թ. համար 5 գերակա խնդրի եւ 18 միջոցառման կատարման մասին։ Մասնավորապես, ներդրումների ներգրավման մասով 2017թ. սկզբից կազմվել է ներդրումային ծրագրերի ցանկը՝ ըստ կազմակերպությունների եւ ֆինանսական աղբյուրների, տրամադրվել է պետական աջակցության գործիքակազմ։ Տարեսկզբի 53 ծրագրի համեմատ արդեն կա 62 ներդրումային ծրագիր. առաջին եռամսյակի արդյունքներով արդեն ստեղծված է 1800 աշխատատեղ, իրականացված են 65 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ։ Նախատեսվում է հստակեցնել այդ ծրագրերի 2018 եւ 2019 թթ. իրականացվելիք մասնաբաժինները՝ ըստ արդյունքների, դասակարգել ըստ ստեղծվելիք աշխատատեղերի, ներդրումների ծավալի, իրացման շրջանառության ավելացման չափի եւ այլն։ Անդրադառնալով մարզային ներդրումային ծրագրերին՝ Սուրեն Կարայանը նշել է, որ հավանության է արժանացել 11 ծրագիր, որից 4–ը ֆինանսավորվել են, իսկ մնացածի մասով աշխատանքները շարունակվում են։ Մանրամասներ են ներկայացվել նաեւ ներդրումային ֆոնդերի գործունեության կազմակերպման վերաբերյալ։
Վարչապետ Կարապետյանը Սուրեն Կարայանից հետաքրքրվել է, թե որքան աշխատատեղ է նախատեսվում ստեղծել 2017 թվականին, եւ որքան ներդրում է դա պահանջում։ Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ միայն հաստատված ծրագրերի մասով նախատեսվում է ստեղծել մոտ 7500 աշխատատեղ՝ 460 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումային արժեքով։ Կառավարության ղեկավարը հատկապես կարեւորել է թեթեւ արդյունաբերության զարգացմանն ուղղված հստակ ծրագրերի նախաձեռնումը՝ հանձնարարելով վերլուծություն ներկայացնել այս ոլորտում հնարավոր աշխատատեղերի ստեղծման եւ ներդրումների ծավալի վերաբերյալ։ «Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթեւ արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք՝ առանց այդ 7500 աշխատատեղի եւ 460 մլն ԱՄՆ դոլարի»,–շեշտել է վարչապետը։
Սուրեն Կարայանը Կարեն Կարապետյանին մանրամասներ է ներկայացրել նաեւ Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ստորագրել պայմանագիրը, եւ արդեն սկսվել է նախագծերի շուրջ աշխատանքների իրականացումը։ Քննարկվել են նաեւ ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու եւ մյուս գերակա խնդիրների ուղղությամբ կատարվող միջոցառումները։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է 2017թ. համար նախատեսված 8 գերակա խնդրի եւ 6 միջոցառման կատարման ընթացքը։ Անդրադառնալով Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման աշխատանքներին՝ նախարարը զեկուցել է, որ սահմանված գործողությունների իրականացմամբ այս տարի նախատեսվում է 1.6 մլրդ խմ օգտագործվող ստորերկրյա ջրերի ծավալը նվազեցնել 570 մլն խմ չափով, հասցնել մինչեւ 1.1 մլրդ խմ վերականգնվող պաշարին, որն այսօր փաստացի ամրագրված է օրենքով։ Բայց թիրախն այդ ծավալը մինչեւ 800 մլն խմ իջեցնելն է՝ վերականգնումն ավելի առանցիկ տեմպերով իրականացնելու համար։ Դա, նախարարի խոսքով, բերելու է նաեւ ձկնաբուծական տնտեսություններում եւ մյուս ոլորտներում ջրառաջարկի հայտերի վերանայմանն ու ջրօգտագործման թույլտվությունների փոփոխմանը։
Վարչապետը հետաքրքրվել է բնապահպանության ոլորտի ներդրումային ծրագրերի ուղղությամբ կատարվող աշխատանքներով։ Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ այս պահի դրությամբ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն է ներկայացվել 25 նախագիծ, այդ թվում՝ Գառնու ճոպանուղու, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրերը։
Կառավարության ղեկավարը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է նախարարներին եւ գերատեսչությունների ղեկավարներին՝ վերլուծել առաջին եռամսյակի համար նախատեսված գերակա խնդիրները, միջոցառումները, ներդրումային ծրագրերը։ «Յուրաքանչյուր նախարարությունից, գերատեսչությունից սպասում ենք նաեւ 5 տարվա ծրագիր՝ հատուկ ուշադրություն դարձնելով 2017 թվականին, որպեսզի բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվեն, եւ նորմալ հիմք ստեղծենք 2018 թվականի համար»,–ասել է վարչապետը։
Անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին նիստում տրված հանձնարարականներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաջորդ շաբաթվանից նախարարություններն ու գերատեսչությունները պետք է սկսեն հաշվետվություն ներկայացնել 6–ամսյա գործունեության վերաբերյալ։
***
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ապրիլի 8–ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրեն Վահե Գուլանյանը զեկուցել են «Սեւան ազգային պարկի» գործունեության վերաբերյալ, ներկայացրել կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական եւ հողօգտագործման տեսանկյունից գույքագրված խնդիրները։
Վարչապետ Կարապետյանը կարեւորել է «Սեւան ազգային պարկի» գործունեության արդյունավետության բարձրացումը եւ հանձնարարել առաջարկություններ ներկայացնել այն զարգացնելու, շահույթ հետապնդող կառույցի վերածելու վերաբերյալ։ «Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմը։ Բոլոր ավելորդ բաներից մաքրում, վերջացնում եք եւ կոնպցեպցիա եք մշակում՝ ինչպես ենք այդ տարածքն աշխուժացնում ու փող աշխատում»,–ասել է կառավարության ղեկավարը։
|