ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 18:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 10 » Զսպման նոր մեխանիզմներ ենք ձեւավորում / Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մեր բանակը իր տեղում է/
09:41
Զսպման նոր մեխանիզմներ ենք ձեւավորում / Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մեր բանակը իր տեղում է/

Ազգային ժողովի հերթական նիստի երրորդ օրվա վերջում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի վերջին սահմանային ոտնձգությանը։ «Իրականության մեջ իրադրությունը Հայաստանի եւ Արցախի սահմաններում մնում է լարված։ Վերջին օրերին՝ մեր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախօրյակին եւ հիմա, լարվածությունը հասել է իր գագաթնակետին։ Կրակում են ոչ միայն հրաձգային զենքերից, այլ նաեւ խոշոր տրամաչափի ականանետերից. ընդ որում, օրվա ընթացքում բավականին մեծ քանակությամբ։ Պաշտպանության բանակի հարավ—արեւելյան մասում նույնիսկ տանկերից են կրակել մեր դիրքերի ուղղությամբ։ Միանգամից պետք է ասեմ, որ սա Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որը տանում է ապակայունացման՝ չհասկանալով, որ բանակցային գործընթացքում միայն խաղաղ պայմաններն են եւ առաջին գծում վստահության մթնոլորտի ստեղծումն է, որը կարող է տանել դեպի երկխոսություն եւ հարցին վերջնական լուծում տալ։ Նրանց ղեկավարությունն այս ամենը չի հասկանում։ Այդ տրամաբանության հիմքում ընկած է այն, որ փորձ է կատարվում խոսել Հայաստանի եւ Արցախի հետ ուժի տեսանկյունից։ Նաեւ չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետության շուրջը եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակից ելնելով՝ կարող են նաեւ տարբեր հաշվարկներ ունենալ իրավիճակի սրման ուղղությամբ»։ Նախարարն ավելացրեց, որ արդեն հասունացել է պահը, որ միջազգային հետաքննության մեխանիզմներ ձեւավորվեն. դա հնարավորություն կտա այսօրվա համանախագահներին խախտումների վերաբերյալ թիրախային գնահատականներ տալու, քննադատություն հնչեցնելու։ 
Սեյրան Օհանյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, պաշտպանության բանակը վերահսկում են իրավիճակը. «Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ բանակն իր տեղում է, եւ հայկական բանակն իր առջեւ դրված խնդիրները պատշաճ կերպով իրականացնելու է։ Դեռ ավելին, զինված ուժերի ղեկավարության՝ անձամբ իմ, գլխավոր շտաբի, Արցախի պաշտպանության նախարարի համատեղ աշխատանքի արդյունքում մեր ենթակա հրամանատարներն ու իրենց կառույցները լուրջ պաշտպանողական եւ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում։ Նրանց անձնուրաց ծառայության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հարաբերական այս իրավիճակը պահպանել, եւ փառք ու պատիվ մեր բոլոր զինվորներին, հրամանատարներին։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի զսպման նոր մեխանիզմներ ձեւավորվեն, որոնք հակառակորդին թույլ կտան զերծ մնալ այսպիսի ոտնձգություններից»։
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հարցն ուղղղված էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, թե արդյոք վարչապետը հայտարարագրե՞լ է իր ամբողջ ունեցվածքը։
Հովիկ Աբրահամյանը կոչ արեց պատգամավորին չգնալ էժան հեղինակություն ձեռք բերելու ճանապարհով։
«Կոնկրետ ես ինչ որ ստորագրել, հայտարարագրել եմ, թաքցնելու ոչինչ չունեմ։ Բայց եթե դուք նման չստուգված լուրերի միջոցով փորձում եք ձեր հեղինակությունը բարձրացնել, իմ կարծիքով՝ սխալվում եք, եւ ճիշտ կլինի, որ զբաղվենք մի գործով, որը մեր երկիրը կզարգացնի եւ կտանի առաջ։ Ինչ որ ունեմ հայտարարագրել եմ եւ ընդհանրապես որեւէ կոռուպցիոն սկանդալի, պետական դիրքերը չարաշահելով հարստություն չեմ դիզել»,–նշեց վարչապետը։
ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ անդրադարձավ սահմանամերձ շրջանների բնակչության սոցիալական խնդիրներին։ Նա գոհունակությամբ խոսեց հարկային արտոնություններ տրամադրելու մասին, սակայն նշեց, որ ներդրումների քանակը քիչ է։ Պատգամավորի խոսքով, Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպումներն ու քննարկումները ցույց են տվել, որ նրանց ակնկալիքներն ավելին էին։ «Սահմանապահ եւ սահմանամերձ բնակավայրերում կարեւորագույն խթանիչ համակարգ կարող են լինել պետական ուղղակի ներդրումները»,–ասաց Շահգելդյանը՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք կառավարությունն այդ հարցի հետ կապված ինչ—որ մոտեցում ունի։ 
Կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Պետական ուղղակի ներդրումները մեր քաղաքական ուղին լինել չեն կարող։ Մասնագիտական առումով ես դա գրեթե բացառում եմ։ Հարցը քաղաքականությունն է։ Մենք մեզ վրա վերցրել ենք աջակցելու խնդիրը»։ Դ. Հարությունյանի խոսքով, աջակցությունն ամենաարդյունավետ միջոցն է։ Որպես անհատույց աջակցության միջոց, նա, մասնավորապես, նշեց պետության կողմից վարկերի սուբսիդավորումը. «Սուբսիդիաները համարում ենք շատ ավելի արդյունավետ գործիք եւ ձեռք, որ մեկնած է պետության կողմից»։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց արտերկրում ուսանելու մեկնած ուսանողներով՝ նշելով, թե մեկնածների մի մասը չի վերադառնում։
«Կառավարության պատասխանի համաձայն՝ մեկնածների մոտ 80 տոկոսը արական սեռի ներկայացուցիչներ են, որոնք, իմ վերլուծություններով, չեն ծառայել, ինչպես եւ վերադարձածների զգալի մասը»,–նշեց Ռուբիկ Հակոբյանը։
Արմեն Աշոտյանը նկատեց, որ չնայած կա մաքսիմալ «տրագիզմ» այս հարցում, բայց ամեն ինչ օրենքի շրջանակներում է։
Բացի այդ, ըստ նախարարի, ուսանողական շարժունակությունը ողջ աշխարհում եւ գլոբալացման այս պայմաններում համատարած երեւույթ է. «Եվ եթե նախկինում դրսում սովորող ուսանողին մատով էին ցույց տալիս, վաղուց արդեն արտերկրում սովորելը դադարել է արտասովոր ինչ—որ երեւույթ լինելուց»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 409 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024