ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 27.07.2017, 20:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 29 » Առաջին ընթերցմամբ ընդունվել են /ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը/
09:16
Առաջին ընթերցմամբ ընդունվել են /ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը/

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պատգամավորները շարունակել են ելույթ ունենալ եւ իրենց տեսակետները հայտնել «ՀՀ ընտրական օրենսգրքի» եւ կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ։
Մինչեւ ելույթներին անցնելը՝ պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Ղուկասավան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին։
Լեւոն Դոխոլյանը կարեւորել է ոչ այնքան օրենսգրքերի կատարյալ լինելը, որքան դրանց կիրառությունը։ Ըստ նրա՝ ԸՕ—ի նախագծում չկա դրույթ, որը կարող է կանխել ընտրակեղծիքները, բացի այդ, ընտրակեղծարարների համար ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված պատիժներն էլ չափազանց մեղմ են։ Նա առաջարկել է ընտրակեղծարարությունը հավասարեցնել ծանր հանցագործություններին։ Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ նախագծում առկա են այնպիսի դրույթներ, որոնք ապահովելու են ժողովրդավարական չափանիշերով ընտրությունների անցկացումը։ Կարինե Աճեմյանի խոսքով՝ ԸՕ—ի նախագծում այնպիսի սկզբունքներ եւ մոտեցումներ են ամրագրված, որոնք երաշխավորում են ժողովրդավարական գործընթացների շարունակակությունը մեր երկրում։ Աղվան Վարդանյանը ներկայացրել է ՀՅԴ խմբակցության ներկայացրած եւ ընդունված առաջարկները։ Անդրադառնալով նախագծի վերաբերյալ քննարկումներին՝ պատգամավորն անընդունելի է համարել վերջնագրերով խոսելը։ Ըստ նրա՝ որեւէ օրենք ընտրակաշառքը կամ կեղծիքները չի բացառելու. արդար ընտրություն անցկացնելու համար նա առաջարկել է իր տարբերակը։ Էլինար Վարդանյանի խոսքով՝ հանրային վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ չկա։ Նա կարեւորել է հանրության վստահության բարձրացմանն ուղղված մեխանիզմները, որոնք, ըստ նրա, քննարկվող նախագծում չկան։ Էլինար Վարդանյանի համոզմամբ՝ նախագծում քողարկված մեծամասնական ընտրակարգ է ընդգրկված, որը թույլ է տալու իրականացնել տարատեսակ ընտրակեղծիքներ։ Լեւոն Մարտիրոսյանը կարեւորել է նոր ԸՕ—ի ընդունումը, խոսել 100 տոկոս համամասնական ընտրակարգի թերություններից, կուսակցությունների նկատմամբ հանրության վստահության պակասից եւ դրա պատճառներից։ Ըստ նրա, ԸՕ—ի նախագիծը դրական ազդեցություն կունենա փոքր կուսակցությունների վրա՝ նրանց միավորվելու եւ արդյունքի հասնելու տեսանկյունից։ Նախագծի վերաբերյալ դրական է արտահայտվել նաեւ Մարգարիտ Եսայանը։ Ըստ նրա՝ երկրի գլխավոր օրենքներից մեկը հիմնովին փոխվում է, ինչը բխում է իրականացված սահմանադրական փոփոխություններից։ Տիկին Եսայանն անդրադարձել է 4+4+4 ձեւաչափով քննարկումներին եւ ցավ հայտնել, որ քննարկումները չեն ծառայել իրենց նպատակին։ Նա առաջարկել է նախագծի քննարկումը շարունակել այլ ձեւաչափով։ Կորյուն Նահապետյանը եւս դրական է գնահատել ԸՕ—ի նախագիծը, անդրադարձել նախագծում առաջարկվող իրավական եւ ելակետային կարգավորումներին, խոսել ընտրակարգի առանձնահատկություններից, քաղաքական կոալիցիա ձեւավորելու նպատակից։ Մհեր Շահգելդյանն անդրադարձել է նախագծի այն դրույթներին, որոնք, նրա կարծիքով, ուղղված չեն ժողովրդավարության բարձրացմանը։ Նա կարեւորել է ընտրատարածքներում ընտրության արդյունքների ամփոփման անհրաժեշտությունը, տարածքային ցուցակները եւ այլն, որոնց առնչությամբ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը առաջարկներ է ներկայացրել։ Հովհաննես Մարգարյանն անդրադարձել է 100 տոկոս համամասնական ընտրակարգին, որը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ եւ նոր ընտրական օրենսգրքում նախատեսված համամասնական ընտրակարգին, որը, ըստ նրա, կազմում է 50 տոկոս։ Պատգամավորը բացասական եւ անընդունելի է գնահատել ռեյտինգային ցուցակի առկայությունը նախագծում, որը, նրա կարծիքով, նույն մեծամասնական ընտրակարգն է։
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Նա նշել է, որ ԸՕ—ի նախագծի առկայությունը պայմանավորված է սահմանադրական վերջին փոփոխություններով եւ ՀՀ ընտրական համակարգում տարիներ շարունակ կուտակված թերությունների վերացման անհրաժեշտությամբ։ Ըստ նրա, գլխավոր խնդիրը, որին պետք է անդրադառնալ, ընտրությունների նկատմամբ հանրության վստահության բարձրացումն է։ ԱԺ փոխնախագահը համամիտ չէ որոշ գործընկերների այն պնդման հետ, թե 4+4+4 ձեւաչափով քննարկումներն անարդյունավետ են եղել։ Ըստ նրա, խնդիրն իշխանության եւ ընդդիմության՝ միմյանց չվստահելու մեջ է։ ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ անհրաժեշտ է բարձրացնել ընտրական գործընթացների նկատմամբ ընտրողների վստահությունը։ Տիկին Նաղդալյանի խոսքով՝ իշխանությունը ձեռնարկել է արմատական փոփոխություններ, եւ, բացի այդ, իշխանությունն այսօր առավելապես կարեւորում է ընտրությունների որակը եւ ոչ թե արդյունքը։ ԱԺ փոխնախագահը նախագծի հեղինակների կողմից պատրաստակամություն է հայտնել շարունակել կառուցողական առաջարկների քննարկումը՝ ունենալու համար առավել բարեփոխված նախագիծ։ Նա տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու նոր մոտեցումներ եւ գաղափարներ որդեգրած այս նախագծին։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է, իր գնահատմամբ, ընտրությունների ընթացքում իրականացվող ընտրակեղծիքներին, ընտրակաշառքներին եւ կրկնակի քվեարկություններին։ Գագիկ Մինասյանի կարծիքով՝ ընտրությունից ընտրություն մեր երկրում նվազում են ընտրախախտումները։ Անդրադառնալով ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումներին՝ պատգամավորը նկատել է, որ այդ ձեւաչափն իրեն չարդարացրեց, սակայն խորքային առումով արդարացված էր։ Պատգամավորի գնահատմամբ՝ ընտրական օրենսգիրքը պարունակում է մեխանիզմներ, որոնք բարձրացնելու են հասարակության շրջանում վստահությունը։ Ռուբիկ Հակոբյանի կարծիքով՝ թափանցիկ ընտրություն անցկացնելու համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական կամք։ Պատգամավորը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե ընտրողները մասնակցեին ընտրական ցուցակների ձեւավորմանը։ Անդրադառնալով բանակցային փոխհամաձայնության ձեւավորմանը՝ նա նշել է, որ 4+4+4 —ի գաղափարը դրական էր, սակայն բովանդակային առումով այն որեւէ խնդիր չլուծեց։ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ ընտրական օրենսգրքի նախագիծը չի բխում հասարակության շահերից։ Պատգամավորն անդրադարձել է նախագծով առաջարկվող Հայաստանի տարածքի՝ 13 ընտրական տարածքների բաժանմանը։ Խոսրով Հարությունյանն ԸՕ—ի նախագծի շուրջ քննարկումները համարել է հաջողված։ Նրա կարծիքով՝ գործող ընտրական օրենսգիրքը էապես տարբերվում է նախորդից, որն էլ արդյունք է քաղաքական քննարկումների։ Փաստաթղթում առկա բազմաթիվ առաջարկներ, ըստ նրա, փոխզիջման միջոցով են իրականացվել։ Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ՝ նախագծով առաջարկվող մեխանիզմները մեկ քայլ առաջ են գործող օրենսգրքից։ Պատգամավորը նշել է, որ թեեւ չի մասնակցել 4+4+4 ձեւաչափով իրականացված քննարկումներին, սակայն ներկայացրել է բազմաթիվ առաջարկներ։ Ցուցակների հրապարակմանն անդրադառնալով՝ նա նկատել է, որ այն, ինչ առաջարկվում է նախագծով, ընդունելի է։ Գագիկ Մելիքյանը նախագծի շուրջ քննարկումները համարել է կառուցողական, իսկ շատ առաջարկներ՝ ընդունելի։ Ըստ պատգամավորի՝ ԸՕ—ի նախագծի ընդունման պարագայում կբարձրանան ընտրությունների վերահսկողության մակարդակը եւ հանրային վստահությունը։ Նախագիծը, ըստ նրա, քաղաքական կուսակցությունների զարգացման հարցում առաջընթաց է ապահովում։
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետն է ներկայացրել խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Ներկայացնելով «Հայկական վերածնունդ» կուսակցության տեսակետը՝ նա նկատել է, որ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ բոլոր ձեւաչափերով քննարկումներին իրենց խմբակցությունը մասնակցել է, ներկայացրել առաջարկներ։ Սակայն, պատգամավորի դիտարկմամբ, հիմնական եւ սկզբունքային առաջարկները չեն ընդունվել, ուստի խմբակցության տեսակետն օրենսգրքի վերաբերյալ բացասական է։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ ԸՕ—ի նախագիծն արմատական փոփոխություններ է իրականացնելու մեր երկրում։ Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ՝ թեեւ օրենսգիրքն ամբողջապես չի լուծի ընտրակեղծիքների, ընտրապայքարում հավասարության, ներկայացուցչական ժողովրդավարության խնդիրները, այդուհանդերձ, այն խորքային հիմք կստեղծի դրանց բարելավման համար։ Խմբակցության ղեկավարը հատկապես կարեւորել է Ազգային ժողովի մասնակցությունը ԿԸՀ—ի ձեւավորման հարցում։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է քաղաքական կամք ձեւավորել՝ իրականացնելու թափանցիկ ընտրություններ։ Խմբակցության ղեկավարը հատկապես անընդունելի է համարել ընտրական օրենսգրքի նախագծով առաջակվող տարածքային կուսակցությունների ստեղծումը։ Նա տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկելու է ազատ։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձել է ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հնչած առաջարկներին եւ իր նկատառումները ներկայացրել որոշ քննադատությունների առնչությամբ։ Նա, մասնավորապես, անդրադարձել է կայուն մեծամասնության գաղափարին, տարածքային ընտրական ցուցակներով առաջադրմանը վերաբերող դրույթներին, ընտրական գործընթացներում կառուցողական ընդդիմության դերին ու նշանակությանը։ Նշելով, որ ՀՀԿ խմբակցությունը ողջունում է եւ կողմ է քվեարկելու ԸՕ—ի նախագծին՝ պարոն Բաղդասարյանն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվեն ու կընդունվեն բոլոր այն ողջամիտ առաջարկները, որոնք միտված կլինեն նախագծի բարելավմանը։
Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն են հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար եւ անդրադարձել պատգամավորների առաջարկներին։ Նրանք առաջինից երկրորդ ընթերցում համագործակցելու պատրաստակամություն են հայտնել։
98 կողմ, 9 դեմ եւ 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պատգամավորներն առաջին ընթերցումով ընդունել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» եւ դրան կից օրենսդրական փաթեթը։
Այնուհետեւ առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը։ Հովհաննես Մարգարյանը նշել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա խմբակցություններին կատարել ոչ միայն կազմի, այլ նաեւ անվանման փոփոխություն։
Նշենք, որ ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ՀՀ կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ տվել են դրական եզրակացություն։
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը։

Մասնակցում են «Չինարեն լեզվի կամուրջ» մրցույթին

«Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային 15—րդ մրցույթի հայաստանյան փուլին այս տարի մասնակցում են ոչ միայն ուսանողներ, այլեւ դպրոցականներ։ Այս մասին մրցույթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը։
«Հերթական անգամ անցկացվում է «Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային 15—րդ մրցույթի համահայկական փուլը, որն արդեն երրորդ անգամ տեղի է ունենում ուսանողների եւ առաջին անգամ դպրոցականների շրջանում։ Մրցույթը վերաբերում է չինարենին, առաջին հերթին լեզվին. ուսանողները եւ աշակերտները հանդես են գալու մենախոսությամբ, չինարեն պատասխանելու են ժյուրիի հարցերին»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նշեց Գոռ Սարգսյանը։
Մրցույթի հայաստանյան փուլին մասնակցում է 8 ուսանող եւ 6 աշակերտ։ «Առաջին տեղը զբաղեցրած աշակերտն ու ուսանողը մեկնելու են Չինաստան՝ մասնակցելու «Չինարեն լեզվի կամուրջի» համաշխարհային փուլին։ Երկրորդ տեղերը գրավածները նույնպես կմեկնեն՝ որպես դիտորդ»,–տեղեկացրեց Գոռ Սարգսյանը։
Մրցույթի մեկնարկին մասնակիցներին ողջունեց ՀՀ—ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը։
«Մեկնարկում է չինարենի թվով երրորդ մրցույթը։ Սա առաջին մրցույթն է, որին մասնակցում են հայ դպրոցականները։ Սա վկայում է Հայաստանում չինարենի եւ չինական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ նման հետաքրքրությունը երկկողմ է. նախորդ տարի Չինաստանում բացվել է հայագիտության առաջին կենտրոնը, իսկ երկու բուհերում հայերեն են ուսումնասիրում»,–շեշտեց դեսպանը։ 
«Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային 15—րդ մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչը ՀՀ—ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունն է։ Համակարգողն է ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 94 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017