ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 04.05.2024, 05:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 25 » Արդարությունը պահանջում է, ժամանակը՝ պարտադրում /«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովը Երեւանում/
09:50
Արդարությունը պահանջում է, ժամանակը՝ պարտադրում /«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովը Երեւանում/

Ապրիլի 23—ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովը, որն անցկացվեց «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո։
Բացման խոսքում «The Washington Post»—ի հրապարակախոս, խմբագիր Դեյվիդ Իգնեշիուսն ասաց. «Ինձ համար պատիվ է բացել «Ընդդեմ Ցեղասպանություն հանցագործության» երկրորդ ֆորումը։ Ես հայկական արմատներ ունեմ։ Իմ տատն ու պապը ծնվել են պատմական Խարբերդում։ Իմ հիշողությունները կապված են պապիս՝ Հովսեփ Պիղատոսյանի ապրումների հետ»։ Նա նշեց, որ լրագրողական գործում լավագույնն է գտնել ճշմարտությունը, հաստատել հաշվետվողականություն եւ պատասխանատվություն անցյալի դեպքերի նկատմամբ։ «Մենք փաստերին լուրջ ենք վերաբերվում։ Մարդիկ կարող են չհամաձայնել քաղաքական հարցերի շուրջ, բայց ոչ նրա, ինչ տեղի է ունեցել։ Բոլորն իրավունք ունեն սեփական կարծիքի, բայց իրավունք չունեն սեփական փաստերի։ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի որպես պատմական փաստ։ Ես ողջունում եմ Թաներ Աքչամին, նրա գրքերը, Հայոց ցեղասպանության հիշատակման համար արշավներ կազմակերպող թուրք ակտիվիստներին, մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիաներին, որոնք նշում են, որ ամաչում են»,—ասաց նա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է պնդել օրենքների վրա հիմնված սկզբունքը՝ այլեւս երբեք ցեղասպանություն չի կարող լինել։ «Դրա համար քաղաքական կամք է պետք»։
Կանադայի Մանիտոբայի համալսարանի ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի նախագահ Էնդրյու Վուլֆորդը եւս ընդգծեց ցեղասպանությունների կանխարգելման գործում քաղաքական կամքի առկայության անհրաժեշտությունը. «Այստեղ՝ աշխարհի հնագույն անկյուններից մեկում, ապրում են ցեղասպանություն վերապրածների սերունդները։ Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, եւ նման ոճրագործությունները կանխարգելելու համար լուրջ քայլեր են հարկավոր։ Մենք բոլորս մարդիկ ենք, գալիս ենք բնաշխարհից, ստեղծում հարաբերություններ բնության, իրար հետ։ Ինչ է նշանակում տեղահանություն, այսինքն՝ կտրել տարածքից, տեղից։ Տարածք ասելով՝ հասկանում ենք իմաստալից հատված, տարածք՝ իր միջավայրով»։
Նա ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ոչինչ չանելը շատ վտանգավոր է համարում, այն կարող է նման ոճրագործությունների կրկնության պատճառ դառնալ. «Սա պետք է գիտակցեն բոլորը»։
Լրագրողների հետ զրույցում նա ավելացրեց, որ ցեղասպանության ճանաչումն արդարության հասնելու հիմնական միջոցն է։ «Ցավը, որ չի ճանաչվել ցեղասպանությունը, ավելի մեծ ցավ է պատճառում։ Ըստ իս, ճանաչումն արդարության հասնելու հիմնական միջոցն է»։
Գիտնականի խոսքով, իրենց ասոցացիան քննադատում է բոլոր այն գիտնականներին, որոնք ժխտում են այն, ինչ տեղի է ունեցել. «Մեր ընդունած բանաձեւի համաձայն, ցեղասպանությունը ժխտող գիտնականները գիտական որեւէ հենք չունեն։ Մեր ասոցացիայի նպատակն է ապահովել, խրախուսել գիտական ցանցի ստեղծումը, որը կարող է հետագայում որակյալ ուսումնասիրություն կատարել ցեղասպանությունների վերաբերյալ»։
«100 LIVES» նախագծի համահիմնադիր, Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Aurora Prize—2016» մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը նշեց. «Ես ծնվել եմ Թավրիզում։ Հայոց ցեղասպանությունը վերջին 100 տարում միշտ եղել է Իրանի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Մենք չենք կարող լինել առանձին, հայերն ընդհանուրի մաս են, եւ մենք ունենք պատասխանատվություն, ազգային պատասխանատվություն։ Հիմա, երբ Եվրոպայի առջեւ ծառացել է փախստականների հարցը, ռասիզմը մարդկանց աննորմալ արձագանքն է դրան։ «100 LIVES» նախագիծը նայում է դեպի ապագա։ Մենք սկսել ենք այն, որպեսզի զգուշացնենք մարդկային գիտակցությունը։ Միջազգային իրավունքի ոգին պետք է կիրառվի»։
Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Ջո Վերհովենն էլ անդրադարձավ ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացվող ցեղասպանությանը՝ նշելով, որ ցեղասպանությունները ժողովուրդների նկատմամբ իրականացվում են ոչ միայն պետությունների կողմից։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում հարձակումներ է իրականացնում մարդկանց խմբավորումների դեմ, որոնք իսլամ չեն դավանում։ Այսինքն, փորձում են ոչնչացնել մարդկանց՝ ելնելով ռասայական եւ կրոնական նկատառումներից, իսկ սա արդեն ցեղասպանություն է։ Պարտադիր չէ, որ ցեղասպանությունն իրականացնի պետությունը, մենք տեսնում ենք, որ «Իսլամական պետությունն» էլ ցեղասպանություն է իրականացնում՝ չլինելով պետություն։ Պետք չէ պարզապես ասել, որ սրանք դժբախտ դեպքեր են։ Սա ցեղասպանություն է, եւ եթե միջոցներ չձեռնարկվեն այն կանխելու համար, հետեւանքներն ավելի ծանր են լինելու»։
«Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեծ չարիք, այլեւ հանցագործություն է»,—ասաց ԱՄՆ–ի Դելավերի համալսարանի պրոֆեսոր Աարոն Ֆիխթելբերգը։ Նրա խոսքով, ցեղասպանությունը ամենադաժան հանցագործությունն է մարդկության դեմ, որը ենթակա է դատական հետապնդման։ «Ցեղասպանությունները չեն դադարի՝ որքան էլ որ մենք քրեականացնենք դրանք։ Հայերի կոտորածները ցեղասպանություն անվանելու թուրքերի դժկամությունը մեծամասամբ օգնում է մեզ հասկանալ, թե ինչու է քրեականացումը ցեղասպանության խորհրդանշական քաղաքականություն ձեւավորում։ Նրանք հասկանում են քրեականացման խորհրդանշական հետեւանքները»,—ասաց նա։
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին էլ ասաց, որ պատասխանատվություն է զգում ներգրավվելու մարդկության նկատմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարելու համար։ «Ես շատ ուրախ ու հպարտ եմ, որ այստեղ եմ գտնվում, մասնակցում եմ այս հոյակապ միջոցառմանը,—ասաց նա եւ ավելացրեց.— երբ ինչ—որ մեկը փորձում է վերացնել մի ամբողջ մարդկային ցեղի, մարդկանց, մշակույթ, դու դա չես կարող վերադարձնել, դա ցեղասպանություն է, այլ տարբերակ չկա։ Մենք շարունակում ենք նորից ու նորից ասել. Կամբոջա, Բոսնիա, Ռուանդա… Ճշմարտությունն այն է, որ նորից ու նորից չպետք է կատարվի, բայց կատարվում է։ Մենք ասում ենք՝ եթե մենք դրա մասին իմանայինք, ինչ—որ բան կանեինք… Բայց մենք գիտենք դրա մասին։ Մենք դա տեսնում ենք։ Ես կարծում եմ՝ այն, ինչ մենք այսօր անում ենք, երկու իմաստ ունի՝ հետ նայել, չմոռանալ։ Հիշենք, որ սա Հայաստանի պատմության մի մասն է, բայց սա նաեւ աշխարհի պատմության մի մասն է, սա մի երկրի, մի ազգի ցավը չէ, բայց դրա երկրորդ իմաստն այն է, որ պետք է առաջ նայել։ Մենք տեսնում ենք, որ բավականին երկարատեւ պայքար է գնում, որպեսզի հնարավոր լինի հասնել այն բանին, որ իրերը կոչվեն իրենց անուններով։ Տեսնում ենք, որ հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու առումով քայլեր արվում են, սակայն արվում են ավելի դանդաղ, այդ պայքարն ավելի երկար է շարունակվում, քան պետք է լիներ»,—ասաց Քլունին։
«Թուրքերը պետք է ազատվեն ամոթի զգացումից ու ընդունեն իրենց պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար»,–ասաց թուրք իրավապաշտպան ու գիտնական Սաիթ Չեթինօղլուն։ Նա ցուցադրեց թուրք Քաբաշ Ալիի լուսանկարը՝ կացինը ձեռքին, որը իրավապաշտպանի խոսքով, կազմակերպել էր հայերի կոտորածները Ամասիայում։ «Յուրաքանչյուր թուրք պետք է իրեն հարցնի՝ ի՞նչ է արել իր պապը 1915—ին։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է ներողություն խնդրի ու կառուցի «Այլեւս երբեք» հուշարձանը»։ Նրա համոզմամբ, անհրաժեշտ է մի շարք թուրք գործիչների անունները ջնջել Թուրքիայի փողոցների ու շենքերի վրայից, հայերից ու հույներից բռնազավթված ու Աթաթուրքի անունով կոչված շենքերը վերադարձնել նրանց սերունդներին։ «Մտավորականները պետք է այս հարցում ավանգարդ դառնան։ Պետք է բացեն արխիվները ու գրանցամատյանները, պետք է բնակության ու բիզնես վարելու իրավունքներ տրամադրեն, միայն դրանից հետո է պետք սկսել փոխհատուցման գործընթացը»,—նշեց թուրք իրավապաշտպանը։
Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր համար հեշտ չէ Թուրքիայում. «Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, ապա կասեմ՝ ամեն ինչ շատ պարզ է. սա մի քաղաքականություն է, երբ ցեղասպանությունն արտահանում են երկրից դուրս։ Այս ամենը պետք է դիտարկել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում»։
«Աշխարհում ցեղասպանությունները կարող էին չկրկնվել, եթե մարդկությունը ժամանակին ճանաչեր եւ դատապարտեր Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում»,—կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, Ստոկհոլմի համալսարանի եւ շվեդական պաշտպանության համալսարանի պատվավոր պրոֆեսոր Օվե Բրինգը։ «1935թ. Ադոլֆ Հիտլերը Լեհաստան ներխուժելուց առաջ իր գեներալների առջեւ ունեցած ելույթում ասել է. «Ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածի մասին»։ Իհարկե, միգուցե, այդ պահին Հիտլերը դեռ չէր պլանավորել հրեաների կոտորածը, սակայն նա իր պլաններն իրականացնելու հարցում դժվարություններ կունենար, եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչված եւ դատապարտված լիներ, եթե պատժված լինեին բոլոր այն անձինք, ովքեր մեղավոր էին ցեղասպանության իրականացման համար»։ Նրա խոսքով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այս պահին Իրաքում եւ Սիրիայում ցեղասպանություն է իրականացնում եզդի ժողովրդի եւ էթնիկ այլ խմբերի նկատմամբ։ «Հարկավոր է լրջորեն զբաղվել այս հարցով, քանի որ Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայերի սերունդները վառ են պահել հիշողությունը, արթուն են պահել հարցը։ Նրանք պահանջում են ճանաչում եւ հատուցում։ Ուստի միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ լինի ցեղասպանությունների կանխարգելման հարցում»,–եզրափակեց պրոֆեսորը։
Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողություններ սկսելը նոր ցեղասպանության ռիսկեր է պարունակում։ «Հաշվի առնելով այս ամենը՝ հայկական զինված ուժերը հնարավոր ցեղասպանությունը կանխարգելելու պատասխանատվություն են ստանձնել։ Բացի այդ, միջազգային կառույցները, ՄԱԿ—ը եւս պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության իրականացման հնարավորությունը կանխարգելելու համար»։
Նա ընդգծեց, որ 25 տարի առաջ Խորհրդային Միության եւ Խորհրդային Ադրբեջանի զորամիավորումները համատեղ Արցախի բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական «Օղակ» օպերացիան, որի հետեւանքով զոհվել է 100 քաղաքացիական խաղաղ բնակիչ, գյուղերն են դատարկվել, 20 հազար հայ դարձել է փախստական. «Դժբախտաբար, մարդիկ, ովքեր մեղավոր էին այս ամենի համար, չպատժվեցին՝ պայմանավորված քաղաքական իրադրության փոփոխություններով եւ Խորհրդային Միության փլուզմամբ։ Սակայն սա սկիզբն էր հայերի նկատմամբ ատելության քաղաքականության, որը Ադրբեջանը սկսեց կիրառել հետագայում եւ հիմա էլ շարունակում է օգտագործել»։
Նա ֆորումի մասնակիցներին հիշեցրեց, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ—ի դասընթացների ընթացքում կացնահարել ու սպանել էր իր հայ գործընկերոջը՝ ընդամենը հայ լինելու համար։ «Դրանից հետո ես հետեւում էի Ադրբեջանի ղեկավարության եւ այդ երկրի հասարակության հայտարարություններին եւ հասկացա, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ցեղասպան քաղաքականությունը»։
Միջազգային իրավունքի մասնագետ, Միդլսեքսի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը նկատեց, որ որոշ երկրներ շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, իսկ որոշ երկրներ շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն խուսափում են ցեղասպանության լիարժեք ճանաչումից՝ ելնելով ցինիկ քաղաքական նկատառումներից։
«Ցավալի է, օրինակ, որ Մեծ Բրիտանիան, որը հայերի կոտորածների տարիներին դատապարտել է այդ վայրագությունները, այսօր նույն ազնիվ դիրքորոշումը չունի Հայոց ցեղասպանության հարցում։ Հայոց ցեղասպանության հարցում ազնիվ չէ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, որը վերջերս Փերինչեքի գործով երկիմաստ վճիռ կայացրեց՝ այդպիսով արտահայտելով իր երկիմաստ ու ոչ լիարժեք դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ»։
Հռոմի համալսարանում միջազգային իրավունքի եւ Եվրոպական միության իրավունքի պրոֆեսոր Լա Սապիենցա Էնցո Կանիցցարոն նշեց, որ աշխարհի պետությունները պիտի համագործակցեն, որպեսզի միջոցներ ձեռք առնեն նոր ցեղասպանության կանխարգելման համար։
«Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ներկայիս իրավիճակը խոսում է Արեւմուտքի երկակի ստանդարտների ու դավաճանության մասին»։ Սա դանիացի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի տեսակետն է։ Ռասմուսենը, ում մայրը դանիացի է, հայրը՝ քուրդ, առիթ է ունեցել լինել Արեւմտյան Հայաստանում, տեսնել խոնարհված եկեղեցիներ, մարդկանց, ովքեր գիտեին հայկական գյուղերի պատմության մասին, բայց վախենում էին խոսել դրա մասին։ «Թուրքական իշխանությունն էլ պաշտոնական կեղծիք էր ներկայացնում՝ ասելով, թե եղել է պատերազմ, որի ժամանակ հայերն են սպանել իրենց։ Հետո աում էին՝ քրդերն են հայերին սպանել, քրդերն էլ ասում էին մեզ ու հայերին սպանել են թուրքերը։ Այս կեղծիքներից հետո Թուրքիայի համար դժվար է հարյուր տարի հետո ընդունել Հայոց ցեղասպանությունը»,—ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջությունն ունեցել են միայն մի քանի երկրներ։
Ռասմուսենի համար դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ Գերմանիան փորձեր ժխտել Հոլոքոստն ու ասեր՝ հրեաներն են սպանել գերմանացիներին։ «Սա ամեն ինչ ասում է Թուրքիայի ու Արեւմուտքի կողմից երկակի ստանդարտների կիրառման մասին։ Ինչ վերաբերում Հայոց ցեղասպանությանը, ապա սրա հետ է կապվում դավաճանությունը, քանի որ քաղաքակիրթ աշխարհում գիտեին՝ ինչ է տեղի ունենում, գիտեին, որ հայեր են բնաջնջվում Օսմանյան Թուրքիայում, դա հայտնի էր Ամերիկային, Եվրոպային, բայց ոչ ոք ոչինչ չէր անում այն կանգնեցնելու համար»,—հավելեց եվրոպացի պատգամավորը։
Նրա գնահատմամբ, պատմությունը կրկնվում է, ու մարդկության աչքի առջեւ հայեր են սպանվում Սիրիայում, բազմաթիվ փոքրամասնություններ, այդ թվում՝ եզդիներ ստիպված են փախչել Սիրիայից, Իրաքից։ «Իմ քաղաքական գործընկերները, որոնք դիմադրում են Հայոց ցեղասպանության ընդունմանը, ասում են, որ պատմաբանները պետք է պարզեն՝ եղե՞լ է ցեղասպանություն, թե՞ ոչ։ Բայց պատմաբաններն արդեն սա որակել են որպես ցեղասպանություն։ Արեւմուտքը պետք է ընդունի սա ու հարգի անմեղ զոհերին ու նրանց հարազատներին։ Դադարեք խաբել մարդկանց ու հրահրել նոր ցեղասպանություններ Սիրիայում ու Իրաքում»,—եզրափակեց Լարս Ասլան Ռասմուսենը։
Կիպրոսի խորհրդարանի անդամ Սոֆոկլիս Ֆիտիսը նշեց, որ իր երկիրը պատիվ է համարում լինել հայկական փոքր համայնքի երկրորդ հայրենիքը։ «Այսօր Կիպրոսում ապրող հայերի մեծամասնությունը ցեղասպանությունից փրկված մարդկանց ժառանգներն են։ Կիպրոսը երկրորդ երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ անցած տարվա ապրիլին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի՝ Կիպրոս կատարած այցի ժամանակ եւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ մենք քրեականացրել ենք Հայոց ցեղասպանության ժխտումը»։ Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի ճակատագրին են արժանացել նաեւ Օսմանյան կայսրության տարածքում ապրող հույներն ու ասորիները, որոնք նույնպես տեղահանվել են իրենց բնակավայրերից եւ սպանվել. «Հայաստանի խորհրդարանի կողմից ասորիների եւ հույների ցեղասպանության ճանաչումը համերաշխության ակտ էր, որին պետք է հետեւի ողջ աշխարհը»։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն էլ ցեղասպանությունը կանխելու համար անհրաժեշտ է համարում Ղարաբաղի անկախության ճանաչումը։ Նա Երեւանում հայտարարեց, որ ինքն ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար։ Նրա այս հայտարարությունը ծափողջյուններով դիմավորեցին գլոբալ ֆորումի մի խումբ մասնակիցներ։ «Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, որը պետք է միջազգային հանրությունն ընդունի,—ասաց ԵԽ պատգամավորը՝ հավելելով.–Եթե մենք չկանգնենք Ղարաբաղի կողքին, ցեղասպանությունը կարող է կրկնվել»։
Նրա խոսքով, դժվար չէ գուշակել, թե որ կողմն է սանձազերծել քառօրյա պատերազմը։ «Պետք է սկսեր այն պետությունը, որն այս տարիների ընթացքում ագրեսիա է ցուցաբերել։ Ես ոտքի եմ կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար»,—ասաց Ֆրանկ Էնգելը՝ անդարդառնալով նաեւ Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ոտնահարման, ազատ խոսքի դեմ ոտնձգություններին։
Ռուանդայում 1994թ. թութսիների նկատմամբ իրականացված ցեղասպանության ականատես Կաբանդա Ալոյսն արդարություն եւ հատուցում է պահանջում, որպեսզի նման ոճրագործություններն այլեւս չկրկնվեն։ 
Նրա խոսքով, ներկայումս թութսի ժողովուրդը երաշխիքներ չունի, որ կարող է կյանքը շարունակել խաղաղ պայմաններում։ «Ժխտողականությունը մեզ որեւէ կերպ չի կարող օգնել։ Մենք չենք կարող խաղաղ ապրել ժխտողականության պայմաններում, բայց մեզ համար կարեւոր է հասնել խաղաղ գոյակցության։ Մենք պետք է շարունակենք ապրել՝ դասեր քաղելով անցյալից։ Հարկավոր է պատժել ցեղասպանության իրականացման բոլոր մեղավորներին եւ փոխհատուցել այն վնասները, որ կրել է մեր ժողովուրդը ցեղասպանության հետեւանքով։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի հետագայում կանխել նման ոճիրները»,–եզրափակեց Ալոյսը։
Բաքվում ծնված ու մանկության առաջին տասը տարիներն այնտեղ ապրած փաստաբան, մարդու իրավունքների ակտիվիստ Աննա Աստվածատրյան—Տուրկոտը, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ—ում, կոչ է անում հստակ գործողություններով պայքարել մարդկության քաղցկեղ դարձած ցեղասպանությունների դեմ։ Նա խոսեց 1988—ին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում հայերի կոտորածների վերաբերյալ՝ իր պապի, իր ընտանիքի ու հատկապես իր մանկությունը խեղած պատմության համատեքստում։
Բանախոսը նշեց, որ իր պապի կողմից Աստվածատրյան ազգանունը ռուսականացնելու, Աստվածատուր դարձնելու շնորհիվ իր ընտանիքը 1988—ին խուսափեց ջարդերից, ողջակիզումից ու վայրագաբար սպանվելուց։ Բայց նրա հիշողության մեջ վառ են հարցերը, որոնք առաջանում էին իր մոտ ջարդերի օրերին։ «Ես ծնողներիս հարցուփորձ էի անում, թե ինչու պետք է թաքցնեմ իմ ազգությունն ու ասեմ, որ ես հույն եմ, երբ դպրոցում ինձ հարցնում էին այդ մասին։ Ես հարցնում էի, թե ինչո՞ւ էին սեւ ու կանաչ հագած մարդիկ իմ տան մոտ բղավում՝ «մահ հայերին»։ Վերջապես իմ հարցերը դադարեցին, երբ իմ ծնողները կարողացան ամիսներ անց փախչել այնտեղից։ Ես երեխայի աչքերով կարողացա զգալ էթնիկ բռնություններն ու դրանց սարսափը»,—նշեց բանախոսը՝ հավելելով, որ իր սփոփանքը գտավ օրագիր պահելու մեջ, որը հրապարակեց 2010 թվականին։ 
«Ես հրապարակեցի իմ օրագիրը որպես անցյալի պատմություն, բայց դա նաեւ մեր ներկան է։ Այն կոնֆլիկտը, որ ոչնչացրեց իմ մանկությունը, դեռեւս շարունակվում է։ Այստեղից մի քանի հարյուր կիլոմետր հեռու 150 հազար հայեր են ապրում Ղարաբաղում, ովքեր էթնիկ առումով թիրախ են Ադրբեջանի կողմից ամեն օր»,—եզրափակեց Աննա Աստվածատրյանը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից փրկված եզդի Նադիա Մուրադը ցեղասպանության ակնառու օրինակ է համարում Իրաքում եզդիների, քրիստոնյաների եւ շիա մուսուլմանների նկատմամբ ԻՊ գործողությունները։ Համաժողովի ընթացքում Նադիա Մուրադը մանրամասներ ներկայացրեց Իրաքի եզդիաբնակ Շինգալ քաղաքի վրա ԻՊ հարձակումից ու գրոհայինների իրականացրած վայրագություններից. «Իսլամական պետություն»—ն անակնկալ հարձակում գործեց Իրաքի եզդիաբնակ Շանգալ քաղաքի վրա։ Այդ հարձակման ընթացքում նրանք ստրկության նպատակով գերեվարեցին 6000 եզդի կանանց եւ անչափահաս աղջիկների։ Ես այդ 6000—ից մեկն էի։ «Իսլամական պետություն»—ը մեր առջեւ պայման էր դրել՝ ընդունել իսլամ կամ մեռնել։ Սա ցեղասպանության ակնառու օրինակ է»։
Նադիա Մուրադը շեշտում է, որ ԻՊ հարձակումների հետեւանքով հազարավոր մարդիկ են սպանվել, հազարավոր կանայք եւ աղջիկներ ստրկության մեջ են, իսկ 1000 եզդի երեխաների նախապատրաստում են հետագայում ԻՊ—ին անդամագրելու համար։ «Իսլամական պետություն»—ը պատերազական հանցագործություններ է գործում քրիստոնյաների, շիա մուսուլմանների, եզդիների նկատմամբ։ Նրանք ցանկանում են վերացնել եզդի ժողովրդին երկրագնդի վրայից։ Այսօր ես Հայաստանում եմ։ Միլիոնավոր հայեր ցեղասպանության հետեւանքով կորցրել են իրենց կյանքը, սակայն ցավը դեռ մնում է, իսկ մեկ դար հետո ցեղասպանությունը շարունակվում է Սիրիայի եւ Իրաքի եզդիների դեմ, ինչը հիասթափություն է առաջացնում»,— եզրափակեց Նադիա Մուրադը։
Պատմաբան Փոլ Լեւինը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ֆորումին, ասաց, որ գոհացուցիչ է, որ Հայաստանի կառավարությունը երկրորդ անգամ կազմակերպում է նման միջոցառում. «Շատ լավ է, երբ կառավարությունն աջակցում է նման քննարկումներին՝ աշխատանքը չթողնելով միայն համալսարանների եւ ՀԿ—ների վրա»։
Նրա խոսքով, համաժողովը ցեղասպանության մասին աշխարհին հասցնելու ուղղությամբ մի քայլ է. «Այդ հարցում նմանատիպ համաժողովները շատ կարեւոր դեր են խաղում։ Քննարկումներից հետո մարդիկ այստեղից հեռանում են եւ խոսում այն մասին, թե ինչ են տեսել այստեղ, ինչպիսի մարդկանց են հանդիպել։ Նրանք հաղորդակցվում են, եւ հետեւաբար քննարկման արդյունքն ավելի լավն է լինում։ Աշխարհը վստահաբար գիտի Հայոց ցեղասպանության մասին, եւ միայն մեկ ազգ է, որ փորձում է երբեք չխոսել այդ մասին։ Բայց ես եւ իմ գործընկերները սովորեցնում ենք դա։ Կան հատուկ կազմակերպություններ, որոնք խոսում են այդ մասին։ Սակայն կառավարությունը չի ուզում անդրադառնալ դրան։ Քաղաքականությունը տարբեր է ճշմարտությունից։ Այն ինչ ստիպված են ասել քաղաքական գործիչները, երբեմն էապես տարբերվում է, սակայն երբեմն էլ նրանք հասկանում են, որ ճշմարտությունն ասելն ամենակարեւորն է»։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց. «Ցեղասպանությունը համարվում է միջազգային ամենազազրելի հանցագործություններից մեկը, այսպես ասած «crime of the crime», որը խոր ազդեցություն է գործել մարդկային խղճի վրա։ Այն իր մեջ ներառում է ծանր հանցագործությունների գրեթե ամբողջ ցուցակը՝ սպանություն, բռնաբարություն, երեխաների սպանություն, ստրկավաճառություն, բռնի տեղահանում, ուրիշի գույքին ապօրինի տիրացում կամ ոչնչացում, մշակութային արժեքների ոչնչացում եւ այլն. մի խոսքով՝ այն իր մեջ ներառում է համարյա ամբողջ քրեական օրենսդրությունը»։ Նա ընդգծեց, որ երեւանյան գլոբալ ֆորումի այս հարթակը ժամանակի ընթացքում կարող է դառնալ միջազգային կարեւոր հարթակներից մեկը, որն ունի հստակ ու անհրաժեշտ առաքելություն՝ հանուն խաղաղ ու անվտանգ գոյակցության։ Ոչ մի ժողովուրդ այսօր ապահովագրված չէ սպառնալիքներից ու ոտնձգություններից, հետեւաբար բոլորն էլ ունեն համատեղ գործելու, միմյանց հասկանալու եւ միասին պայքարելու անհրաժեշտություն։
Ֆորումի ավարտին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց. «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հերթական գլոբալ ֆորումի անցկացումը եւս մեկ անգամ վկայում է, որ ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ մեծագույն եւ ծանրագույն հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի։ Մանավանդ աշխարհը դեռեւս պարտք ու ասելիք ունի այդ հանցագործության վկաներին՝ նախեւառաջ Հայոց ցեղասպանությունը վերապրածներին, հոգու եւ սրտի ասելիք, արդարության ու ճշմարտության պարտք։ Անկախ նրանից, թե ինչ տեսքով եւ որ՝ իրավական, թե բարոյական դաշտում պետք է վերադարձվի այդ պարտքը, անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ լեզվով պետք է հնչի հոգու եւ սրտի խոսքը, միեւնույն է, արդարությունը պահանջում է, ժամանակը՝ պարտադրում»։
Նա հիշեցրեց, որ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված ցեղասպանությունից հրաշքով փրկված, բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ նահատակների սերունդներն այսօր ապրում են բոլոր մայր ցամաքներում որպես տարբեր երկրների քաղաքացիներ։ Մինչդեռ նրանք պիտի ապրեին իրենց ծննդավայրում՝ սեփական հողի վրա, 1915 թվականին իրենց եւ բախտակից ժողովուրդների՝ ասորիների, եզդիների, հույների հանդեպ իրականացված ցեղասպանության հետեւանքով նրանք զրկվեցին հայրենիքից. «Ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ հանցագործության դատապարտումը պետք է դառնա պարտք ու պատասխանատվություն քաղաքակիրթ մարդկության համար, բայց նախեւառաջ՝ Թուրքիայի, որ այսօր նույն ձեռագրով փորձում է լուծել քրդերի հարցերը»։
Նա անդրադարձավ նաեւ Ադրբեջանի սկսած ապրիլյան ագրեսիային։ «Դիվանագիտական ասպարեզում ձախողվելով՝ Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով փոխել ստատուս քվոն տարածաշրջանում, նպատակ ունենալով հասնել Ստեփանակերտ եւ պայմաններ թելադրել բանակցություններում։ Ի՞նչ ստացվեց՝ գիտեք բոլորդ։ Ադրբեջանը ոչ միայն տանուլ տվեց իր բլից կրիգը, այլեւ ձախողվեց քաղաքական ու դիվանագիտական հաշվարկներում։ Նաեւ հասցրեց իր ժամանակի մեջ չփոխվող «ստորագրությունը» թողնել այն տարածքներում, որոնց ընդամենը մի քանի ժամով էր տիրել։ Ադրբեջանական բանակի եւ նրա կազմում կռվող վարձկանների ձեռքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների ու ծերերի սպանությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորների խոշտանգումներն ու անարգումները, ընդհուպ մինչեւ անդամահատում։ Սա ձեռագիր է, որն անպատժելիությունից ոգեւորված, սկիզբ է առնում 1915 թվականից՝ Օսմանյան Թուրքիայից եւ շարունակվում մեր օրերում։ Ադրբեջանն իրեն հավասար հարթության մեջ դրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, որի դեմ պայքարում է ամբողջ աշխարհը»,—ասաց նա։
«Շնորհակալ եմ ֆորումի բոլոր մասնակիցներին եւ հավարտ ուզում եմ բոլորիս անունից վկայել՝ «Հիշում եմ եւ պահանջում»՝ վստահ, որ այս երկու բառը միայն կարգախոս չեն, այս երկու բառում կա անցյալի ու ապագայի պատմություն»,—եզրափակեց Նաղդալյանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 393 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024