ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 13.12.2018, 05:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [443]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 28 » Բաքուն «կրեատիվ» է /Սակայն առողջ երեւակայության շրջանակներից դուրս/
11:00
Բաքուն «կրեատիվ» է /Սակայն առողջ երեւակայության շրջանակներից դուրս/

Ադրբեջանի նախագահ Ալիեւը պնդում է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ակտիվ բանակցային փուլ է սկսվելու՝ հիմնված համանախագահների կրեատիվ գաղափարների վրա։
«Գիտեք, Բաքուն մեկ ասում էր, որ պետք է բովանդակային, այսպես կոչված սուբստանտիվ, տրամաբանական բանակցություններ վարել, ասես մինչեւ այժմ այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ էլ տրամաբանական։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր այդ երկրի նախագահը երկու տասնյակից ավելի ամենաբարձր մակարդակով հանդիպումներին մասնակցում, եթե դրանք անբովանդակային էին եւ անտրամաբանական,–երեկ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։–Հիմա, հաջողությամբ ավարտելով «բովանդակային եւ տրամաբանական բանակցությունների փուլը», անցան արդեն մի նոր փուլի, որն իբր եռանախագահողների կողմից կրեատիվ ինչ—որ առաջարկների հիման վրա է շարունակվելու։ Ի՞նչ կրեատիվության մասին է խոսքը։ Միգուցե ա՞յն կրեատիվության, որը բխում է Ադրբեջանի, ինչպես ավելի մեղմ ձեւակերպեմ, ոչ այդքան առողջ երեւակայությունից»։
Նախարարն ասաց, որ այդպիսի կրեատիվության դրսեւորում է, երբ մեր մայրաքաղաք 2800—ամյա Երեւանը եւ Հայաստանի այլ շրջաններ հռչակվում են Ադրբեջանի պատմական տարածքներ։ Կամ Բաքվի կրեատիվության հայտնի մի այլ դրսեւորում՝ մշտական ուժի սպառնալիքը։ «Միգուցե իրենք նոր հնարք են գտել, բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում եռանախագահ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով արված առաջարկներից՝ նրանց հինգ հայտարարություններում պարունակվող հայտնի սկզբունքներից եւ տարրերից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն։ Միգուցե Բաքվում գտնում են, որ այդ առաջարկությունները կրեատիվ չէին, ստեղծագործական չէին, այլ ինչ—որ պրիմիտիվ, պարզունակ առաջարկություններ էին»,– ասաց նա։
Նալբանդյանը նկատեց, որ Բաքուն իրեն իրավունք է վերապահում գնահատելու՝ որ առաջարկներն են կրեատիվ, որոնք՝ ոչ՝ սպասելով, որ այդ առաջարկները դառնան իրենց համար ընդունելի կրեատիվ. «Իրականության մեջ կարեւորն այն է, որ իրենք ձերբազատվեն այս, իրականությունից հեռու լեզվաբանական մտավարժանքներից եւ վերադառնան կառուցողական դաշտ, առաջին հերթին իրականացնեն իրենց ստանձնած պարտավորությունները եւ հարգեն հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»։
Նախարարը հիշեցրեց, որ վերջին կրակովյան հանդիպմանը, երբ եռանախագահողների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել ավելացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները, եւ դրա մասին հայտարարվել է թե՛ եռանախագահող երկրների, թե՛ Հայաստանի կողմից. «Մինչեւ այժմ Ադրբեջանը հրաժարվում է հարգել եւ իրականացնել այդ պայմանավորվածությունները եւ անգամ հղում կատարել դրանց»։
Նախարարն ընդգծեց, որ կրակովյան հանդիպումից առաջ էլ բազմաթիվ անգամ է դա պատահել։ «Միգուցե Ադրբեջանն ի զորու չէ կառուցողական դաշտ վերադառնալ, ուրեմն Ադրբեջանին կառուցողական դաշտ պետք է վերադարձնել»,–ասաց Էդվարդ Նալբանդյանը։
«Լյուքսեմբուրգը, ինչպես եւ ողջ Եվրոպական միությունը, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններին եւ կարծում է, որ կգա օրը, երբ այդ սառեցված հակամարտությանը լուծում կգտնվի»,–ասաց Լյուքսեմբուրգի արտգործնախարարը։


Հայաստանը ճիշտ ուղու վրա է. վիզաները կազատականացվեն
 

Ժան Ասելբորնն անդրադարձավ ՀՀ—ի հետ վիզաների ազատականացմանը։ Նա նշեց, որ այդ հարցում ԵՄ—ն վարում է «քայլ առ քայլ» քաղաքականություն։ Ասելբորնն ասաց՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, օրը կգա, եւ վիզաները կազատականացվեն։ Նա ընդգծեց՝ Լյուքսեմբուրգը մշտապես դրական մոտեցում է ունեցել՝ ի նպաստ այն մարդկանց, որ ցանկանում են այցելել իրենց երկրները. «Մենք որոշակի մտավախություն ունեցանք նաեւ, որոշ չափով արդարացված մտավախություն՝ բալկանյան երկրների առնչությամբ, երբ մարդիկ վիզայի միջոցով գալիս էին եւ պահանջում միջազգային պաշտպանություն։ Մենք կնքել ենք նաեւ ռեադմիսիայի մասին պայմանագիր։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ Հայաստանը ճիշտ ուղով է ընթանում, կարծում եմ՝ նախարարը շատ լավ գիտի՝ այսպիսի հարցերը մեկ օրում չեն իրականացվում, այնուամենայնիվ, ԵՄ—ն աջակցում է, եւ ի վերջո մենք կհասնենք դրան»։
Նախարարը կոնկրետ ժամանակ չնշեց՝ ասելով, որ դա կախված է նաեւ Եվրահանձնաժողովից, որը պետք է գտնի շահառու բոլոր երկրների համար համապատասխան լուծում։
Նա վստահեցրեց, որ Լյուքսեմբուրգն ամեն ինչ կանի՝ այդ հարցն առաջ մղելու համար։
«Այս տարին շատ կարեւոր է լինելու Հայաստանի համար»,–ասաց Լյուքսեմբուրգի արտգործնախարարը՝ նշելով, թե տեղյալ է, որ մայրաքաղաք Երեւանի 2800—ամյակն է, առաջին հանրապետության անկախության 100—ամյակը եւ Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովը։ Նա նշեց, որ Հայաստանը պետք է հսկայական ջանքեր գործադրի՝ այդ ամենից պատվով դուրս գալու համար։
Անցյալ շաբաթվա վերջին ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհուրդը ընդունեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը։ Լրագրողները նախարար Նալբանդյանին հարցրեցին, թե ինչո՞վ է պայմանավորված բանաձեւի նախաձեռնումը։
Նա խորհրդանշական համարեց այն, որ մեր ժողովուրդը, որ վերապրել է ցեղասպանությունը, բնաջնջման վտանգը եւ վերածնվել, միջազգային հանրության կարծիքով, այսօր առաջամարտիկ է դարձել համաշխարհային ջանքերում՝ ուղղված նոր ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը. «Այս տարի մեր նախաձեռնությունը կապված է Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի 70—ամյակի հետ, որն ընդունվել էր 1948թ. դեկտեմբերի 9—ին։ Գիտեք, որ Ռաֆայել Լեմկինն է այդ կոնվենցիայի հեղինակներից մեկը։ Նա 1944 թվականին դեռ շրջանառության մեջ մտցրեց ցեղասպանություն եզրույթը՝ հղում կատարելով Հայոց ցեղասպանությանը»։
Նախարարը պատահական չի համարում, որ այդ հոբելյանի շրջանակներում, այս տարի դեկտեմբերի 9—ին՝ կոնվենցիայի ընդունման օրը, ի շարունակություն Ժնեւում՝ Մարդու իրավունքների խորհրդում ընդունված այս նոր բանաձեւի՝ Հայաստանում անցկացվելու է գլոբալ ֆորում՝ նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը։ «Ժնեւում ընդունված այս վերջին բանաձեւը վերահաստատում է կոնվենցիայի դրույթները, ինչը շատ կարեւոր է կանխարգելման տեսանկյունից։ Ընդգծում է, որ անպատժելիությունը եւ ժխտողականությունը խոչընդոտներ են հանդիսանում կանխարգելման գործում»,–նշեց նա՝ հիշեցնելով, որ 2015թ. նույնպես նախաձեռնվել է ցեղասպանության կանխարգելմանը նվիրված բանաձեւ, որն ընդունվել է Ժնեւում։ «Այս համատեքստում ես կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Լյուքսեմբուրգի արտգործնախարարին, իմ գործընկերոջը այն աջակցության համար, որ ցուցաբերեց Լյուքսեմբուրգը այս բանաձեւերի ընդունման գործում։ Այս անգամ էլ, ինչպես 2015թ., Լյուքսեմբուրգը համահեղինակեց բանաձեւը։ Այսօրվա դրությամբ արդեն 56 երկիր է միացել Հայաստանին՝ որպես համահեղինակ, եւ բանաձեւն անցել է կոնսենսուսով։ Այն դեռ բաց է այլ երկրների կողմից որպես համահեղինակներ միանալու համար։ Կարծում եմ՝ մի շարք երկրներ գալիք օրերին եւս կմիանան դրան։
Հիշեցնեմ նաեւ, որ մեր նախաձեռնությամբ 2015թ. ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձեւ, որով կոնվենցիայի ընդունման օրը՝ դեկտեմբերի 9—ը, հռչակվեց որպես ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակի օր»,–հավելեց Նալբանդյանը։
Դեկտեմբերին անցկացվելիք գլոբալ ֆորումի գլխավոր թեման է լինելու կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը կրթության միջոցով։ «Կարծում եմ, որ այս իմաստով, իհարկե, միջազգային հանրությունը դեռ շատ անելիքներ ունի, որովհետեւ անգամ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, կոնվենցիայի ընդունումից 70 տարի հետո, մինչ այսօր դեռ շարունակվում են հանցագործությունները մարդկության դեմ, եւ, իհարկե, դա մեծ խնդիր է ողջ մարդկության համար»,–ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ Հայաստանն այդ առումով շարունակելու է ջանքերը միջազգային հանրության՝ գործընկերներ երկրների, միջազգային կառույցների հետ միասին։
«Իմ եւ պատվիրակության համար շատ կարեւոր էր լինել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Կարծում եմ մարդկությունն ի վիճակի է այդ ամենին ճիշտ գնահատական տալ։ Մենք՝ որպես դիվանագետներ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդպիսի բաներ հետագայում չկրկնվեն»,– ասաց Ժան Ասելբորնը։


Քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
 

Նախքան ասուլիսը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ։
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ ի թիվս միջազգային համաժողովների շրջանակներում ունեցած բազմաթիվ հանդիպումների՝ Հայաստան այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու քննարկումները երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Հայաստանի արտգործնախարարն իր երախտիքը հայտնեց նախարար Ասելբորնին՝ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում Լյուքսեմբուրգի արժեքավոր ներդրման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Լյուքսեմբուրգի կողմից 2015թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ կանխարգելման ուղղությամբ միջազգային ջանքերի շարունակական սատարումը։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անցյալ շաբաթվա վերջին ՄԱԿ—ի Մարդու իրավունքների խորհրդում «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին» կոնվենցիայի ընդունման 70—ամյակի կապակցությամբ Հայաստանի նախաձեռնած բանաձեւին Լյուքսեմբուրգի աջակցության համար։
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ նախարար Ասելբորնը վստահեցրեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման գործում։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսության բացումը՝ հույս հայտնելով, որ դա կլինի Լյուքսեմբուրգի մշտական ներկայության ապահովման ուղղությամբ առաջին քայլը։
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման հարցերին, մտքեր փոխանակեցին հայ—լյուքսեմբուրգյան գործարար համաժողովի անցկացման հնարավորության շուրջ, որը լավ առիթ կհանդիսանա երկու երկրների մասնավոր սեկտորների ներկայացուցիչների միջեւ գործնական հարաբերությունների հաստատման, փոխշահավետ համագործակցության խթանման, ինչպես նաեւ ներդրումների նպատակով հնարավոր ոլորտների բացահայտման համար։
Հանդիպման օրակարգում էին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման, միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ—ի, ԵԱՀԿ—ի եւ Եվրախորհրդի շրջանակներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերը։
Երկուստեք ընդգծվեց նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կարեւորությունը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց նախարար Ասելբորնին եւ Լյուքսեմբուրգին՝ Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնության անվերապահ եւ սկզբունքային աջակցության համար։
Էդվարդ Նալբանդյանը եւ Ժան Ասելբորնը հանգամանալից քննարկեցին հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաեւ հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Կարեւորվեց գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում հոկտեմբերի 10—ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումին Լյուքսեմբուրգից համապատասխան գործարար շրջանակների մասնակցությունը։
Անդրադարձ կատարվեց Հայաստան—Եվրոպական միություն համագործակցությանը, որի համատեքստում ընդգծվեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ընձեռվող հնարավորությունները։
ԱԳ նախարարները քննարկեցին միջխորհրդանական կապերը, օրենսդիր մարմիններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը։
Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։
Ժան Ասելբորնը դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջեւ։
Էդվարդ Նալբանդյանն ու Ժան Ասելբորնը ներկա գտնվեցին Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։ ՀՀ ԱԳ նախարարն իր ողջույնի խոսքում ասաց. «Սիրով ողջունում եմ գործընկերոջս եւ նաեւ իմ լավ ընկերոջը՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին, Հայաստանում։ Այս այցը լավ առիթ է՝ ի մի բերելու մեր հարաբերությունների երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաեւ նախանշելու համագործակցության նոր հեռանկարները։
Իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ, միջազգային ասպարեզում իր դիվանագիտական արդյունավետ ներկայությամբ, իր արձանագրած տնտեսական հաջողություններով՝ Լյուքսեմգուրգի համբավը գերազանցում է այդ երկրի չափերը։ Այսօրվա աշխարհում երկրների չափերից եթե ոչ ավելի, ապա առնվազն ոչ պակաս կարեւոր է այն, թե որքանով ես վստահելի, սկզբունքային, հետեւողական եւ կանխատեսելի։
Ի դեմս Լյուքսեմբուրգի, Հայաստանն ունի հետեւողական, սկզբունքային եւ վստահելի գործընկեր՝ ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Հարգելի գործընկեր, սիրելի բարեկամ, կարող եք այսուհետ եւս վստահ լինել, որ Հայաստանի վերաբերմունքը խորապես փոխադարձ է։
Մեր հարաբերությունների մասին առավել մանրամասն, մեր երկկողմ օրակարգի մասին մենք խոսել ենք համատեղ մամլո ասուլիսի ընթացքում։
Հարաբերությունները Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ ունեն զարգանալու մեծ ներուժ, եւ այն լիովին օգտագործելը պետք է համարվի մեր օրակարգի առաջնային հարցը։ Պատվո հյուպատոսի գրասենյակի բացումն առաջին կարեւոր քայլերից է այդ ուղղությամբ։
Հավաստիացնում եմ, որ մեր կողմից կարվի հնարավորինը երկու երկրների միջեւ համակողմանի փոխշահավետ համագործակցությունը առավել խորացնելու, զարգացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ»։
Նշենք, որ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ, ինչից հետո հիշատակի ծառուղում տնկեց անվանական եղեւնի։ hhpress.am

Լ. Ա.

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 27 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018