ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 15.12.2018, 10:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 31 » Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/
09:57
Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովը /Հայկական հարցի արծարծումները բանակցություններում (1918թ., մարտ)/

Սակայն հետագա իրադարձությունները եկան մեկ անգամ եւս փաստելու, որ այդ հուզիչ եւ ռազմաշունչ կոչը, մեղմ ասած, անկեղծ չէր ոչ միայն վրացիների, այլ մանավանդ կովկասյան թաթարների կողմից։ 
Նիստում մահմեդական խմբակցությունը հայտարարեց, թե մուսուլմանական ազգաբնակչությունը, կրոնական կապերով կապված լինելով թուրքերի հետ, հրաժարվում է նրանց դեմ հայտարարված պատերազմին մասնակցելուց։ Անժխտելի իրողություն է. թե Անդրկովկասյան սեյմը եւ թե կառավարությունը ծանոթ էին մահմեդականների այդ մտայնությանը, բայց եւ այնպես սեյմում նրանց «յայտարարութիւնը սառ ջուր մը կը լեցնէր ոգեւորուած տրամադրութեան վրայ»։ Սեյմի անդամ Ի. Ծերեթելին «դիմում ե ֆրակցիային (մահմեդական — Գ. Պ.) եւ շպրտում ե նրա դեմքին «դավաճաններ» անունը»։
Կառավարության նախագահ Ե. Գեգեչկորին իր կրակոտ ելույթում հայտարարեց. «Կառավարությունը կարծում է, որ չի մարել անդրկովկասյան դեմոկրատիայի ազատության ոգին, որ «վառոդամանում դեռ վառոդ կա», որ եթե մենք թույլ ենք, ապա ոչ այնքան, որպեսզի մեզ ստրուկներ դարձնեն։ Այդ պատճառով էլ մենք մտածում ենք, սեյմի քաղաքացի անդամներ, որ Բրեստ—Լիտովսկի դաշնագրի ընդունումը կնշանակեր, որ Անդրկովկասը՝ որպես անկախ հանրապետություն, կդադարի գոյություն ունենալուց եւ կդառնա թուրքական իմպերիայի գավառը։ Կառավարությունը նման խայտառակություն չի կարող թույլ տալ։ Կառավարությունը կհավաքի իր բոլոր ուժերը, իր ամբողջ հզորությունը, որպեսզի անհրաժեշտ հակահարված տա թուրքական կառավարության բռնի շահախնդրությանը»։
Ուշագրավ է Անդրկովկասյան սեյմի Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության խմբակցության անդամ Մ. Հարությունյանի ելույթը. «Նախ իբրեւ հայ եւ իբրեւ դաշնակցական …մենք հավատացած ենք, որ Թուրքիան չի բավարարվի այն պայմաններով, որոնք նա պահանջում է Բրեստ—Լիտովսկի դաշնագրի համաձայն։ Նա ավելի առաջ կգնա։ Նա վստահ է ներքին հայտնի տարրերի աջակցության վրա։ Եվ հենվելով այդ տարրերի եւ իր կազմակերպված ուժերի վրա, դիմացն ունենալով կազմալուծված զորամասեր՝ նա մտածում է հասնել Բաքու եւ մեկընդմիշտ իրականացնել Կոստանդինուպոլը Բաքվի հետ մուսուլմանական հոծ զանգվածներով միացնելու իր հին ծրագիրը…
Մենք համոզված ենք, որ առաջին հերթին հայերն են դատապարտված մահվան, իսկ երկրորդ հերթին՝ վրացիները, այնպես որ մեզ համար ոչ մի փրկություն չկա։ Ես լիազորված եմ դաշնակցության խմբակցության կողմից հայտարարելու, որ մենք կտանք ոչ միայն զորակոչային տարիքը, այլ, հավանաբար, մեր ամբողջ ժողովուրդը, որը ընդունակ է զենք կրել, կվերցնի եւ կգնա ռազմաճակատ՝ մեր հողերը պաշտպանելու։ Պարտվելու եւ մեռնելու դեպքում, մենք՝ հայերս, կմեռնենք զենքը ձեռքներիս»։
Կրակոտ եւ սուր քննադատական ելույթներից հետո մարտի 31—ի (ապրիլի 13) երեկոյան սեյմը միաձայն հաստատեց միացյալ ժողովի որոշումների նախագիծը եւ հեռագրեց Տրապիզոն՝ անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության նախագահ, արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելուն. «Այսօր երեկոյան, Անդրկովկասի սեյմի նիստում, միաձայն ընդունվեց հետեւյալ բանաձեւը. նկատի ունենալով այն, որ Անդրկովկասի սահմանների հարցի վերաբերյալ Թուրքիայի ու Անդրկովկասի միջեւ հաշտություն ձեռք չի բերված, Անդրկովկասյան պատվիրակությանն առաջարկվում է անհապաղ վերադառնալ Թիֆլիս»։ Փաստորեն սեյմը պատերազմ հայտարարեց Թուրքիային այն դեպքում, երբ իրականում վերջինս դեռ ակտիվորեն շարունակում էր իր ռազմական առաջխաղացումն Անդրկովկասի սահմաններում՝ զենքի ուժով լուծելու Բրեստ—Լիտովսկի հաշտության դաշնագրի պահանջները։
Սեյմի որոշման համաձայն՝ ամբողջ Անդրկովկասում պաշտոնապես հայտարարվեց ռազմական դրություն, իսկ պատերազմը վարելու համար ստեղծվեց արտակարգ լիազորություններով օժտված կոլեգիալ մարմին, որի մեջ մտնում էին կառավարության նախագահ, ռազմական նախարար Ե. Գեգեչկորին, ներքին գործերի նախարար Ն. Ռամիշվիլին եւ ֆինանսների նախարար Խ. Կարճիկյանը։
Բայց եւ այնպես, երկրամասի երեք գլխավոր ազգությունների միջեւ առկա խորը հակասությունները եւ հակամարտությունները, որի գլխավոր պատճառը նրանց քաղաքական տարբեր կողմնորոշումներն էին ու ազգային—տարածքային սահմանների վեճերը, հնարավորություն չտվեցին Անդրկովկասում ստեղծելու միացյալ ճակատ թուրքական ռազմական սպառնալիքին դիմակայելու համար։ 
Ինչպես վերը նշվեց, մահմեդականները սեյմի նիստում հայտարարել էին, որ չեն կռվելու թուրքերի դեմ։ Թուրք—անդրկովկասյան պատերազմի հիմնական ծանրությունն ընկած էր հայկական ուժերի վրա (վրացիների մասնակցությունը չնչին էր, իսկ մահմեդական դիվիզիան ընդհանրապես չի մասնակցել)։ Ալ. Խատիսյանի վկայությամբ, հասարակական կարծիք էր ձեւավորվել, որ «Վրացական զորամասերը, որպես կանոն, նահանջում են թուրքերի հարձակումների ժամանակ …վրացիները բոլորովին պատրաստ չեն պատերազմին»։
Նույն օրը՝ մարտի 31—ի (ապրիլի 13) երեկոյան, առանց վրացական զորքերի որեւէ դիմադրության, Բաթումը հանձնվեց թուրքական զորամասերին։ Կամովին թուրքերին հանձնվեցին Բաթումի պարետը եւ վրացական առաջին դիվիզիայի հրամանատարը՝ իր շտաբով։ Այնուհետեւ թուրքական զորքերը գրավեցին Աբասթումանը եւ շարունակեցին առաջխաղացումը Քութայիսի ու Թիֆլիսի նահանգներում։ Այս առիթով Ա. Խաչատրյանը գրում է. «Կովկասի Հանրապետութեան այնքան մեծ աղմուկով յայտարարած պատերազմը կը վերջանար խայտառակ պարտութեամբ մը։ Վրաց ճակատի վրայ դիմադրութիւնն այնքան թոյլ եղաւ, որ 48 ժամէն Բաթումի պէս ուժեղ բերդաքաղաք մը իր բոլոր ռազմական հարստութեամբ աւար կը դառնար օսմանեան չնչին ուժով յարձակւող զօրքի ձեռքը եւ քանի մը օրուան մէջ օսմանեան զինւորներն արդէն Վրաստանի սիրտ՝ Քութայիսի նահանգումն էին»։
Կարսի շրջանում հայկական զորամասերը 10 օր շարունակեցին իրենց կատաղի դիմադրությունը թուրքերի դեմ։ Բաթումի հանձնումից հետո Անդրկովկասյան սեյմը համոզվեց, որ այլեւս ի վիճակի չեն համախմբելու երկրամասի բոլոր ուժերը եւ պատերազմը շարունակելու։
Ապրիլի 1—ին (14) կառավարության նախագահ Ե. Գեգեչկորին հեռագիր հղեց Ա. Չխենկելուն՝ հրահանգելով անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությանն անմիջապես վերադառնալ Թիֆլիս։ Այդ մասին Ա. Չխենկելին անմիջապես հայտնեց թուրքական պատվիրակությանը. «Անդրկովկասյան պատվիրակությունը, նկատի ունենալով իր կառավարությունից ստացված հրահանգները, պատիվ ունի հայտնելու օսմանյան պատվիրակությանը, որ ինքն անհրաժեշտաբար պետք է այսօր մեկնի Թիֆլիս»։ Թուրքերը անշուշտ շատ լավ հասկացան, թե ինչու է անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը մեկնում Տրապիզոնից։ Նույն օրը երեկոյան խաղաղարար պատվիրակությունը վերադարձավ Թիֆլիս։ Բաժանումից առաջ թուրքական պատվիրակության նախագահ Հուսեյն Ռաուֆ—բեյի առաջարկով Հայկական հարցի մասին մեկժամանոց առանձնազրույց ունեցավ խաղաղարար պատվիրակության հայ անդամ Ալ. Խատիսյանի հետ։
Այսպիսով, Ալ. Խատիսյանի գնահատմամբ՝ «հաշտութեան փոխարէն Տրապիզոնէն մենք (անդրկովկասյան խաղաղարար պատվիրակություն–Գ. Պ.) կը տանէինք մեր երկրին պատերազմ»։

Շարունակելի

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 
դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 15 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018