Արդեն Երեք տարի «Ամերիկահայ բժիշկների կազմակերպությունը» (AAHPO) համագործակցում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) հետ եւ բժշկական անվճար ծառայություններ մատուցում Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղական համայնքներում։ Հայաստան այցելող բժիշկների խմբում կան գինեկոլոգներ, արյունաբան—ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, ատամնաբույժ, հոգեբույժ, դիետոլոգ։
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանից տեղեկացանք, որ ամերիկահայ բժիշկների նոր խումբը այս տարի եւս ժամանել է Հայաստան եւ անցյալ ամսվանից մասնագիտական ծառայություններ է մատուցում Արագածոտնի մարզի Արտենի, Արմավիրի մարզի Քարակերտ եւ Մյասնիկյան, Լոռու մարզի Արեւածագ, Թումանյան եւ Ալավերդի, Շիրակի մարզի Փանիկ համայնքներում։
Բժիշկներ Լյուսի Թովմասյանը, Դեբրա Ֆերմանը, Ադրինե Գիրիթլյանը, Քարլա Սիմոնյանը եւ մյուսները աշխատել են տեղացի բժիշկների հետ, մասնագիտական խորհուրդներ տվել հայաստանցի ու ամերիկահայ ուսանող—կամավորներին։ Ահա ինչու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի առողջապահական ենթածրագրերի ղեկավար Լուսինե Սահակյանը վստահ է՝ համագործակցությունը կարեւոր նաեւ հենց փորձի փոխանակման առումով։ Գյուղական համայնքների բնակիչները քիչ են օգտվում բժշկական ծառայություններից՝ հիմնականում սոցիալական խնդիրների պատճառով։ Ահա եւ նրանք հիանալի հնարավորություն են ստացել իրենց գանգատները հայտնել մեր ամերիկացի հայրենակից մասնագետներին եւ հուսալ, որ օգնություն կստանան։ Բարեգործական բուժզննության շրջանակներում ամերիկահայ բժիշկներն ընդունել են 400—ից ավելի հիվանդի, իսկ Ալավերդի քաղաքում կատարել են ութ վիրահատություն։ hhpress.am
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
|