Երեկ տեղի է ունեցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10–րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացումը, որին ներկա է գտնվել վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ամենամյա այս միջոցառումը կարեւոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար եւ ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման եւ փորձի փոխանակման համար։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով տնտեսության մրցունակության բարձրացման եւ շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, կարեւորում է այս ոլորտը, կարեւորում է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը։ Պետք է նշենք, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում եւ ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն եւ կարեւոր դերակատար։ 2008–2016 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20–22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ։ Բայց դա մեզ պետք է չհանգստացնի, դա այս ոլորտի գագաթնակետը չէ, եւ աճի տեմպերը, իմ պատկերացմամբ, կարող են լինել շատ ավելի բարձր»,–իր ելույթում ասել է կառավարության ղեկավարը։
Վարչապետի խոսքով, ներկայումս ՀՀ կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանման եւ ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտի տարածքային համաչափ զարգացմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու կրթական կարողությունների հզորացմանը, ինչն իր հերթին խթանում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի կայուն դիրքավորումը։ «Հատկանշական է համագործակցությունը վերազգային ընկերությունների հետ։ Այսօր Հայաստանում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար անդրազգային ընկերություններ, ինչպիսիք են՝ «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ», «Վի Էմ Ուեր», «Դ–Լինկ», «Օրաքլ», «Սիսկո» եւ այլ ընկերություններ։ «Մայքրոսոֆթ» եւ «ԱյԲիԷմ» ընկերության հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու ներկայում հաջողությամբ գործում են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը եւ նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը։ Ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու եւ նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ։ Արդյունքում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոլորտում տարեկան ստեղծվում է շուրջ 100 ընկերություն։ Կարծում եմ, որ մենք այստեղ նույնպես աճի տեղ ունենք»,–նշել է Կարեն Կարապետյանը։
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կարեւոր խնդիրներից է նաեւ տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը։ Վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ եւ լաբորատորիաներ, այդ թվում՝ հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտը, հայ–հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը եւ այլն։ Ուշադրության կենտրոնում է գտնվում նաեւ ոլորտի տարածքային համաչափ զարգացումը, ինչի ապացույցն են գործող Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները։ «Կարեւորում ենք նաեւ, որ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ եւ մշակումներ իրականացնող եւ ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում։ Այսօր մենք ունենք լուրջ մրցակցային առավելություններ թե՛ տարածաշրջանում, թե՛ այլ երկրների համեմատ»,–ասել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ ՏՏ ոլորտի օրինակով ՀՀ կառավարությունը ներկայումս քայլեր է իրականացնում նաեւ ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիական այլ ուղղությունների զարգացման նպատակով։
Կառավարության ղեկավարը կարեւորել է այն հանգամանքը, որ «Արմթեք 2017»–ն անցկացվում է շատ արդիական՝ կիբերանվտանգության թեմայով։ «Տեխնոլոգիաների զարգացման այսօրվա իրավիճակում աշխարհն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնց լուծումն անհնար է պատկերացնել առանց կիբերանվտանգության, տեղեկատվական անվտանգության խնդիրների լուծման։ Եվ որքան մեզ հաջողվի արդյունավետ լինել այս դաշտում, այնքան ավելի արագ կապահովենք տեխնոլոգիաների մուտքն առօրյա կյանք։ Սա վերաբերում է ոչ միայն կառավարության, այլեւ մեր տնտեսության բոլոր ճյուղերի արդյունավետության բարձրացմանը՝ սկսած բանկային համակարգից ավարտած գյուղատնտեսությամբ»,–ասել է Կարեն Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկեր տեղական, վերազգային եւ միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ցուցաբերած կանոնավոր աջակցության համար։ «Մենք հետեւողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրված քաղաքականությունը եւ խորացնելու եւ ընդլայնելու ենք համագործակցությունը միջազգային, այս բնագավառի վերազգային եւ տեղական կազմակերպությունների հետ, ինչը կխթանի ոլորտի մրցունակության բարձրացումը ու ոլորտում կայուն տնտեսական աճի ապահովումը։
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ նորից ողջունել ձեզ, մաղթել արդյունավետ աշխատանք։ Մեր տեղական ընկերություններին ցանկանում եմ շատ ավելի ակտիվ եւ համարձակ լինել, որովհետեւ մենք հայտարարել ենք, որ կառավարությունը պատրաստ է յուրաքանչյուր տրամաբանական, նույնիսկ եթե անհրաժեշտ է, հեղափոխական լուծումների գնալուն։ Շատ ակտիվ եղեք նաեւ կրթական համակարգում։ Մենք հայտարարել ենք, որ կրթական համակարգի կառավարումը կարող ենք տրամադրել ձեզ, եթե հաշվի ենք առնում, որ ոլորտի զարգացման համար դա մեր նեղ տեղերից է։ Այդ իսկ պատճառով ձեզ լավ տրամադրություն, հաջողություններ եւ լավ աշխատանք»,–խոսքը եզրափակել է վարչապետ Կարապետյանը։
«ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ ներդրումների աճը։ Այս տարի ֆորումը նվիրված է կիբերանվտանգության ոլորտին։ Քննարկման գլխավոր թեմաներն են՝ կիբերանվտանգության զարգացման մարտահրավերները եւ ռազմավարական ուղղությունը, կիբեր սպառնալիքները եւ պաշտպանվելու հնարավորությունները մասնավոր եւ հանրային հատվածում, կիբերանվտանգության ապագան՝ իրերի ինտերնետ, արհեստական բանականություն, ավտոմատացում եւ այլն։ Նախատեսվում է, որ «ԱրմԹեք 2017»–ը կներգրավի ավելի քան 200 մասնակից։ Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։
|