ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.11.2024, 13:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 8 » Այս պահին կարեւորն ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարաձգումն է
14:07
Այս պահին կարեւորն ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարաձգումն է

Հաջորդը կլինեն նոր ԱԷԿ—ի կառուցումն ու նաեւ այլ հզորությունների դիտարկումը
 
Երեւանում երեկ կայացավ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Ռոսատոմ» կորպորացիայի համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստը՝ ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում քննարկվեցին շահագործման ժամկետի երկարացման հիմնական փուլերին, ֆինանսավորման հաշվետվության մասին հարցեր, նաեւ հիմնական սարքավորումների եւ անվտանգության համակարգի համընդհանուր ուսումնասիրության ընթացիկ արդյունքները։ Նիստից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ու «Ռոսատոմի» տնօրեն Սերգեյ Կիրիենկոն ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր՝ «Միջուկային վթարի դեպքում օպերատիվ իրազեկման եւ միջուկային ու ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին»։
Այս համաձայնագրի ստորագրումը բխում էր ԱԷՄԳ—ի (ՄԱԳԱՏԵ—ի) պահանջներից (1986թ. սեպտեմբերի 26, միջուկային վթարի մասին օպերատիվ իրազեկման մասին 9—րդ հոդված)։ Համաձայնագիրը հստակեցնում է կողմերից մեկի տարածքում որեւէ ատոմակայանում առաջացած վթարի ժամանակ եւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ընթացքում փոխադարձ օպերատիվ իրազեկման պայմանները։ Ըստ այս համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են իրականացնել երկու երկրների ատոմային օբյեկտներում միջուկային եւ ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության մշտական փոխանակում։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո կողմերը պետք է ձեռնարկեն գործնական քայլեր պարտավորությունների իրականացման ուղղությամբ, ներառյալ՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով օբյեկտների ընթացիկ վիճակի մասին ստացվող տեղեկատվության պարբերական փոխանակման առնչությամբ։
ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի վերաբերյալ երկու այլ փաստաթղթեր էլ ստորագրվեցին։ 1. համակարգող համատեղ հանձնախմբի նիստի արձանագրությունը ստորագրեցին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանը եւ «Ռոսատոմի» զարգացման եւ միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կ. Կոմարովը։ Համակարգող համատեղ հանձնախումբը ստեղծվել է 2015թ. մարտին։ Հանձնախմբի ստեղծման նպատակն է համակարգել կողմերի պարտավորությունները, վերահսկել համաձայնագրի իրականացումը եւ անցկացնել կատարված աշխատանքների արդյունքների մշտական գնահատում։ 2. ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի համակարգի ամբողջական ուսումնասիրության, շահագործման ժամկետի երկարացման նախապատրաստման ծրագրի մշակման վերաբերյալ։ Այս փաստաթուղթն էլ ստորագրեցին ՀԱԷԿ—ի տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը եւ «Ռուսատոմ Սերվիսի» գլխավոր տնօրեն Ե. Սալկովը։
Հայկական կողմին փոխանցվեցին 22 հաշվետվային փաստաթղթեր, որոնցում արտացոլված էին ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի ընդհանուր ուսումնասիրության վերաբերյալ ռուսական կողմի կատարած աշխատանքների միջանկյալ արդյունքները։ Այս ընթացքում տարածքում եղել եւ աշխատել են ավելի քան 100 մասնագետներ։ Հետագա աշխատանքների ընթացքում կուսումնասիրվեն կայանի ավելի քան 4,5 հազար սարքավորումներ եւ կպատրաստվեն ավելի քան 10 հազար փաստաթղթեր։

Սակագնի վրա  ազդեցությունը  մեղմելու համար
Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով այն կդադարի գործել 3—4 ամիս տեւողությամբ 2017թ. եւ 2018թ.։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ նախապես պայմանավորվածություն է եղել ամբողջ աշխատանքը կատարելու համար ատոմակայանը կանգնեցնել 6—7 ամսով, բայց որոշումը փոփոխվել է։ «Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակը Հայաստանում, մենք լուրջ ուսումնասիրություններից հետո հանգեցինք այն եզրահանգման, որ ատոմակայանը կարելի է կանգնեցնել երկու փուլով՝ 3—4 ամիս տեւողությամբ։ Առաջին երեք ամիսը՝ 2017—ին, երեք—չորսը՝ 2018—ին՝ դրանով մեղմելով սակագների վրա ազդեցությունը»։
Նախարարը հավաստիացրեց, որ արդեն նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվել, ստեղծվել է Համակարգող համատեղ հանձնաժողով, որն ուսումնասիրել ու գնահատական է տվել ընթացիկ աշխատանքներին. «Ուսումնասիրությունների վերջնական արդյունքը կներկայացնենք հանրությանը 2016թ.։ Ժամկետների առումով փոխադարձ համաձայնություն կա, եւ մենք հուսով ենք, որ նաեւ կկատարվի որակով աշխատանք, քանի որ «Ռոսատոմն» ունի մեծ փորձ այդ բնագավառում։ Աշխատանքների բոլոր փուլերում կկատարվի մոնիտորինգ»։
«Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն ճեպազրույցում նկատեց, որ լայնածավալ փոխգործակցություն է ծավալվել հայ գործընկերների հետ, եւ գործը խիստ գրաֆիկով է արվում. «Դատելով այն հանգամանքից, որ Մեծամորի ատոմակայանի չգործելու պարագայում 3 անգամ կթանկանա էլէնեգիայի սակագինը, փաստորեն սա նաեւ սոցիալական նախագիծ է դառնում, ու դրան մենք բավականին լրջորեն ենք մոտենում»։ Ի դեպ, Ս. Կիրիենկոն նկատեց, որ նմանատիպ աշխատանք առաջին անգամ չէ որ արվում է. «Նույն տեխնոլոգիաներով աշխատել ենք ռուսական կայանների ժամկետը երկարաձգելու մասով՝ համաձայն ոչ միայն ռուսական օրենսդրությունից բխող պահանջների, այլեւ՝ ԱԷՄԳ—ի սկզբունքների»։
«Ռոսատոմ»—ի տնօրենը նաեւ նկատեց, թե հայկական ԱԷԿ—ի աշխատանքները երկարաձգելը չի նշանակում, որ համակարգերը բերվելու են այն նույն վիճակին, որոնք եղել են կայանի սկզբնական շահագործման փուլում, այլ դրանք համապատասխանեցվելու են ներկայիս անվտանգության պահանջներին. «Ատոմակայանը պետք է լինի ավելի անվտանգ, քան այն ժամանակ, երբ նոր էր կառուցվում ու շահագործման հանձնվում։ Երկու կողմերս էլ դիտարկում ենք նաեւ տուրբինների հզորության բարձրացումը, որը, ինչու ոչ, նաեւ տնտեսական օգուտներ կտա։ Թեեւ առաջին տեղում անվտանգության հարցերն են անպայմանորեն»։


Նոր ԱԷԿ—ի համար դեռ ժամանակ կա

Ինչ վերաբերում է նոր ատոմակայանին։ Դրա կառուցման համար դեռ ժամանակ ունենք. այս համոզմունքը հայտնեց Երվանդ Զախարյանը։ Այս պահին ուսումնասիրում ենք գործող ատոմակայանի աշխատանքը 10 տարի երկարաձգելուց հետո եւս մի քանի տարով շահագործումը երկարացնելու տարբերակը (եթե նորի համար միջոցներ, իհարկե, դեռ գտնված չլինեն, եւ այս մասին խոսել ենք,—Ա.Մ.)։ «Եթե հետագայում կրկին ժամկետների երկարաձգման հնարավորություն լինի, մենք կգնանք դրան, նոր ուսումնասիրություններ կտարվեն այդ ուղղությամբ»։
Հայ պաշտոնյան նկատեց, որ ՀՀ—ի եւ ՌԴ—ի կառավարությունների նախնական համաձայնությամբ որոշվել է նոր ատոմակայանը կառուցել 1000 մեգավատ հզորությամբ։ Միաժամանակ հավելեց, որ գուցե ավելի ձեռնտու լինի միջին հղորության ԱԷԿ ունենալը (նոր հզորությունների գործարկման պարագայում). «Նոր ատոմակայանի համար մենք դեռ ժամանակ ունենք ուսումնասիրելու։ Դրա ուղղությամբ մոտակա տարիներին հավանաբար լուրջ աշխատանք չի կատարվի, այլ ավելի շուտ կուսումնասիրվեն նաեւ հետագայում նոր հզորությունների մասով հնարավորությունները»։ Նոր հզորություններ ասելով նախարարը նկատի ունի այն, որ մշակված է մինչեւ 2036թ. էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարություն, որով նախատեսվում է լրացուցիչ հողմային կայաներ կառուցել մինչեւ 200 մՎտ եւ ՀԷԿ—եր՝ մինչեւ 250 մՎտ հզորությամբ։


ԱԷԿ՝ հանուն  անվտանգության

Ճեպազրույցից հետո կայացավ ատոմային ոլորտի մատակարարներին նվիրված «Ատոմէկս—Հայաստան» սեմինարը։ Այն կազմակերպել էր «Ռոսատոմ–միջազգային ցանց» ընկերությունը՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ համատեղ։ Սեմինարին ներկա էին նախարարության, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի, մեքենաշինության, շինմոնտաժային եւ շինարարական, գիտական, բանկային եւ ֆինանսական ոլորտներում հայաստանյան առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչները։ Ռուսական կողմից մասնակցում էին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի, ինչպես նաեւ՝ դուստր ձեռնարկությունների՝ «Ռոսատոմ սերվիսի», «Ռոսատոմ օվերսիզի», «Ռոսատոմ—Միջազգային ցանցի» ոլորտում հայտնի բազմաթիվ այլ ընկերությունների ներկայացուցիչները։
Սեմինարը նվիրված էր հայկական ԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարացման ծրագրի իրականացմանը եւ այդ աշխատանքներին հայաստանյան մատակարարների հնարավոր մասնակցությանը։ Սեմինարի առաջին նիստի ընթացքում ելույթ ունեցավ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը՝ կարեւորելով Հայկական ԱԷԿ—ի դերը երկրի անվտանգ էներգամատակարարման գործում։
Փոխնախարարը ներկայացրեց էլեկտրակայանի տեխնիկական բնութագիրը, ՀԱԷԿ—ի հուսալիության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ծրագրերը՝ ընդգծելով ՀԱԷԿ—ի անվտանգության բարձր մակարդակի ապահովման ուղղությամբ միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը։ «Ռուսատոմ սերվիսի» գլխավոր տնօրեն Ե. Սալկովը ներկայացրեց ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման հիմնական փուլերը, ծրագրի ներկայիս վիճակը եւ դրանում հայկական ձեռնարկությունների մասնակցության հնարավորությունները։
Ըստ այդմ, ծրագիրը բաժանված է երկու փուլերի։ Առաջինը վերաբերում է էներգաբլոկի սարքավորումների, շինությունների ընդհանուր ուսումնասիրությանը եւ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը նախապատրաստելու վերաբերյալ ծրագրի մշակմանը։ Երկրորդ փուլը վերաբերում է արդեն ծրագրի իրագործմանը, այդ թվում՝ հետազոտական, կարգավորող, վերլուծական, նախագծային, կառուցվածքային, մոնտաժային եւ շահագործման աշխատանքներին։
Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2019թ.։ Արդյունքների համաձայն՝ ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարացվի 10 տարով։
Երկրորդ նիստի ընթացքում «Ռոսատոմի» ներկայացուցիչները ներկայացրին «Ռոսատոմի» գնումների համակարգի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաեւ պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին, մասնավորապես՝ «Ռոսատոմի» միջազգային ծրագրերում հայկական ձեռնարկությունների մասնակցության հնարավորությունների հետ կապված։ Ընթացիկ տարում «Ռոսատոմի» գնումների համակարգի նորմատիվ—իրավական կարգավորման գործընթացում զգալի փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ օտարերկրյա մատակարարները կարող են առավել ազատ մասնակցել ընկերության էլեկտրոնային գնումներին։
Նիստի մասնակիցները վստահեցրին, որ հայ մատակարարներն ու ենթակապալառուները՝ մասնակցելով ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին, հետագայում կկարողանան մասնակցել նաեւ «Ռոսատոմի» կողմից այլ օբյեկտներում իրականացվող աշխատանքներին։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 473 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024