ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 04:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Դեկտեմբեր » 11 » Բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերի զարգացումը՝ ռազմավարական խնդիր
14:34
Բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերի զարգացումը՝ ռազմավարական խնդիր

Ներդրումները մինչեւ 2026թ. կկազմեն շուրջ 550 մլն դոլար

Մեր բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերը պետական սեփականություն են, եւ դրանց բնականոն զարգացումն էներգետիկայի բնագավառի ռազմավարական նշանակության խնդիրներից է։ Հիմա էներգետիկայի բնագավառի մինչեւ 2040թ. զարգացման ռազմավարական ծրագիրն է քննարկվում։ Ի՞նչ տեղ է ԲԷՑ—երին հատկացված այս ծրագրում, ի՞նչ ծրագրեր են նախանշված ոլորտում, ի՞նչ միջոցներով։ Այս եւ այլ հարցերի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին։
Մինչ այդ նշենք, որ ոլորտի ընկերությունը կառավարում է միայն հաղորդման ցանցի ակտիվները, ունի շահագործման, պահպանման գործառույթներ եւ նաեւ անհրաժեշտ ներդրումային ծրագրերն է իրականացնում, սակայն բուն ցանցի կառավարման գործառույթը վերապահված է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին։
ՏԿԵ նախարարի տեղակալը, խոսելով բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի զարգացումից, երկու խումբ միջոցառումներ մատնանշեց՝ միտված առկա ենթակառուցվածքների արդիականացմանը եւ հաղորդման ցանցի ընդլայնմանը։ Առաջին խումբ միջոցառումներն ուղղված են բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի ենթակայանների եւ օդային գծերի վերազինմանը, իսկ երկրորդ խումբ միջոցառումներն այս փուլում՝ համակարգի թողունակության, ավտոմատացման (SCADA համակարգի ընդլայնում), ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշների մոնիտորինգի համակարգի ներդրման եւ տարածաշրջանային ինտեգրման նպատակով նոր ենթակառուցվածքների ստեղծմանը։
Եթե հակիրճ, ապա հարկ է իմանալ, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցում այժմ շահագործվում են 220 կՎ լարման թվով 13 եւ երկու 110 կՎ լարման ենթակայաններ ու մեկ փոխանջատիչ կետ Իրանի հետ սահմանին, ինչպես նաեւ 1960 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր՝ իրենց 5600 հենարաններով։ Ենթակայաններից հինգը (220/110/10 կՎ լարման «Հաղթանակ», 220/35/10 կՎ լարման «Կամո», 220/110/10 կՎ լարման «Գյումրի—2», 220/110/35 կՎ լարման «Վանաձոր—2» եւ 220/110/35 կՎ լարման «Ալավերդի 2») արդեն իսկ ամբողջությամբ վերակառուցվել են։
Այժմ վերակառուցման ընթացքում են եւս հինգ ենթակայաններ։
Մասնավորապես. Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի կողմից՝ «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագրով տրամադրված 37,5 մլն ԱՄՆ դոլար գումարի շրջանակներում 2019թ. վերակառուցվել է 220 կՎ լարման «Հաղթանակ» ենթակայանը, նախատեսված է 110 կՎ լարման «Չարենցավան—3», «Վանաձոր—1» եւ 220 կՎ լարման «Զովունի» ենթակայանների ամբողջական վերակառուցումը։ «Չարենցավան—3»—ի վերակառուցումը 2022թ. է նախատեսված, «Վանաձոր—1»—ինը՝ հաջորդ տարի, իսկ «Զովունիինը»՝ 2023թ.։
Ասիական զարգացման բանկի կողմից՝ «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային համաձայնագրով տրամադրված միջոցներից շուրջ 23,4 մլն դոլար գումարի շրջանակներում նախատեսված է վերակառուցել 220 կՎ լարման «Ագարակ—2» փոխանջատիչ կետը՝ դարձնելով այն ենթակայան (2020թ.), եւ «Շինուհայր» (2021թ.) ենթակայանը, ինչպես նաեւ SCADA կապի ու ավտոմատացման համակարգի ներդրումային ծրագրի 2—րդ փուլը։
Դարձյալ ՎԶԵԲ—ի կողմից՝ «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային համաձայնագրով տրամադրված 50,5 մլն դոլար գումարի շրջանակներում 2019թ. կառուցվել է 220 կՎ լարման Երեւանի ՋԷԿ—ի նոր ենթակայանը՝ փոխարինելով նախկին 110 կՎ լարման ենթակայանին, որը շահագործումից հանվել է։ Նախատեսված է 220 կՎ լարման «Աշնակ» եւ «Արարատ—2» ենթակայանների վերակառուցումը։ «Աշնակը» 2020թ. կվերակառուցվի։
Նորից ՎԶԵԲ—ի կողմից եւ կրկին վարկային համաձայնագրով տրամադրված շուրջ 39 մլն դոլար գումարի շրջանակներում 2018թ. վերակառուցվել են Հրազդան ՋԷԿ—ից մինչեւ Շինուհայր 220 կՎ լարման ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ Նորադուզ—Լիճք—Վարդենիս—Վայք—Որոտան—1 էլեկտրահաղորդման 220 կՎ լարման օդային գծերը։ Սրա հետեւանքով շուրջ 50 ՄՎտ—ով ավելացել է դեպի Իրան արտահանման հնարավորությունը։
Այս օդային գծի վերակառուցումից խնայողություն էլ է արվել, եւ դրա շնորհիվ կարող ենք խոսել շուրջ 50 կմ երկարությամբ «Լալվար» ու «Նոյեմբերյան» 110 կՎ լարման օդային գծերի (2020թ.) վերակառուցման մասին։ Ի դեպ, այս գծերը շահագործման մեջ էին 1962–ից, արդեն կոռոզիայի էին ենթարկվել ու չէին կարող սպառողներին հուսալի եւ անխափան էլեկտրամատակարարում ապահովել։
Ի՞նչ է արվում տարածաշրջանային ինտեգրման մասով։
Հակոբ Վարդանյանը տեղեկացրեց, որ Իրանի արտահանման զարգացման բանկի աջակցությամբ (107,9 մլն եվրո գումարի մասին է խոսքը) կառուցվում է Իրան—Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը եւ 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանը (2021թ.)։ «Էլեկտրահաղորդման գծի ու ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա մեր երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 350 ՄՎտ—ից հասցնել 1000—1200 ՄՎտ—ի»,–ասաց փոխնախարարը՝ հավելելով, թե միաժամանակ կբարձրանան էներգահամակարգերին զուգահեռ աշխատանքի հուսալիության ու Հայաստանի էներգետիկ անվտանգության աստիճանը։
Հայ—իրանականից գանք հայ—վրացական հատվածին։
Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման նպատակն է 500 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծով միացնել հայկական ու վրացական էներգահամակարգերը՝ «ապահովելով երկու համակարգերի ասինքրոն—զուգահեռ աշխատանքը» վրացական սահմանի մոտ՝ Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով։ Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով։ Հայկական կողմից միացումը կլինի ծրագրի շրջանակներում կառուցվող 400/220/20 կՎ լարման «Դդմաշեն» (2022թ.) ենթակայանից 400 կՎ լարման օդային գծի միջոցով։ Վրաստանի հետ զուգահեռ աշխատանքի թողունակությունը կլինի 350 ՄՎտ։
Ինչ վերաբերում է բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցում, բացի ենթակառուցվածքային ներդրումներից, համակարգի ավտոմատացմանն ուղղված ներդրումներին։ Մինչեւ 2022 թվականը կներդրվի SCADA կառավարման համակարգը, որը կապահովի կարգավարման եւ տեխնոլոգիական կառավարման նոր մակարդակ։ Հայաստանի էներգահամակարգի պահանջներն ու հնարավոր այլ փոփոխությունները հաշվի առնելու նպատակով համակարգը կունենա ընդլայնվող մոդուլյար կառուցվածք եւ շահագործման բնութագրերի ընտրության հնարավորություն։ «Արդյունքում էականորեն կկրճատվի էլեկտրաէներգետիկական համակարգում վթարների վերացման ժամանակը եւ կբարձրանա սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության մակարդակը»,—ասաց Հակոբ Վարդանյանը։
Ի դեպ, ՏԿԵ փոխնախարարը տեղեկացրեց, որ մշակման փուլում է Հայաստանի էլեկտրահաղորդման ցանցի զարգացման 5—ամյա ծրագիրը, որը միջազգային փորձի եւ ժամանակակից մոդելների կիրառմամբ դիտարկելու է այդ ժամանակահատվածում էներգետիկայի բնագավառի հնարավոր զարգացումներն ու դրան համապատասխան ցանցի՝ նվազագույն ծախսերով զարգացման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը։ Ընդ որում՝ ներառյալ այն ներդրումները, որոնք անհրաժեշտ է լինելու իրականացնել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի վերակառուցման եւ հաղորդման ցանցի ընդլայնման նպատակով։ Այս աշխատանքը շարունակական է լինելու, եւ մշակված զարգացման ծրագիրը վերանայվելու է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ՝ ներառելով հաջորդ 10—ամյա ժամանակահատվածը։ Այս գործառույթը նույնպես Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորն է անում։
Միով բանիվ, ըստ փոխնախարարի, հաղորդման ցանցում ներդրումները մինչեւ 2026թ. կկազմեն շուրջ 550 մլն դոլար։

 

 

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 316 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024