Իրանում իսլամական հեղափոխությունից հետո այդ երկրի ու տարածաշրջանի արաբական երկրների (բացառությամբ՝ Սիրիայի) փոխհարաբերությունները, կարելի է ասել, առավելապես լարված բնույթ են կրել, իսկ Օմանը հիմնականում չեզոք դիրք է ունեցել։ Լարվածությունը հիմնականում պայմանավորված է եղել այդ երկրի արտաքին քաղաքականության ոլորտում հեղափոխության «արտահանմանը» կարեւոր տեղ հատկացնելով։ Հանգամանք, որն այսօր էլ արաբական երկրներն իրենց համար վտանգավոր են համարում։
Ահավասիկ՝ դեկտեմբերի 6—ին Սաուդյան Արաբիայի արտաքին հարցերով պետնախարար Ադել ալ Ջոբեյրիի արտահայտած տեսակետները Հռոմում տեղի ունեցած Միջերկրական ծովի եւ միջազգային խնդիրների վերաբերյալ քննարկումների 5—րդ համաժողովի շրջանակներում։ Նա շեշտել է, թե Թեհրանը հավատարիմ է հեղափոխության «արտահանման» սկզբունքին եւ չի հարգում այլ երկրների ինքնիշխանությունը։ Իրականում էլ հետհեղափոխական առաջին 2 տասնամյակում հեղափոխության «արտահանման» սկզբունքն առավել ցայտուն էր դրսեւորվում Իրանի արտաքին քաղաքականությունում։ Հանգամանք, որը խիստ մտահոգում էր ոչ միայն արաբական, այլեւ ողջ իսլամական աշխարհին, մանավանդ որ հեղափոխությունը զգալի ազդեցություն ունեցավ արաբական երկրներում իսլամի զարթոնքի տեսանկյունից։ Բնականաբար, դա խիստ բացասաբար անդրադարձավ Թեհրան—Էր Ռիադ փոխհարաբերությունների վրա, հատկապես եթե նկատի ունենանք, որ սունի ուղղության ծայրահեղական վահաբականության աղանդի կրող ու ջերմեռանդ քարոզող Սաուդյան Արաբիան նաեւ հավակնում էր իսլամական աշխարհի առաջնորդության։
1987 թ. Մեքքա ուխտագնացության ժամանակ, արարողակարգերից մեկ ընթացքում իրանցի ուխտագնացների «Մահ Ամերիկային» եւ «Մահ Իսրայելին» կարգախոսներ հնչեցնելը խառնաշփոթի պատճառ դարձավ, օրինապահները կրակ բացեցին նրանց ուղղությամբ, եւ ստեղծված խուճապի հետեւանքով 405 մարդ զոհվեց, ընդ որում՝ 275 իրանցի, 85 սաուդցի օրինապահ եւ 649 մարդ վիրավորվեց, 303—ը՝ իրանցի։ Արյունալի այս դեպքից հետո Սաուդյան Արաբիան ընդհատեց Իրանի հետ դիվանագիտական փոխհարաբերությունները։ Երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերը վերահաստատվեցին 90—ականներին՝ Ալի Աքբար Ռաֆսանջանիի նախագահության օրոք։ Սակայն դրանք կրկին ընդհատվեցին 2016 թ., երբ ի նշան Սաուդյան Արաբիայում հայտնի շիա ընդդիմադիր հոգեւորական Նիմար Բաքեր ալ Նիմարին մահապատժի ենթարկելու բողոքի, Թեհրանում մի խումբ ցուցարարներ հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դեսպանության եւ Մեշհեդում այդ երկրի հյուպատոսարանի վրա։
Նշենք, որ Էր Ռիադն Իսրայելից հետո այն երկիրն էր, որ բացահայտորեն դեմ էր արտահայտվում Իրան—5+1—ի համաձայնությանը՝ այդ երկրին մեղադրելով տարածաշրջանի արաբական երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։ Բացի այդ, Թեհրանն ու Էր Ռիադը Իրաքում, Եմենում, Լիբանանում եւ այլուր մրցակցում են իրենց ազդեցությունը տարածելու հարցում։ Ուստի Սաուդյան Արաբիան առաջիններից էր, որ ողջունեց ԱՄՆ նախագահի՝ Իրանի դեմ տնտեսական սահմանափակումները վերականգնելու որոշումը, խոստանալով, թե նավթի միջազգային շուկայում ավելացնելով առաջարկը՝ լրացնելու է Իրանի նավթի արտահանման կրճատումը, ինչը փաստորեն տնտեսապես ձեռնտու էր նաեւ այդ երկրին։ Պարսից ծոցի վերջին զարգացումներն էլ ավելի մեծացրին երկու երկրների փոխհարաբերություններում առկա լարվածությունը, ինչին հաջորդեցին արաբական (եւ ոչ միայն) երկրների միջնորդության ջանքերը՝ լարվածությունը թուլացնելու նպատակով, որոնք, թերեւս, ապարդյուն են անցել։
Օմանը Պարսից ծոցի այն երկրներից է, որն Իրանի հետ բնականոն փոխհարաբերություններ ունի եւ տարբեր ժամանակահատվածներում միջնորդական դեր է ունեցել ԱՄՆ—ի ու Իրանի միջեւ եւ, ընդհանրապես, համարվում է այդ հարցում «փորձառու» երկիր։ Հենց այդ առաքելությամբ դեկտեմբերի 2—3—ը Օմանի ԱԳ նախարար Յուսեֆ բին Ալավին այցելել է Թեհրան, որտեղ բանակցել է իր պաշտոնակից Մոհամեդ Ջավադ Զարիֆի եւ նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Վերջինս հայտարարել է, որ Էր Ռիադի հետ դիվանագիտական փոխհարաբերությունների վերականգնման հարցում իրանական կողմը որեւէ խնդիր չի տեսնում։ Ըստ իրանական ԶԼՄ—ների՝ բին Ալավին Զարիֆի հետ հանդիպմանն առաջարկել է խնդրի կարգավորման նպատակով Պարսից ծոցի ավազանի բոլոր երկրների եւ Իրանի մասնակցությամբ համաժողով հրավիրել։ Իրանական կողմը, հաշվի առնելով, որ միշտ էլ հայտարարել է, թե պատրաստ է երկխոսության, կողմ կլինի նաեւ համաժողովի գումարմանը, սակայն Սաուդյան Արաբիան, որ հրաժարվում է երկխոսությունից, կհամաձայնի՞, արդյոք, մասնակցել, որը, ըստ երեւույթին, հյուրընկալելու է Օմանը։ Վերջինս Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (GCC) անդամ է, ինչպեսեւ Սաուդյան Արաբիան ու տարածաշրջանի 4 այլ երկիր։ Ի դեպ, շուտով Էր Ռիադում տեղի է ունենալու GCC—ի գագաթնաժողովը, որտեղ բացառված չէ, որ կքննարկվի նաեւ առաջարկվող համաժողովի հարցը։
Ինչպես նշվեց, Օմանը նաեւ «ավանդական» միջնորդ է ԱՄՆ—Իրան փոխհարաբերությունների բնականոնացման հարցում եւ նախքան Իրան այցելելը, Ալավին Վաշինգտոն էր ացելել, ուստի հնարավոր է, որ տարածաշրջանային որոշ հարցեր քննարկվել են նաեւ ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ առաջին հերթին Եմենի հարցը, որի առնչությամբ Սաուդյան Արաբիան առավել շատ է մեղադրում Իրանին։ Հանգամանք, որը թերեւս կարող է դրական ազդեցություն ունենալ սաուդների դիրքորոշման մեղմացման հարցում, սակայն իրականում ոչ միայն Էր Ռիադից նման ազդանշաններ նկատելի չեն, այլեւ շեշտվում է նախկին դիրքորոշումը։
Հռոմի ամենամյա համաժողովում, որի օրակարգում Միջերկրականի եւ միջազգային խնդիրներն են, Ալ Ջոբեյրին հայտնել է, թե Իրանը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար, եւ որ այդ երկրի ոտնձգություններն այլեւս անտանելի են։ Նա շեշտել է, թե Իրանին պետք է զրկել այն գործիքակազմից, որով սպառնում է աշխարհին, ընդգծելով, որ Էր Ռիադը հովանավորում է Իրանի հանդեպ Թրամփի «առավելագույն ճնշումների» քաղաքականությունը։ Ապա շարունակել է, որ ընդդեմ Իրանի միջամտությունների՝ երկու երկրները պայքարելու են կողք կողքի, ինչպես կռվել են ահաբեկչության դեմ։ Թեեւ թվում է, թե «փորձառու» միջնորդ Օմանի ջանքերն էլ ապարդյուն են անցնելու, սակայն, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, Օմանի միջնորդությունը, առնվազն խնդրո առարկա համաժողովի կազմակերպման հարցում, կարող է դրական արդյունք արձանագրել, ինչը նշանակալից դեր կունենա տարածաշրջանի կայունության գործում։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am
|