ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 13.10.2024, 05:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 26 » Դրամահավաքությունը պետք է վերացնել
16:47
Դրամահավաքությունը պետք է վերացնել

Եվ եթե ծնողները պնդեն, ապա տնօրենները կպատժվեն

Վերջին զանգի համար դրամահավաքության թեման երեկ կրկին լրագրողների ուշադրության կենտրոնում էր։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը նկատեց, թե նախարարության թեժ գծով ստացվող բողոքները՝ խնդրո առարկայի հետ կապված, նվազել են. «Դպրոցներն ավելի զգոն ու զգույշ են դարձել, այս տարի բողոքները նվազել են, բայց բավական զանգեր ունենք։ Գիտեք, նաեւ ունենք մի խումբ զանգեր, որ ասում են՝ ինչո՞ւ չեք թողնում երեխաներն իրենք իրենց միջոցառումը նշեն»։
Մինչդեռ, ըստ Լեւոն Մկրտչյանի, հասարակությունը պետք է հասկանա, որ այդ շքեղ ռեստորաններում կամ ստիպողաբար դրամ հավաքելով երեխաներին տոն նվիրելը լավ չէ. չէ՞ որ այդ նույն դպրոցում կան սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ։ Բացի այդ՝ նույն ծնողական կոմիտեները դպրոցում ոչ իհարկե, բայց դրսում հավաքում են գումարը։ «Եթե մենք թույլ տանք այս գործընթացը շատ զարգանա, աստիճանաբար կէլիտարացնենք դպրոցները։ Այստեղ արդեն առաջանում են շատ հարցադրումներ»,—նկատեց նախարարի պաշտոնակատարը։
Նա միաժամանակ հավելեց, թե բողոքող ծնողների հիմնական դժգոհությունը գալիս է այնտեղից, որ պարտք են վերցնում՝ իրենց երեխայի միջոցառումը կազմակերպելու համար. «Բայց եթե մենք կարողանանք հասկացնել, որ շքեղ նշելը մեծ նվեր չէ իրենց երեխաների համար… Մենք Ազատության հրապարակում նշելու ենք անշուշտ, բայց դա նրանց համար բավարար չէ, մասնակցում են թե՛ այնտեղի միջոցառմանը եւ թե՛ իրենց երեկույթներին»։
Բայց գումարները միայն երեխաների երեկույթների համար չէ, որ հավաքվում են։ Դրանք նաեւ ուսուցիչներին եւ տնօրեններին հատկացվող նվերների համար են։ «Դա այլ հարց է, դրամահավաքությունը կատեգորիկ պետք է վերացնել։ Եթե լինեն ծնողներ,–վստահեցրեց նախարարը,–ովքեր կպնդեն, որ նման բան է տեղի ունեցել, տվյալ տնօրենն անմիջապես կպատժվի»։

Ծրագիր չունեցող համալսարանը ինստիտուտի կվերածվի

Անդրադառնալով բարձրագույն կրթության որակի խնդրին՝ Լեւոն Մկրտչյանն ընդգծեց, որ մենք Հայաստանում պարտավոր ենք ունենալ եվրոպական միջին որակի համալսարանական կրթություն։ Այդ նպատակով էլ սեպտեմբերին Ազգային ժողով կներկայացվի բարձրագույն կրթության մասին օրենքը։
Ըստ այդմ, տարանջատում է մտցվելու. համալսարաններ կարող են կոչվել այն ուսումնական հաստատությունները, որոնք կունենան առնվազն 4 ոլորտում գործունեության ծրագրեր։ Այդպիսիք չունեցող ուսումնական հաստատությունները կկոչվեն ինստիտուտներ։ Գործընթացը կհանգեցնի այն բանին, որ, օրինակ, մանկավարժական ինստիտուտում չի գործի կադաստրային գործի մասնագիտության կրթություն, եւ ինստիտուտը կզբաղվի մանկավարժությամբ, լեզուներով։ Կամ՝ ճարտարագիտականը կզբաղվի միայն ճարտարագիտությամբ եւ այլն։
Ըստ էության՝ խոշորացում է լինելու։ Ի՞նչ է դա մեզ տալու։ «Երբ խոշորացնենք եւ հստակեցնենք,—պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը,— ապա ամբողջ Հայաստանը կդիտարկենք որպես մեկ միասնական կրթական հաստատություն։ Հայաստանում ունենք ընդամենը 90 հազար ուսանող։ Դա միջին եվրոպական համալսարանի ուսանողների քանակ է։ Եթե համալսարանները հստակեցնենք ու բացենք դրանց լաբորատորիաները, գրադարանները, դասախոսների, նաեւ՝ ուսանողների համար կազմակերպենք շրջագայություն, նրանք կկարողանան ապահովել բոլորի համար կրթական որակ։ Այդ դեպքում ուսանողը, բացի իր ինստիտուտում ուսանելուց, կկարողանա այլ տեղից ստանալ մոտ 30—40 տոկոս կրեդիտ։ Այսինքն՝ այս պարագայում Հայաստանի փոքրությունը մեր առավելությունն է»։
Այս ամենից զատ՝ ռեսուրսների ճիշտ օգտագործման խնդիր կա։ Այսօր մեր բակալավրական կրթության 70 տոկոսը հումանիտար է, արդյո՞ք մեզ միայն այդ ուղղությունն է պետք։ Մենք պետք է հասկանանք որ մեզ պետք է հզոր պաշտպանական, գիտական ոլորտ ունենալ, պետք է կարողանանք Ատոմակայան պահել։ «Ուրեմն,—շեշտեց նախարարը,—մեզ անհրաժեշտ է ուժեղացնել մեր գիտությունը՝ դպրոցից մինչեւ համալսարան»։
Իսկ ինչ վերաբերում է մասնավոր բուհերին, ապա, բանախոսի խոսքերով, դրանց պետք է դնել ընտրության առաջ՝ կամ պետք է որակը պահեն, կամ կրճատվեն։ Կրթության նախարարությունը պետք է խրախուսի, որ մասնավոր բուհերը միավորվեն։ «Իրենք պետք է հասկանան, որ 200 ուսանող ունեցող համալսարանում չի կարող լինել որակ։ Կարող ենք 3, 4, 5 լավ մասնավոր համալսարան ունենալ»։ Իսկ անհրաժեշտ է այս ոլորտում մասնավորի գոյությունը։ «Չի կարող երկրում մասնավոր բուհ չլինել»,— նկատեց Լ. Մկրտչյանը։

Օպտիմալացումը՝ հասարակական քննարկման առարկա

Դպրոցների օպտիմալացման թեման էլ չշրջանցվեց երեկ։ Լեւոն Մկրտչյանը հստակեցրեց, որ կառավարության՝ դպրոցների օպտիմալացման ծրագիրը վերաբերում է քաղաքային դպրոցներին, որը դեռեւս պետք է քննարկվի, հասարակական լսումներ կազմակերպվեն։ Որովհետեւ, Լ. Մկրտչյանի խոսքերով, որեւէ մեկը չի կարող այդ նուրբ թեման շատ նուրբ շրջանցել։ «Հարցը պետք է դրվի հասարակական քննարկման։ Մենք ունենք մարող դպրոց, օրինակ՝ Կոնդինը, բայց որն ավանդույթ ունեցող դպրոց է, իսկ մի քանի տասնյակ աշակերտ ունի։ Այդ դպրոցի ճակատագիրն իրոք դժվար է որոշել, եւ դեռ պետք է քննարկել»,–ասաց բանախոսը։
Օպտիմալացումն առայժմ գյուղական դպրոցներին չի առնչվում։ Երբ այդ պահը հասունանա, հստակ սկզբունքներ, իհարկե, կսահմանվեն։ «Ասենք՝ առաջինն այն է, որ ամեն ինչ պետք է ունենա որակի հիմնավորում։ Եթե դպրոցն ունի ընդամենը 7 աշակերտ, եւ ընդամենը մեկ կամ երկու կմ հեռավորությամբ մեկ այլ դպրոց կա, որտեղ ավելի շատ՝ օրինակ 60 աշակերտ կա, ապա այդ 7 աշակերտով դպրոցը պետք է միանա 60—ին, քանզի իսկապես դժվար է պահել 7 աշակերտով դպրոցը, որովհետեւ մենք չենք կարողանա այդ 7 աշակերտին որակյալ կրթությամբ ապահովել»,–պարզաբանեց Լեւոն Մկրտչյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ գյուղական դպրոցներում որակ ապահովելու համար կառավարությունը զարկ է տալիս հեռավար, էլեկտրոնային կրթությանը, որովհետեւ «այդ երեխաները մեղավոր չեն, որ իրենք ծնվել են մի վայրում, որտեղ 8 աշակերտ կա։ Իրենց համար պետք է նույն պայմաններն ապահովենք, ինչ մյուսների համար»։
Համապատկերում նախարարը հստակ մի դրույթ է ամրագրում. այն է՝ եթե կա բնակավայր, ուրեմն այդ բնակավայրը պիտի ունենա պայմաններ, որի մեջ մտնում է նաեւ դպրոցը։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 454 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024