ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 04:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 5 » Եղանակն ազդում է մարդու տրամադրության վրա /Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3—4 աստիճանով/
09:07
Եղանակն ազդում է մարդու տրամադրության վրա /Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3—4 աստիճանով/

Հանրապետության տարածքում նոյեմբերի 4—ի ցերեկը հյուսիսային եւ արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ եւ մառախուղ։ Նոյեմբերի 5—8—ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4—ին, 5—ի գիշերը ամենուրեք կնվազի 3—4 աստիճանով, այնուհետեւ 5—ի ցերեկը, 6—8—ը աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 6—8 աստիճանով։ Քամին հյուսիսարեւելյան՝ 5—10 մ/վրկ արագությամբ։
Երեւանում նոյեմբերի 4—ի ցերեկը կդիտվի փոփոխական ամպամածություն, հնարավոր են թույլ տեղումներ, նոյեմբերի 5—ին, 8—ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4—ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +6 աստիճան, նոյեմբերի 5—ին՝ +8, նոյեմբերի 6—ին՝ +9, նոյեմբերի 7—ին՝ +11, նոյեմբերի 8—ին՝ +12 աստիճան։
Նշենք, որ նախօրեին օդի ցուրտ հոսանքների՝ հանրապետություն ներթափանցման հետեւանքով ջերմաստիճանը կտրուկ նվազել է, հանրապետության տարբեր վայրերում տեղացել ձյուն, տեղ—տեղ թաց, իսկ մարզերի մի մասում էլ անձրեւի տեսքով։ Մերկասառույց է առաջացել Գորիս—Տաթեւ, Սիսիան—Գորիս, Սիսիան—Վայք ավտոճանապարհի Սարավանի եւ «Զանգերի» հատվածներում, Մարտունու կողմից Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում եւս տեղ—տեղ առկա է մերկասառույց։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ—ից հայտնում են, որ համապատասխան կազմակերպությունները իրականացնում են ձնամաքրման, աղալցման աշխատանքներ, եւ կեսօրվա դրությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց էին։
Հայտնի է, որ եղանակային ցանկացած փոփոխություն կարող է ազդել մարդու օրգանիզիմի վրա։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար Պարունակ Զեյվելյանը։
«Խնդիրը այն է, որ եթե օրգանիզմը առողջ է, ապա եղանակային փոփոխությունները չեն կարող լինել ախտաբանական։ Ախտաբանական կլինի միայն այն դեպքում, եթե օրգանիզմի պաշտպանական ունակությունները այս կամ այն դեպքում խաթարվեն, եւ այդ ժամանակ գլուխ կբարձրանան խրոնիկ հիվանդությունները»,–ասաց Պ.Զեյվելյանը։
Նրա խոսքերով՝ աշնանը հատկապես սրվում են սիրտ—անոթային հիվանդությունները։ Ըստ նրա՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մահացությունների 50%—ից ավելին սրտանոթային բարդություններին է բաժին ընկնում։ «Ցավոք, անկախ եղանակային փոփոխություններից, սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են»,–ասաց սրտաբանը։
Պ.Զեյվելյանը նշեց, որ վերլուծությունները ցույց են տվել՝ սիրտ—անոթային հիվանդությունների կանխարգելման ամենաճիշտ ճանապարհը առողջ ապրելակերպն է։
Առողջ սիրտ ունենալու համար սրտաբանը խորհուրդ է տալիս հրաժարվել ծխելուց, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաեւ ավելացնել ֆիզիկական ակտիվությունը։ Բոլոր այս պարզ միջոցառումները կարող են իջեցնել զարկերակային ճնշումը, որը սիրտ—անոթային հիվանդությունների առաջացման ամենակարեւոր ռիսկային գործոններից մեկն է։ «Զարկերակային գերճնշումը կարող է նպաստել սիրտ—անոթային հիվանդությունների առաջացմանը, այդ իսկ պատճառով, ճնշումը պետք է միշտ վերահսկել»,–ասաց նա։
Եղանակային փոփոխությունը ազդում է մարդու նաեւ հոգեւոր վիճակի վրա։ Մարդիկ կարող են հակված լինել տխուր զգացողությունների, ունենալ անբավարարվածության, մեղավորության զգացում։ Սա կոչվում է աշնանային դեպրեսիա։
«Աշնանը նկատվում է էներգիայի, վիտամինների պակաս, ուստի շատ մարդկանց մոտ աշնանը նկատվում է տրամադրության անկում, որի հիմնական պատճառներից մեկը նաեւ լուսավոր ժամերի կրճատումն է»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը՝ հավելելով, որ եղանակային փոփոխությունները, բնականաբար, պետք է ազդեն մարդու հոգեկան վիճակի եւ տրամադրության վրա, քանի որ մարդը բնության մի մասն է։
Պարզապես, ըստ նրա, կան մարդիկ, ովքեր եղանակային փոփոխությունների նկատմամբ ավելի զգայուն են։ Իհարկե այստեղ մեծ դեր են խաղում նաեւ մարդու խառնվածքը, զբաղվածությունն ու հետաքրքրությունները։
Աշնանը տրամադրության անկումից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում արեւոտ ժամերը հնարավորինս օգտագործել եւ ավելի շատ զբոսնել։ Իսկ գույնի, լույսի պակասը լրացնելու համար խորհուրդ է տրվում վառ գույնի հագուստ հագնել։
«Փորձեք ավելի հաճախ շփվել մարդկանց հետ, գնալ գնումների, դիտել լավ ֆիլմեր, լիաթոք ծիծաղել։ Այս դեպքում զբաղվածությունը նույնպես կարեւոր նշանակություն ունի։ Որքան շատ ենք զբաղված, որքան վառ են տպավորություններն օրվա ընթացքում, այնքան փոքր է աշնանը դեպրեսիայի հավանականությունը»,–նկատեց Լ.Բաղդասարյանը։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 419 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024