Գիշերային սակագնի հետագա կիրառության նպատակահարմարությունը կքննարկվի
Վերջերս շատ է խոսվում Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասին։ Ի՞նչ է սա ենթադրում, արդյոք այդ ազատականացում ասվածը, ինչպես սովորաբար լինում է, չի՞ հանգեցնելու սակագների բարձրացման, եւ ինչու՞ ենք դիմում այդ քայլին։ Այս եւ այլ հարցերի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին։ Մանավանդ՝ որ սա այն հարցերին մեկն է, որ ներառված է մեր երկրի էներգահամակարգի՝ մինչեւ 2040թ. զարգացման ռազմավարությունում, որը քննարկման փուլում է։
Փոխնախարարը նախ ընդգծեց, որ շուկայի ընդամենը 10 տոկոսն է ազատականացվելու սկզբնական փուլում, որպեսզի նաեւ տեսնեն, թե ինչ ռիսկեր կարող են լինել, եւ եթե հանկարծ վատ լինի, սարսափելի ոչինչ չկա, «հետ կգան»։ Իսկ ինչ վերաբերում է սակագների խնդրին, ապա պետությունն անպայման կկիրառի համապատասխան մեխանիզմները՝ պայմանավորվածություններ թույլ չտալու համար։
Ապա անդրադառնալով ոլորտին՝ նշեց, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ներկայիս մոդելը կիրառության մեջ է դրվել 2004 թ. եւ հենվում է «միակ գնորդ (վաճառող)» մոդելի վրա, որի դեպքում էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին է վերապահված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում արտադրողներից էլեկտրաէներգիա գնելու եւ այն սպառողներին վաճառելու իրավունքը։ «Ընդ որում, շուկան ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ հատվածում ամբողջությամբ կարգավորվում է։ Էլեկտրաէներգետիկական շուկան հենվում է միայն էլեկտրաէներգիայի արտադրության ու սպառման տարեկան ծավալների կանխատեսման վրա եւ շուկայի մասնակիցների համար չի սահմանում պատասխանատվություն այդ ծավալների շեղումների դեպքում։ Եվ տեսեք՝ արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսված եւ փաստացի ծավալների տարբերության պատճառով առաջացած ռիսկերը հավասարակշռվում են սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի սակագների միջոցով՝ ներառելով նաեւ էլեկտաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի՝ այդպիսի ռիսկերի հավասարակշռման արժեքը»,– ասաց Հակոբ Վարդանյանը։
Մինչդեռ զարգացած եւ զարգացող շատ երկրներում էլեկտրաէներգետիկական շուկաներն արդեն իսկ ազատականացված են ու լիարժեք մրցակցության պայմաններում են գործում։
Փոխնախարարը պարզաբանեց նաեւ, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ եւ մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առեւտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության նոր տարրեր։ «Այդ գործընթացը արդեն իսկ սկսված է,–հայտնեց նա,–եւ այժմ ենթաօրենսդրական ակտերն են մշակվում»։
Շուկայի նոր մոդելին անցումը միանգամից չի արվելու։ Այն կիրականացվի առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ երկարաժամկետ թիրախում ունենալով շուկայի լիարժեք ազատականացումը։ Շուկայի նոր մոդելն արդեն իսկ այս փուլում կհենվի էլէներգիայի առեւտրի ժամանակակից կանոնների վրա, կգործի պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռման միջոցով, կսահմանի առեւտրի ընթացքում շուկայի մասնակիցների պատասխանատվության մեխանիզմները։
Սա բարեփոխումների առաջին փուլն է։ Սրան կհաջորդի էլեկտրաէներգետիկայի մասին նոր օրենքի մշակումը, որը հաշվի կառնի ԵՄ դիրեկտիվների պահանջները, ինչն էլ բարեփոխումների երկրորդ փուլի սկիզբը կդառնա։ Եվ հենց այդ փուլի ընթացքում էլ կդիտարկվեն լիարժեք մրցակցային շուկայի ձեւավորման հնարավորությունները։
Ազատականացման ժամանակ ուժի մեջ կմնա՞ն գիշերային սակագները։ Ըստ Հակոբ Վարդանյանի պարզաբանման՝ շուկայի բարեփոխումների առաջին փուլի ընթացքում կդիտարկվեն նաեւ կիրառվող սակագնային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր։ Մասնավորապես, գիշերային եւ ցերեկային սակագների հետագա կիրառության նպատակահարմարությունն ու դրա այլընտրանքները, ամսական հաստատուն սպասարկման վճարների սահմանման անհրաժեշտությունը եւն։ Բայց խոցելի սպառողների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը մշտապես կմնա կառավարության ուշադրության կենտրոնում։
Հավելենք, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Եվրասիական միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի ձեւավորման աշխատանքներին։ Այն նախատեսվում է գործարկել 2025թ.՝ համաձայն միջոցառումների իրականացման պլանի։ Նշված պլանի համաձայն սահմանվում է նաեւ 5 հիմնական կարգավորող փաստաթղթերի ընդունումը։ Խոսքը միջպետական հաղորդումների հասանելիության կանոնների, էլեկտրաէներգիայի փոխադարձ առեւտրի կանոնների, միջպետական հատույթների որոշման ու բաշխման կանոնների, տեղեկատվության փոխանակման կանոնների եւ միջպետական ցանցերի զարգացման կանոնակարգի մասին է։ Այս փաստաթղթերի նախագծերը մշակված են եւ քննարկվում են։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am
|