Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ—ում պատասխանել է պատգամավորների ու լրագրողների հարցերին
Երեկ խորհրդարանում, «ԱԺ կանոնակարգ—օրենքի» համաձայն, ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։ Ինչպես եւ սպասելի էր, դրանց մեծ մասն ուղղված էր կառավարության ղեկավարին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հետաքրքրվեց՝ արդյոք ՀԱՊԿ—ում կա Ադրբեջանի անդամության կամ որպես դիտորդ ներգրավվելու հետ կապված որոշակի գործընթաց, եւ ինչպիսին է Հայաստանի տեսակետը։
«Որպես դիտորդ ներգրավվելու որեւէ պաշտոնական գործընթաց չկա, կան հրապարակումներ ու խոսակցություններ։ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, եւ ես այն մի քանի անգամ հրապարակել եմ։ Նման հարցերը լուծվում են կոնսենսուսով, եւ բնականաբար ստեղծված հարաբերությունների ու ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում անիմաստ է այդ մասին խոսելը, որովհետեւ ՀՀ—ն երբեք համաձայնություն չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ, թեկուզ, դիտորդ»,–նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով Աշոտյանի հաջորդ հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապ ստեղծելու Փաշինյանի հայտարարությանը՝ վարչապետը նշեց. «Այս պահի դրությամբ դեռ այն հաստատված չէ, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, բայց ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի եւ հայ—ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակն անհամեմատ ավելի հանդարտ է»։
«Երեկ հայտարարությունների ժամին ես բարձրաձայնեցի հարց Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Արդյոք հասցրե՞լ եք ճշտել ՀՀ քաղաքացիների, մասնավորապես՝ Բերդավանի բնակիչ Կարենի հետ կապված որեւէ նորություն»։ Աշոտյանի այս հարցին վարչապետը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք, որը կարող ենք փոխանցել ձեզ, որպեսզի դուք նաեւ այդ հարցերի պատասխանները ստանաք»։
Վարչապետը անդրադարձավ ՀՅԴ-ի «պարադոքսալ» հարցին
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը վարչապետին ուղղված իր հարցը համեմեց մաթեմատիկական պարադոքսով, որից հետո ձեւակերպեց այն. Դավիթաշեն վարչական շրջանում ելույթ էր ունենում վարչապե՞տ Նիկոլ Փաշինյանը, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա, եթե նա այնտեղ որպես վարչապետ էր ելույթ ունենում, ապա ինչո՞ւ դա չի դիտվելու որպես պաշտոնի չարաշահում, իսկ եթե նա ելույթ էր ունենում որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ապա ինչպե՞ս էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում»,–հարցրեց Կյուրեղյանը։
ՀՀ վարչապետը պատգամավորի հարցին տվեց հետեւյալ պատասխանը. «Ձեր՝ այս անգամ ոչ որպես միամիտ լոռեցու հարցին պատասխանեմ միամիտ կերպով։ Ես պարզապես Նիկոլ Փաշինյանն էի»։
Արմենուհի Կյուրեղյանն օգտվեց արձագանքելու իրավունքից եւ խնդրեց հստակ պատասխանել իր հարցին։ «Վերջերս մեր հանրության մի մասի մոտ կարծիք կա, որ դուք շատ արագ կերպարանափոխվում եք վարչապետից մինչեւ հանրահավաքի ղեկավար։ Բնականաբար, շատերը ձեր կերպարի մեջ ավելի շատ կցանկանային տեսնել վարչապետին, ոչ թե հանրահավաքների կազմակերպչի։ Դուք ինքներդ քանի՞ տոկոս եք ձեր մեջ տեսնում վարչապետի եւ քանի՞ տոկոս հանրահավաքի ղեկավարի»,–հարցրեց պատգամավորը։
«Գիտեք, անկեղծ ասած, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում եւ ավելի մեծ ամպլիտուդներով, իսկ, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, ասելիքներում եւ անելիքներում սիրում եմ լինել համարժեք։ Ես տվյալ դեպքում կարող եմ արձանագրել, որ ձեր հարցին պատասխանեցի։ Ես ասում եմ, որ հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանը եւ այն, ինչ այստեղից ասում եմ, շատ բաներ կարող եմ ասել նաեւ հանրահավաքում, գուցե, մի քիչ ավելի բարձր, որպեսզի վերջին շարքերում լսելի լինի, իսկ քանի որ Ազգային ժողովի շարքերը նոսրացել են եւ գնալով նոսրանում են, այդ հանգամանքը ինձ հնարավորություն է տալիս նաեւ այսպես պատասխանել ձեր հարցին։ Ինչ վերաբերում է իմ ելույթին, այնտեղ, որտեղ ես խոսել եմ որպես վարչապետ եւ այն, ինչ ես խոսել եմ որպես վարչապետ, չի վերաբերվել նախընտրական քարոզչությանը, իսկ ինչ վերաբերվել է նախընտրական քարոզչությանը, ես խոսել եմ որպես մի մարդ, ով իրավունք ունի խոսել նախընտրական քարոզչության մասին»,–պատասխանեց կառավարության ղեկավարը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ նախօրեին Երեւանի Դեմիրճյան փողոցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի եւ հանրահավաքի մասնակից քաղաքացիների միջեւ միջադեպին, որի ընթացքում պատգամավորն ու նրան ուղեկցող անձինք հայհոյանքներ են հնչեցրել քաղաքացիների հասցեին։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ միջադեպի մասին վարչապետին հարց ուղղեց «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը։
ՀՀ վարչապետը պատգամավորի հարցին տվեց հետեւյալ պատասխանը. «Տեսեք, այդ միջադեպը, որի մասին պատմում եք, վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել տիկին Կյուրեղյանի նշած հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների եւ նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին։ Եթե պատշաճ ձեւով այդ հրահանգը կատարած լինեին, երեկվա միջադեպը չէր լինի։ Եվ ես համոզված եմ, որ նրանք բաց թողնվածն անպայման կլրացնեն։ Ես ուզում եմ այսպիսի մի բան ասել. երեկ, երբ մենք շփվում էինք «Հանրապետական» խմբակցության ներկայացուցիչների հետ, եւ երբ ես մտա Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակ, հանրապետական եւ ոչ միայն հանրապետական մեր գործընկերները բավականին հուզված էին հասկանալի պատճառներով, եւ ես ինքս իմ կողմից ամեն ինչ արեցի, որպեսզի լարվածությունը նվազի, նույնիսկ կատակներ արեցի։ Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, որ մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որեւէ մեկը հանկարծ չփորձի մեկնաբանել որպես թուլություն։ Եվ երեկ, երբ խոսվում էր այն մասին, թե, մասնավորապես, ինչ եմ ես ակնկալում «Հանրապետական» խմբակցության պատգամավորներից, ես շատ պարզ արձանագրեցի հետեւյալը, որ դուք հաճախ բողոքում եք այն մասին, որ սոցիալական ցանցերում, հրապարակային այլ տեղերում մարդիկ հայհոյում են ձեզ, վիրավորական բառապաշար են օգտագործում, եւ դուք ասում եք, որ սա ատելության քարոզչություն է։ Ես ասացի, որ մենք ակնկալում ենք, որ դուք կաջակցեք մեզ, որպեսզի կարողանանք այս երեւույթը հաղթահարել։ Սա շատ կարեւոր է։ Ես չգիտեմ՝ քննությունը կպարզի՝ դա եղել են Միհրան Պողոսյանի թիկնապահները, թե ոչ, բայց Միհրան Պողոսյանը երեկ նույնպես այնտեղ ներկա է եղել, եւ եթե պարզվի, որ նա այդպիսի պահվածք է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա, այնուամենայնիվ, լավ չի հասկացել, թե ինչ է կատարվել այդ սենյակում եւ լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Երեկ ես զգացի, որ ինձնից առավել մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ խնդրանքները եւ հորդորները, որ Ազգային ժողովի պատգամավորների եւ հատկապես ՀՀԿ պատգամավորների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք։ Ես կարծում եմ, որ մենք այս հարցում ունենք խնդիր, իսկ եթե պարզվի, որ որեւէ ՀՀԿ—ական, ոչ ՀՀԿ—ական մեր կուսակցությունից որեւէ պատգամավոր կամ պատգամավորի ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից, եւ ես հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիները իրենց բավարարված կզգան դրանից։ Եվ չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը եւ նրա նմանները Երեւանի փողոցներում քայլելու խնդիր ունենան։ Եվ ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, ովքեր նման արարքների հեղինակ են, նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ, եւ ես ասում եմ, որ մեր ուժերը կարող են հանկարծ չբավարարել, որպեսզի Երեւան քաղաքում հանգիստ քայլելու ոմանց իրավունքը կարողանանք պատշաճ ձեւով կազմակերպել։ Ես կարող եմ ասել, որ իրավապահները շատ կտրուկ պետք է գործեն եւ իմ տեղեկություններով՝ այդ գործով արդեն կան բերման ենթարկվածներ»։
Քաղաքական ինքնասպանությունները շարունակվում են
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց նաեւ նախօրեին Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում խորհրդարանական խմբակցությունների հետ բանակցություններից։ Պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին, վարչապետն ընդգծեց, որ բանակցությունների ժամանակ տվել է հետեւյալ տրամաբանությունը, որ դեկտեմբերին Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «Ես նաեւ ասել եմ մեխանիզմի մասին, եւ ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում թեկնածու առաջադրել։ Սա եղել է այն համատեքստում, որ մեր գործընկերները հստակ արձանագրել են երկրում առկա քաղաքական իրավիճակը, եւ կարծում եմ, որ խելամտությունը ստիպում է, որ երկրորդ «մայիսի 1» անելու գայթակղությանը տրվելն ավելորդ կլինի»,–ընդգծեց նա։
Վարչապետը հավելեց, որ մամուլում որոշակի հրապարակումներ կան, որոնց տրամաբանությունն առնվազն նույնական չէ իր նշած բովանդակության հետ։ «Անկեղծ ասած՝ ես դա մեծ խնդիր չեմ համարում, համենայնդեպս, մեր կառավարության եւ քաղաքացիների համար։ Խնդիրներ կառաջանան նման հայտարարություններ անողների համար, որովհետեւ 2018թ. մայիսի 1—ին ես այս ամբիոնից էլ արձանագրեցի որոշ ուժերի քաղաքական ինքնասպանություն գործելու փաստի մասին եւ կարող եմ ասել, որ ինքնասպանությունների շարքը շարունակվում է»,–եզրափակեց վարչապետը։
Հիպոթեքի ծրագիրը մատչելի կլինի բոլոր զինծառայողների համար
Կառավարության անդամներին տրված հարցերից մեկն էլ ուղղված էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանին հետաքրքրում էր «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիպոթեքային ծրագիրը։ Նա նշեց նաեւ՝ մոտ հազար թոշակառու եւ չորս հազար գործող սպաներ այս պահին սպասում են բնակարանի հերթում։ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է այս խնդիրը։
ՊՆ—ն հնարավորություն է ընձեռելու ոչ միայն երիտասարդ, այլ նաեւ բոլոր զինծառայողներին օգտվելու հիպոթեքի ծրագրից։ «Կառավարությունում քննարկվող հարցը հիպոթեքի հնարավորությանն է վերաբերում։ Մենք հնարավորություն են ընձեռում ոչ միայն երիտասարդներին, այլ բոլոր զիծառայողներին օգտվել հիպոթքային ծրագրի հնրավորությունից։ Քանի որ ակնկալիքներն ավելի մեծ են թոշակավորվելու ժամանակ անմիջապես բնակարան կամ հողամաս ստանալու, դրա համար պայքար է գնում, որպեսզի դա իրականություն դառնա»,–ասաց Տոնոյանը։
Նրա հավաստիացմամբ՝ բնակարանների տրամադրման համար կառավարությունում ծրագիրը քննարկվում է։ Բնակարաններ տրվելու են առաջին հերթին հաշմանդամներին եւ զոհված ազատամարտիկների անօթեւան ընտանիքներին։
Գորգիսյանին հետաքրքրում էր նաեւ 37 տարեկանից հետո սպաների զինծառայությունը թողնելու հարցը։ Տոնոյանը նշեց՝ վարչապետի հետ եւ կառավարությունում քննարկումներ անցկացնելուց հետո այդ գործընթացը կասեցնելու են։ Զորացրումները չեն իրականացվելու անմիջապես տարիքը լրանալուց հետո։
Ներքաղաքական ճգնաժամը պետք չէ խորացնել
Պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովի միջանցում պատասխանեց նաեւ լրագրողներին հուզող հարցերին։ Փաշինյանը վստահեցրեց՝ անկախ նրանից՝ մյուս խմբակցությունները կստորագրեն, թե չեն ստորագրի վարչապետի թեկնածու չառաջադրելու հուշագիր, ընտրությունների անցկացման իրենց սցենարն ուժի մեջ է։ «Երեկ ես իրենց տեղեկացրել եմ Հայաստանում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին եւ ասել, թե ինչ ենք պատրաստվում անել։ Նրանք էլ ասել են, որ այս իրավիճակում չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել։ Եվ ասել են շատ հստակ։ Եվ եթե ուզում են թեկնածու առաջադրել, թող առաջադրեն»,–նկատեց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաեւ ՀՀԿ—ական պատգամավոր Արմեն Աշոտյանի ակնարկին, թե հնարավոր է՝ վարչապետի թեկնածու առաջադրել—չառաջադրելու հարցում այնքան էլ ճիշտ չեն հասկացել իրար. «Հարց է առաջանում, եթե մենք խոսում ենք եւ իրար այնքան էլ ճիշտ չենք հասկանում, էլ ինչ իմաստ ունի խոսակցությունը։ Քանի դեռ չկան հստակ ազդակներ, որ մենք իրար ճիշտ ենք հասկանում, մեր գործընկերներն իրավիճակը ճիշտ են հասկանում, ես կարծում եմ, որ այդ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են առաջանալ»։
Նա հավելեց՝ իրենց պլանով գնալու են առաջ, եւ ընդգծեց՝ ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը համաժողովրդական է։ Վարչապետը նշեց նաեւ՝ դժվարությամբ է պատկերացնում այն մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել դրան։
Ի պատասխան դիտարկմանը, որ ՀՀԿ—ն ասում է՝ իրենց օրակարգում չկա վարչապետ չառաջադրելու հարց, վարչապետն ասաց՝ չկա, չեն մասնակցի։
«Դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ես ասել եմ՝ կա երկու տարբերակ։ Այդ ընտրություններին խորհրդարանական խմբակցությունները գնում են համագործակցության կամ ոչ համագործակցության մթնոլորտում։ Համագործակցության մթնոլորտն այն է, որ մենք փորձում ենք բարելավել ընտրական օրենսգիրքը։ Մենք ասում եք, որ պատրաստ ենք, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններին ասել, որ փոփոխություններ առաջադրեն ընտրական օրենսգրքում. մենք որեւէ խնդիր չունենք ընտրական օրենսգրքի հետ, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց նաեւ՝ քանի դեռ արտահերթ ընտրութուններ տեղի չեն ունեցել, ներքաղաքական ճգնաժամը խորանում է։ Այն հաղթահարելու միակ ճանապարհը ընտրություններն են։
Անդրադառնալով ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները 2019 թվականին անցկացնելու ՀՀԿ—ի դիրքորոշմանը՝ Փաշինյանը նշեց՝ դրանով փորձում են ձգել ներքաղաքական ճգնաժամի ժամկետը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված մինչեւ տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը, այն դեպքում, երբ խորհրդարանն ու կառավարությունը բնականոն աշխատում են։
«Երեկ մենք տեսանք, թե խորհրդարանն ու կառավարությունն ինչպես են աշխատում. օրենքի նախագիծ բերեցին խորհրդարան եւ ամեն ինչ արեցին հրատապ անցկացնելու համար։ Ասում էինք, մի գնացեք այդ ճանապարհով։ Սրա մասին ասել եմ բանավոր, այցելել եմ Ազգային ժողով, տեղյակ եմ պահել ԱԺ նախագահին, բայց նույն օրն իսկ քվեարկեցին»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողների այն դիտարկմանը, որ մինչեւ տարվա վերջ ընտրությունների անցկացման պարագայում խորհրդարանում լիարժեք ընդդիմություն չի ձեւավորվի, վարչապետը նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ—ի 1/3—ը պետք է լինի ընդդիմություն։
«Երկրում հաստատված է ճգնաժամ, ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, որ ասում են՝ ինչո՞ւ եք լուծում այդ ճգնաժամը։ Մենք լուծելու ենք այն։ ՀՀ քաղաքացիները լիարժեք պատրաստ են ե՛ւ պլան Ա—ին, ե՛ւ պլան Բ—ին, նույնիսկ պլան Գ—ին»,–ասաց վարչապետը։
Կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով նոր նշանակվելիք նախարարների թեկնածուների ու նրանց կուսակցական լինելու մասին հարցին, ասաց. «Ընդհանրապես, կարծում եմ, որ կուսակցական պատկանելությունը առաջնային չի լինելու մեր հետագա կադրային քաղաքականության մեջ։ Առաջնային լինելու են պրոֆեսիոնալ կարողությունները, ինչը չի նշանակում, որ կուսակցական չի լինելու, բայց եւ չի նշանակում, որ կուսակցական է լինելու»։ hhpress.am
Նորայր ՇՈՂԻԿՅԱՆ
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ
|