Այն աչքի է ընկնում մշակութային բազմազանությամբ եւ տարբեր քաղաքակրթությունների հանդիպման խաչմերուկ է
Ազատության հրապարակում մեծ հանդիսավորությամբ երեկ պաշտոնապես բացվեց «Ֆրանկոֆոնիայի ավանը»։ Ներկա էին ՀՀ արտաքին գործերի, մշակույթի նախարարները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք, մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը։
Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը ողջունեց ներկաներին «հյուրընկալ, ջերմ եւ ավանդույթներով հարուստ 2800–ամյա մայրաքաղաքում»։ «Հյուրընկալելով Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովը, մեր հնամենի մայրաքաղաքի հազարամյա պատմության էջերը զարդարվեցին եւս մեկ բացառիկ եւ գեղեցիկ իրադարձությամբ։ Ներկա ենք առանձնահատուկ եւ խորհրդանշական իրադարձության՝ պաշտոնապես բացվեց Ֆրանկոֆոնիայի ավանը, վայր, որը մեկ հարկի տակ է միավորում աշխարհի հինգ մայրցամաքներից տասնյակ երկրների իրենց մշակութային բազմազանությամբ»,–ասաց Կ. Արեյանը՝ տեղեկացնելով, որ Երեւանը 1998—ից ի վեր ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի անդամ է եւ այսօր ներկայացված է Ֆրանկոֆոնիայի ավանում իր ամբողջ բազմազանությամբ եւ շքեղությամբ։
Քաղաքապետի պաշտոնակատարը կարեւորեց ֆրանսիական կազմակերպությունների եւ ֆրանսախոս քաղաքների հետ գոյություն ունեցող եւ ապագային ուղղված մեր երկրի սերտ համագործակցությունը։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի խոսքը փոխանցեց կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանը՝ նշելով, որ 6 օրերի ընթացքում հնարավորություն ունենք բացահայտելու ֆրանկոֆոն աշխարհի մշակույթը։ «Վայելեք այն մշակութային բազմազանությունը, որը ներկայացվում է այստեղ։ Ֆրանկոֆոնիան առաջին հերթին այն բազմազանությունն է, որը թույլ է տալիս ներկայանալ տարբեր մշակույթներին իրենց ողջ բազմազանությամբ՝ առաջին հերթին Հայաստանին։ Մի ամբողջ շաբաթ նվիրված է միասին ապրելու գաղափարին»,–ասված էր գլխավոր քարտուղարի ուղերձում։
Հաջորդող օրերը նվիրված կլինեն ֆրանսերեն լեզվին, ինչպես նաեւ կրթական, տնտեսական համագործակցություններին։ Նա ընդգծեց նաեւ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը վայելում է իրենց հարգանքը եւ բոլորին հրավիրում Հայաստան։ «Ես ողջունում եմ հայ երիտասարդներին, իսկ երիտասարդ ասելով՝ նկատի ունեմ 4—104 տարեկաններին»,–ասաց նա՝ մեջբերելով Շառլ Ազնավուրի այն խոսքերը, թե պետք է ապրել երիտասարդությունը մինչ արբեցում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեծ պատիվ համարեց ողջունել ներկաներին Ազատության հրապարակում՝ միասին ազդարարելու Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը։ «Ֆրանկոֆոնիան հիրավի կարող է հպարտանալ իր ընտանիքով, որն ուժեղ է իր արժեքներով եւ այս մշակույթների իսկական խճանկարն է՝ միասնական իր բազմազանությամբ։ Երեւանյան 17—րդ գագաթնաժողովը Ֆրանկոֆոնիայի այս գրկաբաց ավանում իր դռներն է բացել երաժիշտների, նկարիչների, արվեստասերների եւ բոլոր քաղաքացիների առաջ, ովքեր տաղավարներում եւ նաեւ այս բեմից կներկայացնեն իրենց ազգային մշակույթը, ավանդույթները, ազգային խոհանոցի տարբերվող գույները, բեմարվեստն ու թատրոնը։ Հայաստանն ու մայրաքաղաք Երեւանը ջանք չեն խնայել հայկական ավանդական ջերմությամբ մեր բազմաթիվ հյուրերին ընդունելու համար, որոնցից շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան»,–ասաց նախարարը։
Գագաթնաժողովի ընթացքում շատ է խոսվել այն մասին, որ «Ապրել միասին» կարգախոսը արտահայտվում է կառավարությունների կողմից, բայց վերաբերվում է ժողովուրդներին եւ մարդկանց։ Զ. Մնացականյանը նկատեց, որ բոլորի ներկայությունը ավանի բացմանն արտահայտում է այդ կարգախոսի մարմնավորումը։ «Որքան գեղեցիկ է, որ այսօր Երեւանում հավաքվել ենք եւ կիսում ենք մեր մշակույթը, արժեքներն ու ժառանգությունը մեր բոլոր բարեկամների հետ։ Այսօր նաեւ երիտասարդության օրն է ֆրանկոֆոն աշխարհում։ Մենք պետք է սերնդեսերունդ փոխանցենք այն արժեքները եւ մշակույթը, որի կրողն ենք, որպեսզի հետագա սերունդները առավել կատարյալ լինեն»,–ընդգծեց Մնացականյանը՝ իր երախտիքի խոսքն ուղղելով ավանի բոլոր այն մասնակիցներին, ովքեր առանց վարանելու անցել են երկար ճանապարհ, որպեսզի իրապես ամբողջական լինի ֆրանկոֆոն խճանկարը։
Պաշտոնական բացումից հետո հյուրերը շրջեցին ավանում, առաջին հերթին այցելեցին Էրեբունի—Երեւանի տաղավար, որտեղ նրանց էր սպասում հնամենի մեր մայրաքաղաքը։ hhpress.am
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
|