Երեկ կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանի հետ (խորհրդի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն է), հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի եւ հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Սյույ Ցիլյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Չինաստան նոր խթան կհանդիսանա հայ—չինական հարաբերությունների խորացման գործում։
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է այցի ընթացքում կայացած բանակցությունների մանրամասները՝ նախանշելով պաշտպանական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները։
Հայաստանն ու Չինաստանը վաղուց եւ արդյունավետ համագործակցում են բազմաթիվ ուղղություններով, այդ թվում նաեւ պաշտպանական հարցերում։ Մասնավորապես՝ ակտիվ փոխգործակցություն է ծավալված ռազմական կրթության եւ հումանիտար ոլորտներում։ Բայց ժամանակակից մարտահրավերները պարտադրում են առավել խորացնել համագործակցությունը՝ միասնական ուժերով դրանց դիմակայելու համար։ Հայ—չինական հարաբերությունների բարձր մակարդակի վկայություններից մեկը փոխադարձ հավասարակշռված դիրքորոշումն է երկու երկրների համար կարեւոր եւ զգայուն հարցերում։ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության հարցում Չինաստանի հետեւողական եւ կառուցողական դիրքորոշման համար։
Կողմերը համակարծիք են եղել, որ հայ—չինական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է ջանքեր գործադրել։ Դրան մեծապես կնպաստի նաեւ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը խարսխված է փոխադարձ եւ լիարժեք վստահության վրա։ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի գնահատմամբ՝ Հայաստանը Չինաստանի համար վստահելի եւ անկեղծ բարեկամ ու գործընկեր է։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝ երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցությունն առավել խորացնելու հարցում։
Մինչ այդ առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա։
Չինաստանը մեծ ուշադրություն է ցուցաբերում ռազմական կրթությանը։ Երկրում գործում են մի շարք ռազմակրթական հաստատություններ, որոնք մասնագետներ են պատրաստում ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ երկրների զինված ուժերի համար։ Ազգային պաշտպանության ակադեմիան ՉԺՀ առանցքային կրթօջախներից մեկն է, որի հետ Հայաստանը համագործակցության մեծ փորձ ունի։
Ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գոհունակությամբ է խոսել տարիների ընթացքում կուտակված այդ փորձի մասին՝ շնորհակալություն հայտնելով հայ սպաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի համար։ Ըստ ակադեմիայի ղեկավարության՝ հայ զինվորականներն իրենց դրսեւորում են բացառապես դրական կողմերով եւ փայլուն արդյունքների հասնում կրթության մեջ։
Վիգեն Սարգսյանն ակադեմիայի սաների համար հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է հայ—չինական պատմական ընդհանրություններին, հայկական բանակի ձեւավորման փուլերին, ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նաեւ խոսել տարածաշրջանային հիմնախնդիրների մասին՝ ժամանակակից մարտահրավերների լույսի ներքո։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաեւ ակադեմիայի սաների հարցերին։
Դասախոսության ավարտին Վիգեն Սարգսյանը շրջել է ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական ծրագրերին եւ կրթական հնարավորություններին։
Այցի երկրորդ օրը Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաեւ «Նորինկո» ընկերությունում։
Չինաստանի խոշորագույն արդյունաբերական կառույցներից մեկի գործունեության հիմնական ուղղություններն են մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները եւ ռազմական արդյունաբերությունը։
Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։
|