Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաեւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները։
Մասնավորապես, հանրապետության նախագահին ներկայացվել է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի թիվս այլ միջոցառումների, գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի վերլուծական բաղադրիչը, որի շրջանակներում ապահովվել է առանձին տեղեկատվական բազաներին հանձնաժողովի առցանց հասանելիությունը, էականորեն ընդլայնել է հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրը, ինչպես նաեւ մշակել եւ իրավասու մարմինների քննարկմանն է ներկայացրել համակարգի կատարելագործմանն ուղղված մի շարք օրենսդրական առաջարկություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում 2017 թվականի փոփոխություններով թելադրված միջոցառումների կատարման ընթացքը։
Հանրապետության նախագահը կարեւորել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում 2018 թվականին ձեւավորվելիք նոր մարմնի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է մինչեւ նոր մարմնի ձեւավորումը շահերի բախմանն առնչվող օրենսդրական դրույթների կատարելագործման եւ անթերի իրավական կարգավորումների սահմանման, շահերի հայտարարագրման համար էլեկտրոնային համակարգի վերազինման, տեղեկատվական բազաների կապակցման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության ապահովման, ինչպես նաեւ հանձնաժողովին տրված նոր՝ հայտարարագրեր վերլուծելու եւ դրանց արժանահավատությունը ստուգելու լիազորության գործնական իրացման անհրաժեշտությունը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|