Տնտեսական ֆորումի մասնակիցները այցելեցին «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք տնտեսական ֆորումի մասնակիցները «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես այցելության ընթացքում հիացմունք հայտնեցին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների հաջողությունների առթիվ։ Մասնակիցներն այցելեցին ցուցահանդես երեկ՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանի ուղեկցությամբ։
«Որոշեցինք մեր հյուրերին անպայման հնարավորություն տալ նաեւ մասնակցելու եւ տեսնելու Հայաստանում որոշ վայրեր։ Եվ քանի որ «Դիջիթեք էքսպոն» այս տարի կազմակերպվելու էր հոկտեմբերի 5—7—ը, որոշեցինք կազմակերպիչների հետ մի փոքր երկարաձգել եւ հնարավորություն ընձեռել, որ ՏՏ ոլորտում ներկայացված մեր բոլոր ընկերությունները կարողանան հյուրերին ներկայացնել մեր արտադրանքը եւ այն աշխատանքը, որն իրենք կատարում են»,—ասաց Ադամյանը։
Հյուրերը ծանոթացան տեխնոլոգիական զարգացման գլոբալ միտումներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրեցին նորարարական լուծումները։
Ֆրանսիացի գյուտարար, «CYCLADES» ցանցի հիմնադիրներից մեկը՝ Լուի Պուզանը, նշեց, որ հայկական ընկերություններն իրեն իսկապես զարմացրել են։
«Շրջայցի ընթացքում ինձ հասցրել են հատկապես մի քանի տեղերում զարմացնել։ Հայաստանի ընկերություններն ունեն նորարարության զգացողություն, ապագայի նկատմամբ պատկերացումներ, քայլում են աշխարհին համահունչ»,—ասաց Պուզանն ու հավելեց՝ ընկերություններն արդեն հասցրել են տպավորել իրեն։
Պուզանը լինելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տնտեսական ֆորումի հիմնական բանախոսներից մեկը։
Նա ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումի արդյունքում հայկական եւ ֆրանսիական ընկերությունների սերտ համագործակցությունն է ակնկալում։
«Հույս ունեմ, որ տնտեսական ֆորումի շրջանակում մասնավորապես հայկական ու ֆրանսիական ընկերությունները կհամագործակցեն եւ համատեղ գաղափարներ կզարգացնեն։ Դրա արդյունքում կկարողանանք ստեղծել նաեւ այնպիսի արտադրանք, որը կմտնի միջազգային շուկա»,–ասաց Պուզանը։
Մանե Ադամյանը վստահություն հայտնեց, որ այն գործընթացները, որոնք կմեկնարկեն ֆորումի շրջանակներում, կարեւոր դեր են ունենալու Հայաստանում ինովացիայի զարգացման համար։
«Ֆորումի շրջանակներում ակնկալում ենք 400 հյուր ունենալ՝ մոտ 60 պետությունից։ Տնտեսական ֆորումի նպատակն ընդհանուր ֆրանկոֆոն տարածքում համագործակցության ամրապնդումն է, եւ կածում եմ, որ ֆորումի շրջանակներում մենք միանշանակ կարողանալու ենք անել դա, քանի որ կա լուրջ ներկայացվածություն թե մասնակից պետությունների քանակի, թե գործարարների տեսանկյունից»,—ասաց նա։
Մանե Ադամյանի խոսքով՝ տնտեսական ֆորումի ընթացքում կարեւոր հայտարարություններ են հնչելու։
Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։
|