Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարեւոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար։ ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները եւ գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Ստրասբուրգում եւ Երեւանում անցկացվելիք միջոցառումները։ Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների աջակցությունն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացին։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԽ օրակարգի կարեւոր հարցերը եւ արդի մարտահրավերները։ Երկուստեք կարեւորվել են խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին միտված քայլերը։ Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային գործընթացներին եւ առկա հիմնախնդիրների հանգուցալուծման հեռանկարներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|