ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 14 » Հանուն միասնական եւ ուժեղ Եվրոպայի /Այսօր Ֆրանսիայի Հանրապետությունում նշվում է Ազգային տոնը/
09:37
Հանուն միասնական եւ ուժեղ Եվրոպայի /Այսօր Ֆրանսիայի Հանրապետությունում նշվում է Ազգային տոնը/

Այսօր Ֆրանսիան մեծ շուքով նշում է Ազգային տոնը (La Fute Nationale), որը համարվում է ֆրանսիացիների համար կարեւորագույն տարեկան միջոցառումներից մեկը։ Այդ օրն անցկացվում են ավանդական բացօթյա միջոցառումներ՝ զորահանդես, Փարիզի հրշեջ ծառայությունների կողմից կազմակերպվող փառատոն, ընդունելություն Ֆրանսիայի բոլոր օտարերկրյա դեսպանատներում, մեծ ընդունելություն Ելիսեյան պալատում, քաղաքապետարաններում։
Խոսելով Ազգային տոնի մասին՝ ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն երեկ ասուլիսում նշեց, որ տոնը հաստատվել է 1880թ. հուլիսի 6—ին։
«Տարածված կարծիք կա, թե հուլիսի 14—ն ասոցացվում է Մեծ ֆրանսիական հեղափոխության ընթացքում 1789թ. հուլիսի 14—ին Բաստիլի ամրոցի գրավման հետ, սակայն իրականում դա այդպես չէ։ Ազգային տոնը կապված է Բաստիլի գրավման առաջին տարելիցին՝ 1790թ. հուլիսի 14—ին տեղի ունեցած «Համադաշնության տոնի» (Fute de la Federation) հետ, որի անցկացման օրը հենց ընտրվեց որպես Ֆրանսիայի Ազգային տոն։ Իրականում Ազգային տոնը պարունակում է երկու բաղադրյալ. առաջինը՝ Բաստիլի գրավումն էր, որով վերջ դրվեց միապետությանը, եւ երկրորդը՝ «Համադաշնության տոնը», որը խորհրդանշում է մեկ գաղափարի շուրջ միավորված ֆրանսիացի ազգին»,–ասաց դեսպանը։
Ժ. Շարպանտիեն տոնի համատեքստում անդրադարձավ նաեւ Եվրոպայում տիրող ներկայիս վիճակին, ինչպես նաեւ Էմանուել Մակրոնի՝ նախագահ ընտրվելուն։ Նրա խոսքով՝ Է. Մակրոնի ընտրվելը մեծապես պայմանավորված էր նաեւ նոր նախագահի՝ խիստ եվրոպամետ նախընտրական ելույթով, որում նա միաժամանակ մատնանշում էր բոլոր այն բարդությունները, որոնց հետ այսօր առճակատվում է Եվրամիությունը. «Տարակածությունների առկայության առումով Եվրոպայի ներսում եւս նկատվում էր մեկ ընդհանուր միտում՝ ղեկավար, բարձր մակարդակում գտնվող օղակների եւ հասարակ բնակչության միջեւ առկա անջրպետը, ինչը խնդիրներ էր առաջացնում թե ԵՄ եւ թե միության բնակչության համար։ Եվրոպան իր հերթին ստացավ իր բաժին ճգնաժամերը՝ հունական ֆինանսական խոր հիմնախնդիրները, միգրանտների ներհոսքը, ընտրությունների ժամանակ Ֆրանսիայի ներսում կարծիքների մեծ տարբերությունները եւ այլն։ Միաժամանակ, Մեծ Բրիտանիան սկսել է Եվրամիությունից դուրս գալու գործընթացը, ԵՄ—ի համար մեկ այլ կարեւոր խաղացողի՝ ԱՄՆ—ի նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային ելույթներից հասկանալի է դառնում, որ նա այն աստիճան հետաքրքված չէ Եվրոպայով, որքան նրան նախորդող վարչակարգը։ Սրանք իրողություններ են, որոնք, բնականաբար, չէին կարող անտեսվել»։
Անվտանգության առումով եւս, ըստ դեսպանի, եթե անգամ «Իսլամական պետությունը» լուրջ հարվածներ է ստանում եւ պարտություն կրում, այդուհանդերձ, ահաբեկչության սպառնալիքը դեռ մնայուն է։ Դրանով են բացատրվում եվրոպական մի շարք քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները։ Ժ. Շարպանտիեն համոզված է՝ այս ամենը չի կարող անտեսվել Եվրոպայի անվտանգության ապագա համակարգը ձեւավորելու հարցում, սակայն եվրոպական տարբեր երկրներ իրենց անվտանգությունն ապահովելու տարբեր մոտեցումներ ունեն. «Ֆրանսիան կողմնակից է, որպեսզի Եվրոպան կարողանա սեփական ուժերով համախմբել եւ պաշտպանել իր իսկ շահերն ու անվտանգությունը, այդ թվում՝ զարգացնելով դրա համար անհրաժեշտ ռազմական բաղադրյալը եւ հետախուզական գործունեությունը։ Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի լինի ապահով ու անվտանգ Եվրոպա, որը, միաժամանակ, բաց կլինի այն երկրների համար, որոնք երկխոսության մակարդակով ցանկություն են հայտնելու համագործակցել կամ հանդես գալ որպես համախոհ երկիր։ Տարակարծությունների առկայությունը ԵՄ—ում եւս նորմալ է, որովհետեւ Եվրոպան երկխոսության հարթակ է»։
Ահա, վերոնշյալ բոլոր խնդիրների առկայության պատճառով էր, որ Է. Մակրոնի ելույթը սպասված էր ֆրանսիացիների եւ եվրոպացիների համար, ահա թե ինչու ֆրանսիացին նրան վստահության քվե տվեց։ Դեսպանը հույս հայտնեց, որ նոր ղեկավարությունը լծվելու է այդ ակնկալիքները ի չիք չդարձնելու գործին. «Եվրոպացիներին հուսախաբ չանելու համար պետք է Գերմանիայի հետ միասին այդ ակնկալիքներն արդարացնենք։ Կարծում եմ, հիմնական գերակայություններից մեկը հենց դա է՝ կերտել այնպիսի Եվրոպա, որն ավելի մոտ կլինի բնակչությանը։ Հույս ունեմ, որ այդ ծրագիրը, համաձայն որի ղեկավարների ու սովորական եվրոպացու միջեւ անջրպետը իրեն շատ զգացնել չի տա, իրականանալու է։ Ամեն դեպքում, պետք է կարողանանք արդարացնել այդ նպատակը»։


Ֆրանսիական խոշոր ձեռնարկությունները հետաքրքրված են Հայաստանով
 

Հայ—ֆրանսիական հարաբերությունների մասին խոսելով՝ դեսպանը նշեց, որ ներկայումս երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում այն ներուժին, որն առկա է։ Ապրանքաշրջանառության ծավալը կազմում է տարեկան մոտ 50 մլն եվրո, ինչը բավարար չէ՝ հաշվի առնելով քաղաքական հարաբերությունների խիստ բարձր մակարդակը։
«Ներդրումների առումով, սակայն, վիճակը կարելի է բարվոք համարել, որովհետեւ Հայաստանում հաստատվել ու գործում են խոշոր բրենդային ֆրանսիական ընկերություններ, օրինակ՝ «Կրեդիտ Ագրիկոլը», «Քարֆուրը», «Պեռնո Ռիկարը» եւ այլն։ Այսպիսով, առեւտրատնտեսական տեսանկյունից բավականին համեստ ծավալի ապրանքաշրջանառությամբ հանդերձ ՀՀ տնտեսական դաշտում առկա է ֆրանսիական բավականին զգալի ներկայություն։ Սակայն այդ ներկայության ոչ բավարար լինելը պայմանավորվում է նրանով, որ հայկական տնտեսական շուկային Արեւմտյան Եվրոպայում այնքան էլ լավ ծանոթ չեն»,–շեշտեց Ժ. Շարպանտիեն։
Դեսպանը, սակայն, փաստեց, որ իրավիճակը փոփոխվելու միտում ունի, թեպետ այսօրվա դրությամբ ընդգծված ցանկություն՝ միանգամից գալ եւ ներգրավվել հայաստանյան շուկայում, ֆրանսիական ընկերությունները դեռեւս չեն դրսեւորում։ Միաժամանակ ֆրանսիական բավականին խոշոր ձեռնարկություններ հետաքրքրվածություն են դրսեւորում հայաստանյան շուկայով, որովհետեւ հայաստանյան շուկան ենթադրում է նաեւ ներուժ՝ շփվելու իրանական շուկայի հնարավորությունների հետ, իսկ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ—ին հնարավոր հեռանկարներ կարող է խոստանալ դեպի Ռուսաստան ու Կենտրոնական Ասիայի երկրների շուկաներում ներգրավվելու առումով։ Նշելով կոնկրետ օրինակներ՝ դեսպանն ասաց, որ էներգետիկ ոլորտում ֆրանսիական այնպիսի խոշոր ձեռնարկություն, ինչպիսին է «Շնայդեր էլեկտրիկը», «Տաշիր գրուպի» հետ համատեղ բացել է ընդհանուր հետազոտական լաբորատորիա, որը հետագայում միտում ունի ավելի ընդարձակվելու, իսկ առողջապահության ոլորտում Հայաստանում արդեն գործում են ֆրանսիական դեղագործական ընկերություններ. «Որպեսզի Հայաստանում ֆրանսիական այլ ձեռնարկությունների ներկայությունը եւս ավելի շոշափելի լինի, շատ կարեւոր ազդակ կարող է հանդիսանալ արդեն իսկ Հայաստանում հաստատված ու գործունեություն ծավալող ֆրանսիական ընկերությունների արձագանքը։ Միաժամանակ Հայաստանի նկատմամբ ֆրանսիական ձեռնարկությունների կողմից ուրվագծվող հետաքրքրությունը պայմանավորված է նաեւ այն դրական ազդակներով, որոնք այդ ընկերությունները զգում են ՀՀ կառավարության ներշնչած վստահության գործողություններով։ Դրանք նաեւ նոր կառավարության հայտարարություններն են ավելի թափանցիկ գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի, կառավարման ավելի արդյունավետ մեթոդաբանության մասին»։
Դեսպանի համոզմամբ, այս ամենը գործոններ են, որոնց շնորհիվ արդեն իսկ ֆրանսիական ընկերությունների շրջանում հավատ է առաջանում ապագա ներդրումներ իրականացնելու համար. «Անհրաժեշտ է մի փոքր սպասել, տեսնել, թե ինչ պտուղներ կտա ՀՀ կառավարության որդեգրած գործունեությունը, եւ ինչ արձագանք կտան դրան այն ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու»։
ԵՄ—ի հետ նախաստորագրված համաձայնագրի ստորագրման դեպքում բացված հնարավորությունների մասին խոսելով՝ դեսպանն ասաց, որ դրա կենսագործումը ներառում է տնտեսական համագործակցության մի շարք ուղիներ՝ գյուղատնտեսություն, տրանսպորտ, առողջապահություն եւ այլն։ Նախաստորագրված պայմանագրում կան նաեւ դրույթներ, որոնք վերաբերում են ծառայությունների մատուցմանը, ինչը կոմերցիոն առումով խիստ կարեւոր է։ Կան նաեւ բազմաթիվ տնտեսական պայմանագրային դրույթներ՝ միտված ավելի բարելավելու գործարար մթնոլորտը ԵՄ—ի եւ Հայաստանի միջեւ։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 329 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024