Համագործակցության առաջարկն ստացվել է բելառուսական կողմից Կառավարությունը երեկվա նիստում որոշեց համաձայնություն տալ Հայաստանի եւ Բելառուսի կառավարությունների միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկին։ Ինչպես տեղեկացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը, ատոմային էներգիայի հետազոտությունների ոլորտում ՀՀ—ի հետ համաձայնագիր ստորագրելու առաջարկը ստացվել է բելառուսական կողմից, համաձայն որի, բելառուսական կողմն առաջարկել է ստորագրել հիշյալ համաձայնագիրը։ «Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումն օժանդակում է երկրների տնտեսության բազմակողմանի զարգացմանը, ինչպես նաեւ նպաստում է գիտատեխնիկական նորագույն մշակումների, առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը։ Ու հնարավորություն է տալիս պահպանելու օրգանական վառելիքի բնական պաշարները։ Եվ միաժամանակ այս համաձայնագրի ստորագրումն էլ հնարավորություն կտա համագործակցել մեր երկու երկրների տարածքներում միջուկային էներգաբլոկների կառուցման, դրանց անվտանգ շահագործման եւ տեխնիկական ցուցանիշների բարելավման, ռադիոակտիվ թափոնների վերամշակման եւ պահպանման, ԱԷԿ—ների անվտանգության ապահովման նորմատիվ—տեխնիկական փաստաթղթերի մշակման, միջուկային եւ ճառագայթային անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանության, բժշկության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության բնագավառներում միջուկային նյութերի ու տեխնոլոգիաների կիրառման, փորձի փոխանակման, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման բնագավառներում, գիտության եւ տեխնիկայի բնագավառում հիմնարար ու կիրառական հետազոտությունների զարգացման, ինչպես նաեւ հասարակությանը ատոմային էներգիայի օգտագործման մասին տեղեկացնելու հարցերում»,—ասաց Ա. Մովսիսյանը։ Համաձայնագրի ստորագրումով նախատեսվում է, որ ատոմային էներգիայի բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցությունը կծառայի ատոմային էներգիայի միայն խաղաղ նպատակներով օգտագործմանը։ Փոխգործակցության ընթացքում երկու երկրներն առաջնորդվելու են ՄԱԿ—ի 1968թ. «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի սկզբունքներով եւ պարտավորվում են չօգտագործել փոխանցվող սարքավորումները, նյութերը եւ երկակի նշանակության տեխնոլոգիաները կամ դրանցից վերարտադրված ցանկացած կրկնօրինակը միջուկային պայթուցիկ սարքավորումների հետ կապված ցանկացած գործունեությունում եւ չվերաարտահանել այդ առարկաները երրորդ երկրներ՝ առանց մյուս կողմի գրավոր համաձայնության։ Բանախոսը հավելեց նաեւ, թե Հայաստանի կամ Բելառուսի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության փոխանակում չի արվի։ hhpress.am
Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ
|