Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը տիկնոջ հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Մատենադարան։ Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը։
«Թումո» կենտրոնում նրան ցուցադրել են կենտրոնի սաների եւ ուսուցիչների ստեղծած հակակոռուպցիոն խաղը։
Դոդոնը կենտրոնի աշակերտների հետ խաղ է խաղացել եւ հասցրել է մի «կոռուպցիոների բռնել»։
Նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել ծրագրերի եւ նախագծերի հետ։ Նրան հետաքրքրել են այդ կենտրոնի կազմակերպման եւ ֆինանսավորման հարցերը։
Նա նշել է, որ «Թումո» կենտրոնի փորձը հետաքրքիր կլինի կիրառել նաեւ Մոլդովայի երիտասարդների համար։
Մատենադարան այցի ընթացքում Մոլդովայի նախագահը եւս մեկ անգամ արտահայտել է իր հիացմունքը տեսածի վերաբերյալ։ «Պետք է նշեմ, որ հիացած եմ այն ամենով, ինչ կապված է երիտասարդների բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում ունեցած գիտելիքների հետ, իսկ այն, ինչ կապված է հայ ժողովրդի պատմության հետ, ապացուցում է հայ ժողովրդի մեծությունը»,– ասել է նախագահը։
|