Հայկական արտադրության հագուստը հաջողություն է գտնում միջազգային շուկայում
Եթե տարիներ առաջ տեղական հագուստի մասին խոսում էինք ոչ այնքան մեծ խանդավառությամբ՝ նախապատվությունը տալով միջազգային ապրանքանիշերին, ապա վերջին շրջանում քիչ չեն առեւտրային կենտրոնները, որոնք բացառապես ներկայացնում են հայկական արտադրության հագուստ ու կոշիկ։ Շատ ենք հանդիպում հայկական տաղավարների, որոնցում բավական հետաքրքիր մտահղացմամբ առանձնահատուկ դիզայնով հայ արտադրողները նոր շունչ են հաղորդում հայկական հագուստին՝ համադրելով միաժամանակ որակն ու ճաշակը։ Թեպետ ասում են «ճաշակին ընկեր չկա», սակայն երբ խոսքը վերաբերում է հայկական նորաձեւ հագուստին, ապա կարելի է համարել, որ վերջին շրջանում հայրենական հագուստ արտադրող ընկերություններն սկսել են միջազգային հանրությանը, ինչու չէ, նաեւ նոր ճաշակ թելադրել։
Տարիներ ի վեր, բացի թանկարժեք ու հայտնի միջազգային ապրանքանիշերից, Հայաստան են ներկրվել չինական ու թուրքական արտադրության հագուստ ու կոշկեղեն, որոնք իրենց մատչելիությամբ (որակի մասին չենք խոսում) հեղեղել են շուկան՝ այլընտրանք չթողնելով հայ սպառողին։ Բնականաբար, արտաքին տեսքից աչք շոյող, բայց ցածրարժեք հագուստին հայ սպառողն ավելի հեշտ է գումար վճարում, քան հայկականին։
Պետություն—մասնավոր հատված համագործակցության շնորհիվ հայրենական շուկա մուտք գործեցին հայրենական արտադրողներ, եւ տարիների ընթացքում վերաբացվեցին, վերագործարկվեցին կամ նոր գործարաններ ստեղծվեցին՝ զարկ տալով տեքստիլ արդյունաբերությանը։ Հայկական արտադրության հագուստն ու կոշիկը դարձան ներքին շուկայի համար մրցունակ, քանի որ շատ ընկերություններ կարողացան նոր թրենդային ոճի պահանջարկված հագուստ՝ վերարկուներ, որակյալ բաճկոններ եւ այլն արտադրել, իսկ հայրենական արտադրության կոշիկն այսօր նախընտրելի է սպառողի համար, եւ, կարելի է ասել՝ գնորդն ավելի շատ հակված է տեղական կոշիկի համար բարձր գին վճարել։
Ի՞նչ ունենք այսօր։ Առկա մրցակցության շնորհիվ, ինչպես նաեւ ԵԱՏՄ—ին անդամակցությունը նոր հնարավորություններ ստեղծեցին հայ արտադրողների համար։ Մասնավորապես, եթե հագուստի արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան, 2017 թ. կազմել է 133 մլն դոլար, ապա 2018—ին արձանագրվել է 211 մլն դոլար։ Այս ցուցանիշն աննախադեպ է համարում ՄԱԿ—ի արդյունաբերության զարգացման (ՅՈՒՆԻԴՕ) կազմակերպության արտահանման գծով համակարգող Արաքսյա Գրիգորյանը։ «ՀՀ»—ի հետ զրույցում նա ասաց, որ Հայաստանում առաջին անգամ արտահանված հագուստը գերազանցել է ներկրվածին, ինչը վկայում է, որ հայկական հագուստն աստիճանաբար դառնում է գրավիչ ու մրցունակ միջազգային շուկայի համար։
«Վերջին տարիներին հագուստի եւ տեքստիլ արտադրության մեջ մեծ ներդրումներ կատարվեցին պետություն—մասնավոր հատված համագործակցության արդյունքում, ինչի շնորհիվ արտադրանքի ծավալները զգալիորեն բարձրացան։ 2019 թ. ունենք վիճակագրություն այն մասին, որ առաջին անգամ արտահանումն ավելին է ներմուծումից։ Այս ամենին խթանող գործոնները մի քանիսն են։ Երբ կատարվեցին ներդրումներ, եվրոպական երկրներից գործընկերներ հրավիրվեցին Հայաստան եւ իրենց փորձը փոխանցեցին հայ արտադրողներին։ Որոշ արտադրատեսակների մեջ այսօր եվրոպական ներուժն է արտացոլված, բարձրաճաշակ դիզայնը, բարձր որակը։ Տեքստիլ արդյունաբերության 86 տոկոսից ավելին կազմում է հագուստի մասնաբաժինը»,–ասաց նա։
Ինչու՞ է հայրենական արտադրանքը գրավիչ դառնում միջազգային շուկայում՝ տիկին Գրիգորյանն այն պայմանավորում է նաեւ լոգիստիկ գործոնով. «Կարեւոր է պատվիրատուի երկրի տարածքային հասանելիությունը, քանի որ պատվերը տալուց 3 օր հետո կարող են ապրանքն ստանալ։ Կա նման միտում հագուստի արտադրության մեջ, երբ պատվիրատուն գերադասում է տարածքային առումով մոտիկ պետության հետ փոխգործակցություն սկսել։ Բացի այդ, Հայաստանում զարգանում է նախագծային կոնստրուկտավորումը, որոշ ձեռնարկություններ կարողանում են աշխատել, տիրապետել նաեւ այս գործընթացին, ինչը դառնում է մրցակցային առավելություն»։
Բացի այդ, այս ցուցանիշը պայմանավորված է նաեւ հայկական ընկերությունների ավելացմամբ եւ ստեղծված մրցակցությամբ։ Շատ խոշոր ընկերություններ այսօր պետության կողմից արտոնյալ հարկային պայմաններով աշխատելու հնարավորություն են ստանում, ինչը թույլ է տալիս տնտեսած ազատ միջոցները ներդնել արտադրության ծավալների ավելացման գործում։
Ըստ Արաքսյա Գրիգորյանի՝ տեղական հագուստի արտադրության հեռանկարները բավական լավատեսական են, յուրաքանչյուր տարի նոր ընկերություններ են բացվում, եւ նրանց արտադրանքը մրցունակ է դառնում նաեւ ներքին շուկայում։ Չի բացառվում, որ առաջիկայում հայ սպառողն սկսի միայն տեղական հագուստից օգտվել՝ համոզվելով, որ «Արտադրված է Հայաստանում» մակնշված արտադրանքն առավել ոճային ու թրենդային է։ Ներքին շուկայում տեղականի սպառումն ավելացնելով՝ կնպաստենք նաեւ հայրենական արտադրության հագուստի եւ, առհասարակ, տեքստիլ արդյունաբերության զարգացմանը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am
|