Երեկ Բրյուսելում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Սայմոն Քովենի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ—իռլանդական հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ։
Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական համագործակցության խորացման կարեւորությունը։
Հանդիպման ընթացքում արծարծվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը, երկկողմ փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան—ԵՄ հարաբերություններին, մտքեր փոխանակվեցին Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ։
***
Երեկ Բրյուսելում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ։
Հանդիպման ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան հայ—իսպանական հարաբերությունների օրակարգային հարցերին, կարեւորեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության առավել խորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել դրան։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը եւ Ալֆոնսո Դաստիսը կարեւորեցին քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։
Նախարար Ալֆոնսո Դաստիսը ներկայացրեց Կատալոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված վերջին զարգացումները եւ լուծումներ գտնելուն ուղղված քայլերը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ Հայաստան—ԵՄ հարաբերությունների, Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի, ինչպես նաեւ Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ։
|