Նախօրեին ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների, իսկ հոկտեմբերի 23—ին արդեն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության խորհրդարանական քննարկումների ու քվեարկության հանդեպ ԱԺ—ի ամենամեծ խմբակցության՝ ՀՀԿ—ի դիրքորոշումը ավարտին հասցրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման շուրջ նույնիսկ տեսական բանավեճը։ ՀՀԿ—ն աներկբայելիորեն ցույց տվեց, որ նախանձախնդիր չէ պետակառավարման համակարգի մի շարք կարեւոր հարցերի լուծումներ գտնելու գործում՝ հաշտված խորհրդարանի արձակման փաստի հետ։ Ըստ էության, ՀՀԿ—ն, հրաժարվելով մասնակցել ԸՕ—ի վերափոխմանը, ոչ թե խնդիր ստեղծեց գործադիր իշխանության համար, այլ հարվածեց 2—4—րդ տեղերին հավակնող ուժերին՝ վերջիններին զրկելով ապագա խորհրդարանում հայտնվելու ռեալ շանսից։ Իսկ ահա ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության փաստացի տապալմամբ՝ ՀՀԿ—ն հրաժարվեց պետական կառավարման համակարգի պատշաճ ֆունկցիոնալիզացիան ապահովելու քաղաքական պատասխանատվությունից ու հանրային պարտավորության կատարումից։
ԸՕ—ի փոփոխությունները, ըստ էության, անհրաժեշտ էին 7—րդ գումարման Ազգային ժողովի կազմի բազմազանության ապահովման համար։ Գրեթե հաստատ է, որ առաջիկա շրջանում իշխանության վարկանիշը էականորեն չի նվազելու, եւ Երեւանի ավագանու ընտրությունների պատկերը կրկնվելու է համապետական մասշտաբով։ Այս տեսանկյունից ԸՕ—ի վերափոխումների խափանումը որեւէ լուրջ ազդեցություն չի ունենա ԱԺ—ի նոր մեծամասնության ձեւավորման վրա, այսինքն՝ «Իմ քայլը» դաշինքը, ըստ էության, առարկայական դժվարությունների չի բախվելու։ Այդուհանդերձ, լուրջ խնդիր են ունենալու մյուս քաղաքական ուժերը, որոնք սեպտեմբերի 23—ի ընտրություններին անակնկալի եկան։ Այսժամ անցողիկ շեմը հաղթահարեց միայն մեկ կուսակցություն՝ այն էլ 1 տոկոսի տարբերությամբ, 3—րդ հորիզոնականը զբաղեցրած ուժը չհաղթահարեց անցողիկ շեմն ու ԱԺ—ում հայտնվեց միայն օրենքի ուժով, իսկ մնացածների վարկանիշը տատանվում էր 1 տոկոսի սահմաններում։ Մինչդեռ ԸՕ—ի բարեփոխումների միջոցով նախ հանարավորություն էր առաջացել իջեցնել անցողիկ շեմը, ԱԺ—ում նախատեսել առնվազն 4 քաղաքական ուժերի ներկայություն եւ այլն։ Այդժամ խորհրդարանը կհավակներ ներառել տարբեր քաղաքական գաղափարաբանություններ կրող ուժերի եւ առաջին հաստատուն քայլերն իրականացնել քաղաքական մարմին դառնալու հարցում։ Սակայն գործող օրենսգրքով անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների պարագայում, թեպետ ընդդիմությունն օրենքի ուժով ներկայացված է լինելու 30 տոկոս համամասնությամբ, սակայն, հաշվի առնելով առաջին հերթին հոկտեմբերի 2—ի «օպերացիան», հստակորեն չի նշմարվում, թե բոնուսային մանդատները ում միջեւ են բաշխվելու։ Արդյունքում՝ խորհրդարանում կտեսնենք ընդդիմություն—իշխանություն 70—30 համամասնություն, սակայն ոչ՝ առանձին քաղաքական գաղափարական ուղղություններ ներկայացնող խմբակցություններ։
Նախագահի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը նույնպես, փաստորեն, տապալվեց ՀՀԿ—ի բոյկոտի արդյունքում։ Չմասնակցելով ՍԴ դատավորի ընտրությանը՝ ԱԺ—ի ամենամեծ խմբակցությունը նախ ցույց տվեց, որ այդ ընտրությունն իր քաղաքական առաջնահերթությունների մեջ չկա։ Այսինքն՝ ՍԴ կազմի թերի լինելը չի հետաքրքրում 10 տարի ՀՀ—ի իշխանությունն իրացրած ուժին։ Դժվար է հիշել նախկինում որեւիցե նմանօրինակ ընտրություն, երբ ՀՀԿ—ն նախընտրեր «պասիվությունը»։ Կարելի է ասել, որ ԱԺ—ի ամենամեծ քաղաքական ուժը հրաժարվում է խորհրդարանի աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու իր պատասխանատվությունից։ Իսկ ՀՀԿ—ն այդ պատասխանատվությունը ստանձնել էր, կուսակցության անդամների բնորոշմամբ, 2017թ. ընտրություններում։ Այսօր, սակայն, ստացվում է, որ իրավիճակային շահերով պայմանավորված՝ ՀՀԿ—ն հրաժարվում է օրենսդիր մարմնի աշխատանքների իրականացման համար 2017թ. «հանրությունից ստացած» մանդատից։ Իսկ մի՞թե սա պատվարժան դիրքորոշում ու կեցվածք է այն քաղաքական ուժի կողմից, որը հպարտանում է առնվազն 10—ամյա կառավարմամբ։ Սակայն ՀՀԿ—ն ծանակեց նաեւ իր՝ քաղաքական ուժի կարգավիճակը, քանի որ փաստացի բոյկոտեց ԱԺ—ի աշխատանքները՝ առանց այդ բոյկոտը քաղաքական տեքստով բացեիբաց ներկայացնելու եւ հիմնավորելու։ Սա էլ արդեն հանրային պատասխանատվությունից ճողոպրելու քայլ էր։
Այսպիսով, ՀՀԿ—ի երկօրյա վարքագիծը բնորոշ էր քաղաքական լուսանցքում հայտնված եւ դրա համար վրեժխնդիր լինել փորձող շրջանակին։ Խուսափելով քաղաքական պատասխանատվությունից՝ ՀՀԿ—ն միաժամանակ փաստացիորեն վայր դրեց ԱԺ—ում իր լիազորությունները։ ՀՀԿ—ի այսօրինակ վարքը նախ եւ առաջ հարված էր իր հետ նախկինում համագործակցող ուժերին, որոնք ԱԺ—ում չհայտնվելու լուրջ խնդրի առաջ են կանգնած, ապա՝ ընտրական գործընթացի կազմակերպմանը եւ վերջապես՝ Հայաստանի պետակառավարման համակարգի բնականոն գործունեությանը։ Ձեռքերը լվանալու եւ ոչ թե իշխանությանը, այլ արդեն իսկ պետության նորմալ կենսագործունեությանը վնասելու նմանօրինակ վարքագծով ՀՀԿ—ն իրեն անդառնալիորեն մարգինալ դարձրեց։ hhpress.am
Նժդեհ ՀՈՎՍԵՓՅԱՆ
|