ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 15 » Հնարավորությունները պետք է օգտագործել /Ներկայացվել է «Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույցը»/
09:24
Հնարավորությունները պետք է օգտագործել /Ներկայացվել է «Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույցը»/

 

Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ, որպես անկախ պետություն, հայտնվել է հերթական՝ 4—րդ արդյունաբերական հեղափոխության շրջափուլում։ Մեր երկրի առջեւ բացվող հեռանկարները, ինչպես նաեւ հնարավոր մարտահրավերները ներկայացված են «Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույցում», որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ։ Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Զեկույցը պատրաստվել է «Ի—Վի Քոնսալթինգ» ընկերության եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի համատեղ ջանքերով։ Այն համակողմանի վերլուծում է Հայաստանի տնտեսական կատարողականը, բեկումնային տեխնոլոգիաների տարածման ազդեցությունը եւ Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները։ Զեկույցը նպատակ ունի նպաստել պետություն—մասնավոր հատված երկխոսությանը՝ մեր երկրի տնտեսության վերափոխման օրակարգը ձեւավորելու եւ տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց շարժվելու համար։ Այն ներառում է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներով մի շարք նախաձեռնությունների առաջարկներ կրթության, խրախուսման մեխանիզմների, ենթակառուցվածքների եւ ֆինանսավորման ուղղություններով։
Շնորհակալություն հայտնելով զեկույցը պատրաստելու համար՝ ՀՀ վարչապետն իր ելույթում լավ ավանդույթ համարեց անկախ հետազոտական կենտրոնների կողմից Հայաստանի սոցիալ—տնտեսական կյանքին առնչվող տարբեր օրակարգային խնդիրների վերաբերյալ վերլուծությունների եւ առաջ շարժվելու ճիշտ բանաձեւը գտնելու շուրջ նման հարթակներում քննարկումները։ Կ. Կարապետյանը նշեց, որ 4—րդ արդյունաբերական հեղափոխությունն այսօր գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է, եւ ներկայացվող զեկույցում անդրադարձ է արվում եւ ստեղծվող հնարավորություններին, եւ ռիսկերին։
«Մենք բաց ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, եւ մեզ համար շատ ակտուալ է հասկանալ եւ ձեւակերպել՝ ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա 4—րդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա, եւ մենք այսօր ինչ պետք է անենք՝ նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու եւ առավել եւս դրա դրական արդյունքներից եւ հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար»,–ասաց ՀՀ վարչապետը։
Գործադիրի ղեկավարի խոսքով, ակնհայտ է, որ զարգացման հետեւանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, եւ տեխնոլոգիան փոխարինելու է շատերին իրենց աշխատատեղերում։ Ընդ որում, դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտների, ինչպիսին է, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումների, այլ նաեւ այլ ոլորտների վրա, ինչպիսիք են, օրինակ, խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական ինտելեկտը մարդու փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ կամ նույնիսկ ֆինանսների կառավարման ոլորտը, որտեղ եւս տեխնոլոգիան կփոխարինի մարդուն. «Մենք ունենալու ենք նոր հմտություններ եւ գիտելիքներ ձեռք բերելու կարիք։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է ճիշտ կանխատեսել ապագայի մասնագիտությունների այն ամբողջությունը, որին մենք, արդեն այսօրվանից սկսած, պետք է պատրաստենք մեր քաղաքացիներին՝ տեխնոլոգիաների ներմուծումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար։ Սա մեզանից պահանջում է համակարգային մոտեցում, եւ կրթական համակարգն այստեղ առաջնագծում է։ Վերջապես, 4—րդ արդյունաբերական հեղափոխությունն իր հետ բերում է նաեւ ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն՝ ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա. ստեղծի՛ր բազմազանություն, ընտրի՛ր եւ բազմացրո՛ւ»։
Կ. Կարապետյանի համոզմամբ, այս հեղափոխությունը ներկայացնում է հսկայական հնարավորություններ եւս։ Առաջադրվող մարտահրավերներին արագ ադապտացումը Հայաստանին հնարավորություն կտա որակապես նոր դեր ստանձնելու ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարթակներում։ ՀՀ վարչապետն անդրադարձավ այս ուղղությամբ կառավարության ծրագրերին եւ անելիքներին. «Համապատասխան միջավայր ձեւավորելու դեպքում մենք կարող ենք հասնել մրցունակության, արդյունավետության, արտադրողականության բարձրացմանը եւ էապես խթանել նոր տաղանդների բացահայտումը եւ նրանց ներկայությունը բոլորովին նոր շուկաներում ու հարթակներում։ Սա պետք է մեզ հնարավորություն տա հասկանալու մեր տեղն ու դերը, ինչպես նաեւ հնարավոր օգուտները ձեւավորվող այս նոր իրականության մեջ։ Հարկ եմ համարում անդրադառնալ, թե ինչ քայլեր են այսօր կատարվում կամ նախատեսվում են կատարվել կառավարության կողմից զեկույցում բարձրացվող հարցերի համատեքստում»։
Առաջինն, ըստ Կ. Կարապետյանի, վերջերս ընդունված կառավարության ծրագրով նախատեսվել է նորարարության զարգացման ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակում, որը հնարավորություն կտա ունենալու հստակ եւ երկարաժամկետ ծրագիր՝ նորարարությունը եւ նորարար տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար։ Երկրորդը՝ մշակվելու են հստակ մեխանիզմներ՝ բիզնեսների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը խթանելու համար. «Երրորդ՝ ներգրավելու ենք վերազգային առնվազն երկու կազմակերպություն՝ հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձեւավորման նպատակով։ Չորրորդը՝ ինովացիոն էկոհամակարգի ձեւավորման տեսանկյունից ստեղծելու ենք նոր տեխնոլոգիական կենտրոններ, ինչը հնարավորություն կտա խթանելու Հայաստանում ինժեներական բիզնեսն ու կրթությունը, բարելավելու ինովացիոն ենթակառուցվածքները եւ նպաստելու գիտելիքների առեւտրայնացմանը։ Հինգերորդ՝ խթանելու ենք գիտության եւ մասնավոր հատվածի համագործակցությունն ու գիտության առեւտրայնացումը։ Սա, թերեւս, ինովացիայի խթանման ամենադասական մեխանիզմներից է»։
Հստակ հասկանալով եւ գիտակցելով, որ այս ոլորտում բեկումնային զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է պետության եւ մասնավոր հատվածի ռեսուրսների մոբիլիզացիա՝ կառավարության ծրագրով նախատեսվել է պետություն—մասնավոր համագործակցության մեխանիզմների կիրառմամբ ստեղծել եւ զարգացնել տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր եւ իրականացնել հստակ ծրագրեր։ Սա վեցերորդ կետն է։ Կ. Կարապետյանը շեշտեց, որ այստեղ կառավարությունն ունի գործընկերների մի մեծ բանակ, ե՛ւ Հայաստանից, ե՛ւ սփյուռքից, ե՛ւ օտարերկրյա գործընկերներ, ովքեր հայաստանյան կրթության մեջ կատարում են ներդրումներ եւ բերում են նորանոր ծրագրեր, տեխնոլոգիաներ եւ լուծումներ. «Յոթերորդը՝ վերանայում ենք մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաեւ մշակում ենք կրթության զարգացման հայեցակարգը, որտեղ հատուկ ուշադրություն ենք դարձրել մի շարք հմտությունների զարգացման վրա, որոնց մեջ առկա են նաեւ զեկույցով նշված մետահմտությունները։ Ութերորդ՝ արդեն մի քանի աշխատանքային այցելություն է կազմակերպվել բլոկ—շղթա (blockchain) տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար, որտեղ մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել ՀՀ կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները։ Վերջապես իններորդը. ծրագրով հայտարարել ենք, որ մեզ համար առանձին գերակայություն է լինելու թվայնացումը։ Այն պետք է նախադրյալներ ստեղծի մեր տնտեսության եւ մեր կյանքի տրանսֆորմացիայի համար, որտեղ կհասնենք արդյունավետության, մրցունակության, արտադրողականության եւ թափանցիկության բարձրացմանը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում»։
Կ. Կարապետյանի համոզմամբ, այս ամենը նաեւ ենթադրում է ֆինանսավորման ճիշտ, երբեմն նորարար մեխանիզմների ձեւակերպում եւ խելացի կիրառում. «Կառավարությունը հստակ գիտակցում է սա, եւ այս կետին մենք առանձին անդրադառնալու ենք նշված ռազմավարությունների մշակման ժամանակ»։
Վարչապետը նշեց նաեւ, որ զեկույցը լայնորեն օգտագործվելու է կառավարության օրակարգում գտնվող հարցերը քննարկելու եւ դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու ժամանակ։ Նա հորդորեց գործարար եւ գիտական հանրությանը ծանոթանալ զեկույցին՝ ուշադրություն դարձնելով այնտեղ բարձրացված հարցադրումներին եւ զարգացման ուղղություններին. «Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ավելի ակտուալ կլինենք»։


Հայաստանը՝ բարդ խնդիրների ստեղծագործ լուծումների կենտրոն
 

Ներկայացնելով «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցում» նշված դրույթները՝ «Ի—Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը տեղեկացրեց, որ հերթական զեկույցում վերլուծվել է Հայաստանի տնտեսական կատարողականը 15, իսկ որոշ չափողականություններով՝ նաեւ 25 տարվա ընթացքում։ Բայց այս տարվա զեկույցի հիմնական թեման 4—րդ արդյունաբերական հեղափոխությունն է եւ Հայաստանի համար բացվող հնարավորություններն ու ռիսկերը։
«Այս հեղափոխությունը բնութագրվում է մի շարք, այսպես կոչված, բեկումնային տեխնոլոգիաներով, որոնք արմատապես փոխում են մարդկային կյանքը, հասարակությունները, տնտեսության կառուցվածքը։ Փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ անհատները, կազմակերպությունները եւ կառավարությունները դժվարությամբ են կարողանում հարմարվել արագ փոփոխվող պայմաններին։ Հայաստանի համար բացվում է ոչ գծային զարգացման հնարավորություն. մենք գնահատել ենք բեկումնային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներում։ Մեր գնահատմամբ, դա կարող է կազմել տարեկան մինչեւ 220 մլն ԱՄՆ դոլար, սակայն, իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի էական փոփոխություններ տեղի ունենան եւ տնտեսական միավորների վարքագծում, եւ տնտեսական քաղաքականության մեջ»,— փաստեց փորձագետը։
Մ. Հերգնյանի խոսքով, Հայաստանը կարողանում է որոշակի ուղղություններով տալ համաշխարհային մակարդակի հետազոտական արդյունք, մասնավորապես՝ ֆիզիկայի եւ աստղագիտության բնագավառներում։ Սակայն մենք հետ ենք մնում հետազոտական արդյունքի առեւտրայնացման տեսանկյունից. «Մեզ համար հետաքրքիր հնարավորություններ են բացվում կապված այն հանգամանքի հետ, որ ՏՏ ոլորտը, որպես ամենադինամիկ զարգացող բնագավառներից մեկը, այժմ նաեւ կարողանում է ձեւավորել կարողություններ բեկումնային տեխնոլոգիաներում։ Դրանք են, օրինակ, արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը, բլոկ—շղթա տեխնոլոգիաները, եռաչափ տպագրությունը, գենոմիկան եւ այլն։ Մենք տեսնում ենք հնարավորություն՝ Հայաստանը դիրքավորելու, որպես բարդ խնդիրների ստեղծագործ լուծումների կենտրոն։ Դրա նախադրյալներն առկա են թե մեր գիտատեխնիկական ժառանգության տեսանկյունից, թե հաշվի առնելով այն, որ ներկայումս որոշ հետաքրքիր զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում, նաեւ՝ հավակնության այն մակարդակի առումով, որը դնում ենք մեր առջեւ։ Սա մեզ համար հնարավորություն է, եւ պետք է կարողանանք դրանից օգտվել»։
Ընկերության տնօրենի համոզմամբ, ներկայումս ողջ աշխարհը հայտնվել է շատ ռիսկային իրավիճակում։ Օրինակ, համաձայն վերջին վերլուծություններից մեկի, ԱՄՆ աշխատատեղերի 47 տոկոսը վտանգի տակ է՝ կապված ավտոմատիզացիայի, արհեստական բանականության ու ռոբոտաշինության զարգացման հետ։ Բնականաբար, Հայաստանը այս ամենից զերծ չէ. «Մեզ եւս սպառնում են նման վտանգներ։ Որքան բարձրանում է արտադրողականությունն, այնքան նվազում է աշխատուժի կարիքը։ Դա նշանակում է, որ մեր տնտեսական աճի տեմպերը շատ ավելի արագ պետք է լինեն, որպեսզի կարողանանք կլանել ավելցուկային աշխատուժը։    Հայաստանն ունի նաեւ յուրահատուկ տարածաշրջանային անվտանգային ռիսկեր, սակայն տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից դա պետք է վերածել առավելության, քանի որ խթան է՝ զարգացնելու համար բարձր տեխնոլոգիական արտադրությունը ռազմարդյունաբերության ոլորտում»։
Մ. Հերգնյանը նկատեց, որ համաշխարհային մրցունակության ցուցիչում Հայաստանը սկսել է ներգրավվել 2005թ—ից. այդ ժամանակ մեր երկիրը գտնվում էր 81—րդ հորիզոնականում։ 10 տարի անց Հայաստանը գտնվում էր արդեն 79—րդ տեղում. «Այդ ընթացքում ցուցիչը մի փոքր անկում էր ապրել, այնուհետեւ բարձրացել... Պետք է հասկանալ, որ մրցունակությունը մրցավազք է, եւ, բնականաբար, մյուս երկրները եւս առաջընթաց են ապրում։ Հայաստանն իր դիրքերը որոշ ուղղություններով բարելավել է, սակայն, միեւնույն ժամանակ, այդ բարելավումները բավարար չեն եղել, որպեսզի կարողանանք մեր դիրքում դրական շարժ ունենալ։ 2017թ. եւս Հայաստանը 79—րդ տեղում է՝ երեք կետով առաջ անցնելով նախորդ տարվա ցուցանիշից»։
Մ. Հերգնյանը տեղեկացրեց, որ մրցունակության ցուցիչը գնահատելու համար հաշվի է առնվում 110 գործոն։ Հայաստանի առումով դրական տեղաշարժեր են արձանագրվել ինստիտուտների, շուկաների արդյունավետության, նորարարության եւ բիզնեսի կատարելագործման մակարդակով։ Հիմնական թերություններն էլ կապված են որոշ մակրոտնտեսական ցուցանիշների՝ պարտքի բեռի, կրթության որակի, առեւտրայնացման խնդիրների հետ։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 335 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024