Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությանը, որի կազմում են նաեւ Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներ։
Ողջունելով հյուրերին եւ ընդգծելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը իրավամբ բնութագրվում է որպես ռազմավարական եւ դաշնակցային՝ հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկկողմ հարաբերություններն առանձնանում են մշտական ակտիվ քաղաքական երկխոսությամբ, արտաքին քաղաքական կոորդինացման բարձր մակարդակով, արդյունավետ աշխատանքով միջազգային հարթակներում, շատ լավ համագործակցությամբ տնտեսության, ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաեւ հումանիտար ոլորտներում։
Հարաբերությունների նման բարձր մակարդակը, նախագահի խոսքով, երկու բարեկամ երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի եւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20—ամյակի տարում, եւ այդ հարաբերությունների հիմքում ընկած է ոչ միայն գործադիր, այլ նաեւ օրենսդիր մարմինների մակարդակով սերտ համագործակցությունը։ Նախագահ Սարգսյանը մեծապես կարեւորել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու պայմաններում միջխորհրդարանական համագործակցության նշանակությունը։
Նախագահը հայ—ռուսական բազմակողմ գործընկերության կարեւոր բաղկացուցիչ է համարել նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Միասնական Ռուսաստան» կուսակցության միջեւ սերտ համագործակցությունը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջկուսակցական կապերը զգալի ներդրում են ունենում միջպետական եւ միջխորհրդարանական շփումների, երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում։ Նրանք գոհունակությամբ են խոսել նաեւ ՀՀԿ եւ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների միջեւ զարգացող համագործակցության մասին։
Պատվիրակությունը գլխավորող «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը նշել է, որ Հայաստանում իրականացվող բավականին իմաստուն եւ կշռադատված քաղաքականությունն այսօր թույլ է տալիս առավելագույնս օգտագործել զարգացման այն ներուժը, որն ունի հանրապետությունը։
Նա ընդգծել է, որ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների եւ համագործակցության զարգացման «ե՛ւ, ե՛ւ»–ի, այլ ոչ թե «կա՛մ, կա՛մ»—ի քաղաքականությանը։ Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ—ի եւ ԵՄ—ի հետ, ուստի, ըստ Սերգեյ Ժելեզնյակի, բոլոր այն տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական եւ իշխող քաղաքական ուժի մոտեցումները։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|